Ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի քննության ժամանակ քննարկվեց պաշտպանության կողմի ներկայացրած դատակոչման ենթակա անձանց ցանկի վերաբերյալ միջնորդությունը:
Օրինակ, Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանում հարցաքննելու ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին ու ՍԴ անդամներին: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ այդ միջնորդությունները, որ ներկայացվում են այս փուլում, բավարարվել չեն կարող, դատարանը պետք է դրանք թողնի առանց քննության՝ ոչ ժամանակին ներկայացված լինելու հիմքով:
Արմեն Գեւորգյանի պաշտպան Վարդգես Գեւորգյանն ասաց. «ՍԴ անդամներին դատարան հրավիրելը պարտադիր է: Նախեւառաջ Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքը՝ սահմանադրական կարգի տապալման օժանդակության հարցում հիմնված է իբրեւ ՍԴ անդամների վրա ճնշում գործադրելով, եւ նրանց ներկայությունը պարտադիր է այնքանով, որ իրականում պարզվի՝ ճնշում գործադրվե՞լ է, թե՞ ոչ: Եթե դա ցուցմունքներով պարզվի, բնականաբար, օժանդակությունը դուրս է գալիս: Ավելին ասեմ՝ նախաքննական մարմինը, փոխանակ հարցաքննի ՍԴ անդամներին ճնշելու հարցով, թե իրականում դատարանի վրա ճնշում եղել է, թե ոչ, հարցաքննել է ՍԴ-ի աշխատողների տեխնիկական հավաքարարներին, այնտեղ մի հատ պլոտնիկ է, նաեւ խոհարարին: ՀՔԾ-ի քննիչը հարցնում է՝ դուք ի՞նչ կարող եք ասել ՍԴ-ում ճնշում գործադրվե՞լ է, թե՞ ոչ, սա ուղղակի զավեշտ է: Փոխանակ հարցաքննելու դատավորներին, հարցաքննել է տեխնիկական անձնակազմին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ