Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծվել է սերիական ապօրինությունների շղթա»

Հուլիս 21,2020 13:16

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը չի ընկրկում, նա որոշել է մինչեւ վերջ օրենքով պայքարել՝ ընդդեմ ապօրինությունների: «Մեդիա կենտրոնի» կազմակերպած ասուլիսի թեման էլ, նրա խոսքով, ԿԳՄՍ նախարարության՝ առերևույթ դիտավորությամբ ապօրինություններն էին եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ճակատագիրը: Ռուբեն Հայրապետյանն ասուլիսում հայտարարեց, որ ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծվել է սերիական ապօրինությունների շղթա` հին համակարգը վերարտադրելու նպատակով, եւ այդ ապօրինությունները մեկը մյուսից ավելի զարհուրելի են ու դիտավորությամբ կատարված:

Նա նաեւ հայտնեց, որ մինչեւ ասուլիս հրավիրելը տեղեկատվության բոլոր հնարավոր միջոցներով փորձել է կապ հաստատել պատասխանատուների հետ. «Հորդորել եմ, խնդրել, աղաչել՝ կանգ առնել ու վերջ տալ ապօրինություններին, բայց քանի որ բոլոր իմ խնդրանքներն ու պնդումներն անարձագանք են մնացել, դրա համար ասուլիս է հրավիրվել, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը տեղեկանա եւ թույլ չտա, որ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտը զոհաբերվի նեղ անձնական, խմբային շահերի սպասարկմանը»:

Ռեկտորի նախկին պաշտոնակատարն ընդգծեց, որ իրեն բացարձակապես որեւէ պաշտոն չի հետաքրքրում: Իսկ հնարավո՞ր է մասնակցի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված նոր մրցույթին, քանի որ այս մրցույթն իր համոզմամբ՝ ապօրինի է, եւ վստահ է, որ նոր մրցույթ այնուամենայնիվ կայանալու է, Ռուբեն Հայրապետյանը պատասխանում է, որ դա կախված է ուսանողների ցանկություններից:

Նա ասաց, որ կխոսի փաստարկված եւ ապացուցված ապօրինություններից՝ հնարավորինս զերծ մնալով ենթադրություններից եւ զգացմունքային գնահատականներից: Նա թվարկեց իր կարծիքով՝ ապօրինությունների ողջ շարքը. «ՀՊՏՀ գործող ղեկավարը ապօրինի է՝ առերեւույթ դիտավորությամբ, ռեկտորի ընտրության մրցույթը կազմակերպվել է ապօրինի անդամներով ԿԳՄՍ նախարարության իմացությամբ, նույն նպատակով տնտեսագիտական համալսարանում ուսանողների փաստացի ռեկետ է իրականացվել: Նախարարությունը ռեկտորի մրցույթը կազմակերպել է առանց խորհրդի նիստ հրավիրելու եւ խորհրդի անդամներին ծանուցելու, եւ վերջինը դատարանի վճռով ատենախոսությանս է վերաբերում: Ի տարբերություն վերջինի, մնացածը քրեական հանցագործության տարրեր են պարունակում»:

Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ հունիսի 29-ին ԿԳՄՍ նախարարի հրամանով տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը ապօրինաբար հանձնարարվել է Դիանա Գալոյանի նշանակած պրոռեկտորին՝ ղեկավարվելով հանրակրթության՝ դպրոցների մասին Կառավարության թիվ 1392-Ն որոշմամբ: Իր ահազանգելուց հետո էլ հայտարարվել է, թե իբր դա տեղի է ունեցել աշխատակցի անփութության հետեւանքով:

«Այն անձը, որին փորձում եք ապօրինաբար փոխանցել համալսարանի ղեկը, չեք կարող անել, որովհետեւ օրենքով սահմանված կարգով՝ նա չի համապատասխանում ռեկտորի պահանջներին: Բայց քանի որ այս մարդկանց օրենք եւ իրավունք չի հետաքրքրում, իրենք «չորով» ուզում են անցկացնել այն մարդուն, ում պետք է անցկացնել, մասնավորապես խոսքը վերաբերում է ռեկտորի նախկին պաշտոնակատարի տեղակալին՝ ուսումնական գծով պրոռեկտորին, իրենք հորինում են ավելի զավեշտալի իրավական ակտ եւ ղեկավարվում են այլ իրավական հիմքով՝ ռեկտորի գործուղում եւ արձակուրդ գնալու մասին»,-նշեց Ռուբեն Հայրապետյանը:

Նա ընդգծեց, որ քանի որ պահին գործող ղեկավարը հենց ռեկտորի պաշտոնակատարի պարտականությունների կատարողն է, եւ նրա բոլոր հրամաններն առոչինչ են, դրանով էլ պայմանավորված է ՀՊՏՀ պատմության մեջ առաջին անգամ պարգեւավճար չստանալը, քանի որ վերջինս գիտակցել է, որ ցանկացած կոպեկի մի տեղից մեկ այլ տեղ փոխանցելը քրեական պատասխանատվություն է ենթադրում:

Ի թիվս այլնի, Ռուբեն Հայրապետյանը նաեւ անդրադարձավ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի՝ ընտրությունների օրը ԴԱՀԿ-ի շենքում գտնվելուն եւ դրանից րոպեներ անց ԴԱՀԿ-ի արգելանքը հանվելուն, մրցույթի մասին խորհրդի նախագահի տեղյակ չլինելուն, նրան մրցույթ անցկացնելու համար «բերման ենթարկելուն», խորհրդի կազմին:

«Ուզում եմ հասկանալ՝ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մրցույթից մեկ ժամ առաջ ի՞նչ գործ է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը ԴԱՀԿ-ի շենքում, հիշեցնեմ, որ դրանից րոպեներ անց հանվում է ԴԱՀԿ-ի արգելանքը, եւ դրանից ժամեր անց Գրիշա Թամրազյանի մտերիմը «ընտրվում» է ռեկտորի պաշտոնում: Հովանավորչության մասին այդքան աղմուկից, մեղադրանքներից, այդքան հերքումներից հետո փոխնախարարը, ըստ մեր տեղեկությունների, այցելում է ԴԱՀԿ եւ արգելանքը դուրս է գալիս… Խորհրդի նախագահը արգելանքը հանվելու եւ մրցույթի կայանալու մասին տեղեկանում է հինգ րոպե առաջ…

Արդյոք փոխնախարարի լիազորությունների մե՞ջ է մտնում թուղթ բերել-տանելը, ԴԱՀԿ-ի արգելանքը հանելու մասին ծանուցում տրամադրելը, թե՞ այլ ազդեցություն է եղել: Ես մտածում եմ, որ միգուցե սա է պատճառը, որ փոխնախարարն իր հիմնական լիազորությունները որոշ դեպքերում շատ պասիվ է կատարում, մասնավորապես վերջերս ընդհանրապես չեմ տեսել որեւէ հանրային մեկնաբանություն՝ Բարձրագույն կրթության ոլորտի մասին՝ բարձրագույն կրթության համար մեկ պաշտոնյայից»,-շեշտեց ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը:

Նա անդրադարձավ նաեւ այն փաստին, որ որպեսզի կարողանան ոմանց արագ հրամանագրել որպես մագիստրատուրայի ուսանող եւ հնարավորություն ստանան չորս հոգու դարձնել խորհրդի անդամ, ստիպել են ուսման վարձը երկու ամիս շուտ վճարել, ինչ պատճառով ուսանողները վարկեր ու պարտքեր են վերցրել:

Ինչ վերաբերվում է ԴԱՀԿ արգելանքը հանելուն, Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ բողոքարկել է Վերաքննիչ ատյան, իսկ առաջին ատյանի դատավորին ինքնաբացարկ է հայտնվելու: Նաեւ ԿԳՄՍ նախարարության նախապես տարածած հայտարարությունից խոսեց՝ ասելով, որ նախարարությունը զբաղվում է ինքնիրավչությամբ, քանի որ որտեղի՞ց նախապես գիտեր, թե արգելանքը հանվելու է, որ հայտարարություն էր տարածել, թե ռեկտորի մրցույթը կայանալու է:

Ռուբեն Հայրապետյանը հույս ունի, որ այս շղթայի մեջ հեղափոխական ներկայացող որոշ մեղավորներ կենթարկվեն պատասխանատվության, որովհետեւ նրա ձեւակերպմամբ, ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունները չեն կարող հանդուրժել ապօրինությունները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031