«Այս տարվա երկրորդ եռամսյակը բավականին բարդ ժամանակահատված էր հայաստանյան լրատվամիջոցների համար»,- հուլիսի 21-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում առցանց ասուլիսի ընթացքում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Ըստ նրա, դա կապված էր կորոնավիրուսի և ներքաղաքական զարգացումների հետ․ «Լրագրողների աշխատանքը իսկապես բարդացել է, և մենք տեսնում ենք, որ մանավանդ էթիկայի առումով բավականին շատ են լինում լրագրողների հարցերը, թե ինչպես պետք է ներկայացվեն համաճարակի հետ կապված փաստերը։ Եվ չնայած արդեն 3-4 ամիս է, ինչ լրագրողները այս պայմաններում աշխատում են, բայց հարցերը շարունակվում են գալ։ Բացի այդ մենք պետք է հասկանանք, որ լրագրողները այն առաջամարտիկներն են, որոնք որ իսկապես շատ վտանգավոր պայմաններում են աշխատում, քանի որ անմիջական շփումների անհրաժեշտություն է եղել, և ես առիթ եմ ունեցել ասելու՝ հասարակությունը ոչ միայն բժիշկներին պետք է շնորհակալ լինի իրենց արած աշխատանքի համար, այլ նաև լրագրողներին, որոնք որ անտեսելով վտանգը, այնուամենայնիվ, իրենց պարտականությունները կարողանում են կատարել»։
Աշոտ Մելիքյանը նշեց, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում իրավիճակի վատթարացում են գրանցել։ Նա ընդգծեց, որ այդ ընթացքում գրանցվել է երկու ֆիզիկական բռնության դեպք լրագրողների նկատմամբ․ «Կրկին ոստիկանության կողմից էր, կրկին ոստիկանության կողմից լսեցինք ներողություններ։ Այնուամենայնիվ, ինչպես և նախորդ իշխանությունների օրոք փաստորեն, երբ որևէ քաղաքական ակցիայի դեմ ոստիկանական գործողություններ են իրականացվում, չգիտես՝ ինչու անպայման թիրախ է դառնում նաև լրագրողը։ Ամենայն հավանականությամբ, դա գործելաոճ է ոստիկանության կողմից։ Եվ դա ամենայն հավանականությամբ ուղղված է նրան, որ ուժային գործողությունները, որքան հնարավոր է քիչ լուսաբանվեն և տարածվեն։ Սա ենթադրություն է, բայց փաստը մնում է փաստ, որ կրկին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ կիրառվեցին՝ ի տարբերություն նախորդ եռամսյակի, երբ ֆիզիկական բռնություններ չկային»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»