Վերջին օրերին հայկական արտադրության ԱԹՍ-ները կիրառվեցին մարտական պայմաններում ու փայլուն արդյունքներ գրանցեցին, իսկ Ադրբեջանի կողմից գնված և միլիոնավոր դոլարներ արժեցող ԱԹՍ-ները ցույց տվեցին իրենց անարդյունավետությունը։ Խոցվեց անգամ անխոցելիի համբավ ձեռք բերած ադրբեջանական ուժերին պատկանող Hermes-900-ը, որը շուրջ 30 մլն դոլարով էր ձեռք բերվել։
Այս իրողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում այն երկրները, որ նորարարություններ են կատարում, զարգացնում են տեխնոլոգիական միտքը և նոր լուծումներ գտնում, առավելություն են ստանում և դառնում մրցունակ, քան այն երկրները, որոնք ուղղակի հումքի կամ էներգակիրների արտահանման վրա են «նստած»։
Եվ համավարակի տարածումն էլ փաստեց, որ հումք արտահանող երկրներն, ի տարբերություն տեխնոլոգիապես զարգացած երկրների, առավել խոցելի են։
Խնդիրն այն է, որ համավարակի արդյունքում հումք հանդիսացող տարբեր ապրանքների գները կտրուկ իջան։ Օրինակ՝ այդպիսի ապրանքներից մեկն էլ սև ոսկին էր՝ նավթը, որի գինը կտրուկ անկում արձանագրեց։ Իսկ այն երկրները, որոնց տնտեսությունները գլխավորապես հիմնված են նավթի արդյունահանման վրա, սկսեցին մեծ վնասներ կրել։
Կարդացեք նաև
Մենք ապրում ենք չորրորդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում, երբ մարդկային քաղաքակրթությունը խելահեղ արագությամբ թևակոխում է տեխնոլոգիական աննախադեպ փոխակերպումների և պատմական զարգացման որակապես նոր դարաշրջան, որը հավակնում է բովանդակային վերափոխման ենթարկել մարդկանց առօրյան ու աշխարհընկալումը:
Իսկ ներկայիս շատ արագ զարգացող և փոփոխվող աշխարհում Հայաստանն իր տեղը ունենալու համար պետք է զարկ տա իր ինտելեկտուալ ներուժի զարգացմանը, իսկ դա կարող է տեղի ունենալ կրթական համակարգում, գիտության ոլորտում և բիզնեսում նպատակաուղղված քաղաքականություն վարելու միջոցով։
Իսկ գլխավոր հարցերից մեկն այն է, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն լավագույն մասնագետների համար, որպեսզի ուղեղների արտահոսք տեղի չունենա, և նրանք իրենց ուժերը ծառայեցնեն հայրենիքի հզորացման համար։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: