Ստամբուլի Թուզլա համայնքի փողոցներից մեկն անվանակոչվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին քննադատություններով հայտնի թուրք, իսլամական հայացքներով գրող Նուրի Փաքդիլի անունով։
Գրողը Աթաթյուրքին անվանել էր փարավոն։
Հաղորդվում է, որ դեռևս 2020թ․ հունվարին Թուզլայի համայնքապետարանի որոշմամբ պահանջվել էր Շիֆա թաղամասի փողոցներից մեկն անվանակոչել Փաքդիլի անունով։ Մինչդեռ Թուրքիայում փողոցներն անվանակոչելու լիազորություն ունեն քաղաքապետարանները։
Նախօրեին Ստամբուլի ավագանու նիստի ժամանակ քվեարկման է դրվել Թուզլա թաղամասի անանուն փողոցներից մեկը հիշյալ գրողի անունով անվանակոչելու հարցը, որը ձայների մեծամասնությամբ ընդունվել է։
Կարդացեք նաև
Կողմ են քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) և «Գորշ գայլեր» ազգայնամոլական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP), իսկ դեմ՝ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP) և ընդդիմադիր ազգայնական «Լավ» (İYİ)կուսակցություները։
Հիշեցնենք, որ Նուրի Փաքդիլը մահացել է 2019 թվականին։
Աղբյուր` cumhuriyet.com.tr. Ermenihaber.am