Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի վիճակը վատթարանում է. պաշտպանը դիմելու է ՄԻԵԴ

Հուլիս 21,2020 14:49

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն էր, որում վերջինիս պաշտպանները դատարանին ներկայացրել են Գրիգորյանների ընտանիքին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ընկերության՝ պետական բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունների մասին փաստաթղթերը, սակայն դատարանը նախընտրել է հարցում կատարել լիազոր մարմնին եւ այդ հիմքով հետաձգել է նիստը:

Aravot.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը նշեց. «Մենք ինքներս էինք հարցումներ արել լիազոր մարմիններին, ստացել հարկային պարտավորությունների մասին փաստաթղթերը եւ ներկայացրել դատարանին, որը որոշեց, որ ինքը եւս հարցում պետք է անի: Թե դրա նպատակը որն է, դատարանին պետք է հարցն ուղղել: Ես գտնում եմ, որ դատավորի նման գործառույթն իրավաչափ չէ»:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն այս դատական նիստին եւս ներկա չէր՝ առողջական վիճակի պատճառով: Բաղդասարյանը հայտնեց, որ այսօրվա նիստում մատնանշել է խնդիրը. «Փոխանցեցի համապատասխան բժշկական տեղեկանք այն մասին, որ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները վատթարանում են: Նա հարկադիր կարգով անկողնային բուժման մեջ է: Մի անգամ էլ փաստեմ, որ նա անօգնական վիճակում է եւ բուժում չի ստանում այնքանով, որքանով վերջին հետազոտությունները փաստեցին բացասական դինամիկայի մասին: Թեեւ նա բուժվել էր, սակայն դինամիկան բացասական է, ուստի անհրաժեշտություն կա արտերկրում հետազոտվելու եւ բուժվելու»:

Մեր դիտարկմանն ի պատասխան, որ նախկինում դատարանին ներկայացվել է Գրիգորյանին արտերկիր տեղափոխելու եւ բուժելու միջնորդություն, սակայն մերժվել է, փաստաբանն ասաց. «Պատրաստվում եմ ՄԻԵԴ ներկայացնել բոլոր ապօրինությունները, որովհետեւ անձին անօգնական վիճակում թողնելը խոշտանգում է եւ դաժան վերաբերմունք»: Հավելենք, որ առաջիկա դատական նիստը նշանակվել է օգոստոսի 18-ին՝ 10:00-ին:

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթման եղանակով 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ մեղադրվում է ամուսնու եւ որդու՝ Արման Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, հափշտակությունների համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031