Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Քյավառ» հեռուստաընկերությամբ պատասխանելով մարզի բնակիչների հարցերին՝ խոսեց արտագնա աշխատողների խնդրից ու վստահեցրեց, որ մոտ 20 մլրդ դրամի աշխատանք կա անելու, շինաշխատանքների մեծ մասը դեռ չի մեկնարկել:
Բնակիչներից մեկը հարցրեց՝ ի՞նչ կասեք այն մեղադրանքների մասին, որոն հնչում են ձեր բարեկամ, հարազատ ծանոթներին առանց մրցույթի աշխատանքի ընդունելու մասին: Մարզպետը պատասխանեց, որ ընդհանրապես աշխատանքներ կան, որոնք մրցույթով են, կան, որ մրցույթով չեն. «Մենք ստեղծել ենք մի հարթակ, որտեղ մարզի բնակիչները կարող են իրենց տվյալները լրացնել, որպեսզի մենք կարողանանք այդ բազայից օգտվել եւ նրանց ընդգրկել մարզի շատ ոլորտների աշխատանքի մեջ: Որտեղ կլինի նշանակովի՝ կնշանակենք, որտեղ մրցույթ պետք է լինի, ուրեմն մրցույթով պետք է մասնակցեն:
Ինչ վերաբերում է բարեկամներին, 2 տարի է, որ ես այս պաշտոնում եմ եւ ընդամենը ունեմ մեկ բարեկամ, ով այս հատվածում աշխատանքի է տեղավորվել, բայց ուզում եմ շեշտել, որ բարեկամս ե՛ւ մասնագիտությամբ, ե՛ւ աշխատանքային երկարատեւ փորձով համապատասխանում է այն աշխատանքին, որի համար նա հիմա աշխատում է: Համոզված եմ, որոշ ժամանակ հետո կտեսնեք այն դրական արդյունքները, որն իր աշխատանքով ցույց կտա: Մյուս կողմից ես մեծ բարեկամություն ունեմ ու չի բացառվում, որ իմ բարեկամներն էլ կարող են ինչ-որ տեղ աշխատել»:
Օգտատերերից մեկը հարցրել էր, թե ինչու չեն ընդառաջում երիտասարդներին՝ աշխատանքի ընդունվել. «Ես կես տարի է՝ ձեզ CV եմ ուղարկել, ձեր բոլոր էջերին գրել եմ՝ ոչ մի պատասխան»: Քանի որ օգտատերը գրանցված էր «Ser Arm» անունով, մարզպետը հորդորեց նախ սկսել անունից. «Պետք է սկսել օգտատիրոջ անուն ազգանունից: Դրա համար նախ պետք էր ունենալ սովորական անուն ազգանուն, որովհետեւ այդ անուն ազգանունը, կարծես, ոչինչ չի ասում: Կխնդրեմ մեր հայրենակիցը ներկայանա իր անուն ազգանունով»:
Կարդացեք նաև
Գնել Սանոսյանը նաեւ հորդորեց պաշտոնական խողովակներով դիմել ու ներկայացնել ինքնակենսագրական:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ