Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի քննության ժամանակ «Մարտի 1»-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը ներկայացրեց դատախազներին բացարկ հայտնելու միջնորդություն:
Նա հայտարարեց, որ այս քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները չեն կարող մասնակցել գործի վարույթին, եւ պետք է հեռացվեն վարույթից, քանի որ գործով կանխակալ վերաբերմունքի դրսեւորումներ են նկատվում: Բացարկի միջնորդությունը նա հիմնավորեց այսպես՝ տուժող Սերգեյ Եղիազարյանի մասով մեղադրական եզրակացության մեջ մեղադրանք է առաջադրվել միայն տուժողի լրացուցիչ հարցաքննության հիման վրա. «Գործի նյութերում բացակայում են եւ մեղադրական եզրակացության մեջ ներգրավված չեն 2008-ի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի պատճառով տուժող Սերգեյ Եղիազարյանի հարցաքննությունների, նրա ցուցմունքների, բացատրությունների արձանագրությունները, տուժող ճանաչվելու մասին որոշումը, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը եւ այլ դատավարական գործողությունների մասին ապացույցները»: Ըստ նրա, որպես տուժող կողմ՝ Եղիազարյանը զրկված է եղել գործի նյութերին եւ փաստաթղթերին ծանոթանալու հնարավորությունից, իսկ մեղադրական եզրակացությունը հաստատել է դատախազ Պետրոսյանը:
Ասլանյանը նշեց, որ ներկայացված խախտումների հետեւանքով Եղիազարյանը զրկվել է 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ որպես տուժած անձ աջակցություն ստանալու հնարավորությունից, որովհետեւ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը եւ իրավական մարմինների՝ տուժող ճանաչելու մասին որոշումն էր պետք: Եղիազարյանի համար սահմանափակվել է սույն գործով քաղաքացիական հայց ներկայացնելու եւ վնասի հատուցման պահանջ ներկայացնելու հնարավորությունը: Տուժողն իր բացատրությունների, ցուցմունքների մեջ նշել է իր ավտոմեքենային վնաս հասցված լինելու հանգամանքի մասին, բայց տուժողի ավտոմեքենային հասցված վնասի փաստով դատաապրանքագիտական փորձաքննություն չի նշանակվել, դա մեղադրանքը հաստատող դատախազի կողմից չի դիտվել որպես խախտում:
Ասլանյանը հայտարարեց, որ դատախազ Պետրոսյանը անտեսել է տուժող Սերգեյ Եղիազարյանի իրավունքները, կանխակալ քննություն է թույլ տվել: Նա հորդորեց հեռացնել վարույթից ինչպես Պետրոս Պետրոսյանին, այնպես էլ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանին: Ասլանյանը հավելեց, որ այս գործով մինչ օրս բացահայտված չեն իրական մեղավորները, մեղադրող դատախազները պետք է տուժողի իրավունքի պաշտպանությունը ստանձնեն՝ որպես հանրային ներկայացուցիչներ, իսկ դատախազները դա չեն անում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ