Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի ղեկավար, գեներալ- մայոր Դանիել Բալայանը այսօր լրագրողներին ասաց, որ Ադրբեջանի զինված ուժերում առկա իսրայելական արտադրության ԱԹՍ-ները բավականին լուրջ ծրագրավորված զենք են: Դրանք ամբողջովին կարող են ավտոմատ ռեժիմով կատարել իրենց խնդիրները: Սակայն դրանք խոցվել են մեր ՀՕՊ զորքերի հմտության շնորհիվ:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ճի՞շտ է, արդյոք այն տեղեկությունը, թե թշնամու մի ԱԹՍ ամբողջովին անվնաս հայտնվել է մեր ձեռքում: «Այո, ճիշտ է: Հիմա այդ սարքի հետ համապատասխան աշխատանքներ են կատարվում: Եվ դա փաստ է»,-մեկնաբանեց գեներալը:
Մեր երկրորդ հարցին, թե ըստ տեղեկությունների, հայկական կողմը նույնպես կիրառել է սեփական արտադրության ԱԹՍ-ներ: Դրանցից որեւէ մեկը թշնամու կողմից խոցվե՞լ է, գեներալ Դ. Բալայանը պատասխանեց. «Հստակ տեղեկացնում եմ, որ մեր կիրառած ոչ մի անօդաչու սարք հակառակորդի կողմից չի խոցվել: Մեր սարքավորումներն աշխատել են թե ցերեկային, թե գիշերային պայմաններում եւ իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները ամբողջությամբ կատարել են»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ