Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունել իրողությունը եւ օգուտներ քաղել

Հուլիս 21,2020 10:00

Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանն ու Ռուսաստանը, պահպանելով հիմնականում բարեկամական հարաբերություններ, մշտապես ունեցել են նաեւ հակասություններ, ինչն, ի դեպ, նորմալ է ու սովորական երկու ինքնիշխան պետությունների դեպքում: Մասնավորապես, հակասություններ կային նաեւ 2008-2018 թվականներին, սակայն դրանք մակերեսին ավելի քիչ էին հայտնվում, քան հիմա, որովհետեւ Սերժ Սարգսյանի իշխանությունը շատ ավելի փակ էր եւ բյուրոկրատական, քան այսօրվանը:

Հատկապես Ռուսաստանի հետ հակասությունների սրման պահերին Հայաստանում սովորաբար ի հայտ է գալիս երկու տիպի ծայրահեղություն: Առաջինը «պաշտամունքային» է՝ «մեր միակ հույսը, լույսը, ծագող արեւը Հյուսիսում է, միաձուլվենք Ռուսաստանի հետ եւ անենք այն, ինչ այդ երկիրն է պահանջում»: Երկրորդ ծայրահեղությունը «հակառուսական» է՝ «այդ երկիրը չարիք է մեզ եւ աշխարհի համար, սպառնալիք է մեր ինքնիշխանությանը, խոչընդոտում է մեր զարգացմանը»: Երկու մոտեցումներն էլ, մեղմ ասած, բարենպաստ չեն մեր պետականության տեսանկյունից՝ մանավանդ որ 2018 թվականից հետո երկրորդ տեսակետը կրող մարդիկ ընկալվում են որպես «իշխանությանը մոտ կանգնած»:

Այստեղ, ինչպես եւ այլ հարցերում, ես առաջարկում եմ դրսեւորել չոր, պրագմատիկ, էմոցիաներից զուրկ մոտեցում: Ռուսաստանը կայսրություն է. չնայած 90-ականներին փորձ արվեց այդ երկիրը դարձնել «սովորական պետություն», այդ փորձն անհաջողության մատնվեց (նույն 90-ականների սահմանագծին կայսրությունը կորցրեց իր տարածքների կեսից ավելին, բայց մնաց կայսրություն): Նրանք, ովքեր «կայսրություն» բառի մեջ միայն բացասական իմաստ են դնում, ասեմ, որ, իմ կարծիքով, Միացյալ Նահանգները նույնպես կայսրություն է, քանի որ այդ երկրի ծրագրային հիմնական նպատակներից է ողջ աշխարհով մեկ ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ սփռելը՝ այն արժեքները, որոնք իրականում ոչ բոլոր ազգերն են դավանում:

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կայսրն է, կեսարը, ցարը՝ նույն բառի տարբեր տարատեսակներն են: «Նախագահ», «ընտրություններ», «սահմանադրություն», «խորհրդական» բառերը զուտ արտաքին շղարշ են, որով երբեմն փորձում են թեթեւակիորեն «զարդարել» այդ երկրի պետական կարգի էությունը: Այդտեղ ապրող մարդիկ, ըստ էության, ՌԴ քաղաքացիներ չեն, նրանք կայսրության հպատակներ են, եւ դրա մեջ ես դարձյալ որեւէ լավ կամ վատ բան չեմ տեսնում: Կայսրության հպատակները կարող են լինել ազգությամբ ռուս, հայ, հրեա, վրացի, չեչեն եւ այլն: Պրագմատիկ մոտեցումը կայանում է նրանում, որ Հայաստանի իշխանական եւ «մերձիշխանական» մակարդակում պետք է ոչ թե քննարկել կամ քննադատել այս իրողությունը, այլ ընդունել այն որպես փաստ: Դրանից ելնելով, գտնել կայսրության եւ մեր ինքնիշխան պետության ընդհանուր շահերը (եւ այստեղ, կարծում եմ, համագործակցության դաշտը մեծ է) եւ օգտագործել հայկական ծագում ունեցող հպատակների կապերն ու կարողությունները՝ ի նպաստ մեր պետականության:

Հայհոյելով, ծաղրելով, անիծելով ինքնահաստատվելը մանկական զբաղմունք է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Հնարավո՞ր է վերանվանել Սախարովի հրապարակը (նախկինում Ազիզբեկովի հրապարակ) ի փառս Լևոն Տ. Պետրոսյանի և Խաչատուր Աբովյանինը` Նիկոլ Փաշինյանի:
    Հնարավո՞ր է, որ հայհոյելով, ծաղրելով, անիծելով ինքնահաստատված մանկական (և ոչ միայն մանկական) «խելագարված ամբոխները» և Սերժ Սարգսյանի «թարս» աճեցրած «խըյարներ» գոչեն «դուխով» ա ՜ յո ՜…

  2. Լավատես says:

    Բնականը պետք է լինի, երբ կինն ու տղամարդը միավորվում են ու ստեղծում ընտանիք, սա տեսակը պահպանելու միակ միջոցն է, բնության յուրաքանչյուր էակ այս կերպ է իր տեսակը պահպանում, մնացած կառույցները՝ տեսակը պաշտպանելու համար են՝ ընտանիքները միավորվում են ու ստեղծում քաղաքացիական հասարակություններ, սրանք էլ միավորվում են ու ստեղծում պետություններ, պետություններն էլ միավորվում ու ստեղծում արքայություններ: Մարդը չունի բնական թշնամի, իսկ առանց թշնամու զարգացում չկա, թշնամին միշտ օգտվում է քո անառողջ, հիվանդ, թույլ կողմերից, փորձում քեզ է՛լ ավելի թուլացնել, իսկ բարեկամը միշտ օգտվում է քո առողջ կողմերից եւ փորձում է քեզ է՛լ ավելի ուժեղացնել, թշնամուն կարելի է հաղթել միայն թուլացնելով քո թույլ կողմերը եւ ուժեղացնելով քո ուժեղ կողմերը, մեզ թույլ թշնամի պետք չի, ինչքան թշնամին ուժեղ է, այնքան մենք առավել արդյունավետ ենք պայքարում սեփական անառողջ թուլությունների դեմ: Հիմա գլխավորը՝ իհարկե ասպետական օրենքներով ծանր քաշայինը թեթեւ քաշայինի հետ մարտի դուրս չի գա, բայց մարդկությունը ստեղծել է մարդկային մեղքերից կազմված կառույցներ, որոնք ասպետության հետ կապ չունեն եւ դրանց ծանր քաշայինը կարող է նեղացնել որեւէ թեթեւ քաշայինի, կա երկու տարբերակ, որոնք իրար չեն հակասում, կամ թեթեւ քաշայինին դիմել բարեկամ ծանր քաշայինի կամ էլ որն ավելի նախընտրելի է՝ բոլոր թեթեւ քաշայինները միավորվում են եւ ստեղծում ծանր քաշային կառույց, այդ դեպքում բարեկամ ծանր քաշայինն էլ կաջակցի: Մեր քաղաքական տեսանելիության տիրույթը՝ պետություններն են, իսկ դրանից բարձր՝ արքայական տիրույթը տեսանելի չի եւ դրա համար մարդկանց ասում են, թե դրանք դավադրության տեսություններ են եւ վերպետական կառույցներ չկան: Ինչպես տեսնում ենք, նույնիսկ ամենահզոր պետությունը մեծ դժվարություններով է դիմակայում անտեսանելի թշնամու արքայությանը, սա նշանակում է, որ թշնամական արքայություն կա եւ որոշ պետություններ կանցնեն թշնամի արքայություն կազմը, իսկ մենք բոլոր տեղաբնիկ ազգերով ու բնական քոչվոր ազգերով պետք է միավորվենք ու ստեղծենք մեր արքայությունը եւ արդյունավետ հաղթահարենք ու հաղթանակենք թշնամի արքայությանը նույն քաշային մենամարտում:

  3. Իրատես says:

    Միացյալ Նահանգները կայսրություն չէ, այլ գերտերություն։ Այն ունենալով բավական ռեսուրսներ պայքարում է իրեն չէ ասողների դեմ։ Ժողովրդավարությունը, ինչպես նաև թևավոր հրթիռները ընդամենը այդ պայքարի միջոցներից են։ Լավագույն ապացույցը Սաուդյան Արաբիայում և Վենեսուելայում ԱՄՆ-ի տրամագծորեն հակառակ քաղաքականությունն է։ Սաուդյան Արաբիայում չի նկատում բացարձակ միապետությունը, իսկ Վենեսուելայում եթե ընտրություններ կեղծող լինեին՝ ընդդիմությունը մեծամասնություն չէր ունենա պառլամենտում, բայց ամեն միջոցի դիմում են այդ երկրի սոցիալիստ նախացահից ազատվելու համար։ Բարի ու չար պետություններ չեն լինում։ Լինում են շահեր։ Ռուսաստանն էլ իննսունականների փլատակների վրա կառուցված երիտասարդ պետություն է, որը ինչպես Պուտինն է խոստովանել՝ դեմոգրաֆիական խնդիրների պատճարով երբեք չի կարող հասնել ԱՄՆ-ին(Չինաստանը կարող է, բայց մեզնից հեռու թեմա է դեռ)։ Այդ պատճառով պայքարում է իր շահերի համար ինչպես կարողանում է(միայն բիրտ ուժ, փողը քչություն ա անում ուրիշ մեթոդների համար)։ Մեզ պակասում է ռացիոնալ մոտեցումը մեր շահերը պաշտպանելու համար։ Չափից դուրս էմոցիոնալ ենք ու այնպես ինչպես մարդկանց ենք բաժանում չարի ու բարու, այնպես էլ պետություններին։ Բայց ժամանակակից միջպետական հարաբերություններում կա միայն շահ։ Մի ծիծաղելի անալոգիա էլ IT-ում կար 2 տասնամյակ՝ Google-ը համարում էին բարու corporation, իսկ Microsoft-ը չարի Corporation: Բայց երկուսն էլ պարզապես լավ փող աշխատող corporation էին(արժանիորեն):

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031