Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հետաքրքիր է, թե Հայկ Ալումյանն ինչպե՞ս է նայում Միքայել Հարությունյանի՝ որպես վկա հարցաքննվելուն, եթե անձը այդ գործով մեղադրյալ է ու հետախուզման մեջ». Սեդա Սաֆարյան

Հուլիս 21,2020 14:14

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի քննությունն է: Նախորդ նիստում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց ու սկսեց թվարկել այն անձանց անունները, որոնց պետք է կանչել դատարան: Նրա ցուցակում էին ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ՍԴ անդամներ,ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Սամվել Մայրապետյանը:

Սեյրան Օհանյանի պաշտպանը միջնորդել էր դատակոչել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին, ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանին: Իսկ Խաչատուրովի պաշտպանը նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին, Վահագն Հարությունյանի անուններն էր տվել:

Այսօրվա նիստում դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ այս միջնորդությունները, որ ներկայացվում են այս փուլում, բավարարվել չեն կարող, դատարանը պետք է դրանք թողնի առանց քննության՝ ոչ ժամանակին ներկայացված լինելու հիմքով:

Իսկ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասաց. «Հետաքրքիր է, թե, ասենք, Հայկ Ալումյանն ինչպե՞ս է նայում Միքայել Հարությունյանի՝ որպես վկա հարցաքննվելու անհրաժեշտությանը, եթե անձը այդ գործով հանդիսանում է մեղադրյալ եւ նույն գործի շրջանակում գտնվում է հետախուզման մեջ: Նույնը վերաբերում է Գեւորգ Կոստանյանին, Վահագն Հարությունյանին եւ այլ հետախուզվողներին»: Սեդա Սաֆարյանը նշեց, որ Հայկ Ալումյանի միջնորդությունը ժամանակավրեպ է, դեռեւս ապացույցների հետազոտում չի կատարվել, դժվար է ասել, թե ինչ ծավալի քննություն պետք է տարվի:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն էլ հավելեց, որ ԱԺ պատգամավորներին, մասնավորապես Ռուստամյանի համար որպես վկա հարցաքննելու միջնորդությամբ փորձ են անում դահլիճ հրավիրել եւ հարցաքննել մարդկանց՝ ակնկալելով իրավամեկնաբանության հարցեր: Այդպիսի բան չի կարող լինել: Իրավունքի նորմերի մեկնաբանության մեջ բոլորս գիտենք ինչ դեր կունենա նախագծի հեղինակը, ընդունողները. «Նշված անձինք չեն կարող դատարանին հայտնել այնպիսի տեղեկություններ, որոնք վերաբերում են գործով ապացուցման առարկային, հետեւաբար նրանք չեն կարող հարցաքննվել: Գործով ապացուցման առարկան իրավամեկնաբանության հարցեր են»:

Ալումյանը պատասխանեց, որ եթե մեղադրական եզրակացության մեջ նշել են, որ ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում է գործադրվել, պետք է պարզեն, թե ո՞ր դատավորի նկատմամբ է ճնշում եղել. «Այս աստիճան վերացական ու անորակ մեղադրանք գոնե այս մասով երեւի թե դժվար է պատկերացնել: Գործը եկել հասել է այս փուլին: ՍԴ անդամները դատակոչված չեն, ոչ միայն մանրամասնած չի, թե ում նկատի ունեն: Մենք էլ միջնորդում ենք, ասում ենք՝ դատակոչենք, ասում են՝ պատճառաբանված չի միջնորդությունը, թողնենք առանց քննության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031