Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում ամենատևական տարածքային վեճերից մեկը նոր թափով է բռնկվել Կովկասյան լեռներում. Financial Times-ի անդրադարձը սահմանային լարվածությանը

Հուլիս 20,2020 23:25

Հեղինակավոր Financial Times պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ ընդգծելով, որ աշխարհում ամենատևական տարածքային վեճերից մեկը  նախորդ շաբաթ  նոր թափով է բռնկվել Կովկասյան լեռներում, ինչի հետևանքով զոհվել է 20 մարդ:

Հոդվածում նշվում է, որ փոխհրաձգությունը սկսվել է հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղից 300 կմ հյուսիս և դրդել  տասնյակ հազարավոր մարդկանց գրոհել Բաքվի խորհրդարանը՝ պահանջելով լայնամասշտաբ պատերազմ: Հանկարծակի էսկալացիան տեղի ունեցավ այն ժամանակ, երբ  և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը  պայքարում են կորոնավիրուսի տարածման դեմ. Հայաստանում, որի բնակչությունը շուրջ 3 միլիոն է, գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 35 հազար դեպք, իսկ էներգակիրներով հարուստ Ադրբեջանի տնտեսությունը զգալիորեն տուժել է նավթի գների անկումից, փաստում է հոդվածագիրը:

Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Զաուր Շիրիևը կարծում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները արդյունք չեն տալիս, ինչն էլ իր հերթին մեծացնում է լարվածությունը երկու երկրների միջազգային սահմանին: Ռուսաստանը, որը հակամարտության գլխավոր միջնորդն է և Հայաստանի մերձավոր դաշնակիցը, զսպվածության կոչ է արել երկու կողմին էլ, մինչդեռ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին և Հայաստանին մեղադրել լարվածության համար, ասվում է հոդվածում:

Financial Times-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, կռիվը դադարեցնելու արշավ էր սկսել սոցիալական ցանցերում, այն դեպքում, երբ  Ադրբեջանում  հասարակական լարվածությունը մնում է բարձր:  Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ադրբեջանում պատերազմ սկսելու պահանջով ցույցերից երկու օր անց նախագահ Իլհամ Ալիևը հեռացրել է արտաքին գործերի նախարարին, որի մասին նա ասել է՝ «ներգրավված է եղել ինչ-որ անօգուտ բանակցությունների» մեջ՝ փորձելով հնարավորություն տալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաներին ՝ օգնելու պայքարել  Ղարաբաղում համաճարակի դեմ: «Կորոնավիրուսի վերաբերյալ ի՞նչ բանակցություններ կարող ենք վարել թշնամի, պատերազմող երկրի հետ: Սա աբսուրդ է: Մենք, ի՞նչ է, համագործակցությու՞ն ենք սկսել Հայաստանի հետ»,-ասել է Ալիևը:

Պարբերականը նաև շեշտում է, որ ավելի ուշ Ալիևն ասել է՝ Ադրբեջանում բողոքի ցույցերն առաջնորդվել են ընդդիմության ակտիվիստների կողմից, որոնք, ըստ նրա, «ավելի վատն են, քան հայերը»:

Լրատվամիջոցը մեջբերում է Կարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալի խոսքերը. «Հանրային  կարծիքը շատ ավելի արմատական է, քան կարող է լինել կառավարությունը»: Թոմաս դե Վաալի կարծիքով՝ Ալիևը ապահովում է այդ ռազմատենչ հռետորաբանությունը, որին ինքն էլ , հավանաբար, չի հավատում, բայց դրանով իսկ ստեղծում է հասարակության տրամադրությունը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031