«Այս օրերը անմոռանալի են, ազգային համախմբման, զարթոնքի օրեր են»,- հուլիսի 20-ին «Արարատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
Նա նկատեց, որ 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, ցույցեր էին լինում մեծ հայկական համայնքներ ունեցող երկրներում, բացի Ռուսաստանից։ Ըստ նրա, խնդիրը կազմակերպիչների մեջ էր․ «Հանկարծ այս անգամ, Ռուսաստանում մենք տեսնում ենք մեր եղբայրների և քույրերի ֆանտաստիկ համախմբվածություն։ Նախ՝ առաջինը այն, որ ծիրանային այդ պատերազմի հետ կապված, երբ ըստ էության, ադրբեջանական ծագումով գործարարները արգելեցին «Ֆուդ Սիթի»-ում հայկական բեռնատարների մուտքը և ծիրանի սպառումը։ Ուշադրություն դարձրեք, որ այս ամենը սկսվեց ոչ թե այն հայտնի ավանդական հայկական լոբբիստական կազմակերպություններից, այլ շատ սովորական մարդիկ դիմեցին մեծ լսարան ունեցող մարդկանց, նաև ինձ և մյուսներին՝ խնդրելով տեղյակ պահել այն հասցեներ, որտեղ վաճառվելու է ծիրան։ Ամբողջ հայությունը միահամուռ լծվեց տեղեկացման գործին՝ Ռուսաստանից մինչև այլ տեղեր, և հաջորդեց այդ փառահեղ գործողությունը, երբ Ռուսաստանի հայ ազգաբնակչությունը՝ մեր հայ եղբայրները ու քույրերը գնացին»։
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ նրանք, ովքեր նախկինում փողոց դուրս չէին գալիս, ակամայից ստիպված միացան այդ գործընթացին, երբ տեսան, որ հայերը առանց իրենց լուծում են իրենց խնդիրները․ «Նրանք միացան նրան, ինչը արեց ժողովուրդը։ Նախկինում ժողովուրդը սպասում էր, որ նրանք պետք է անեին, բայց իրենք չարեցին 2016 թվականին, իսկ հիմա հայությունը՝ հույսը իր վրա դրած, ինքնակազմակերպված այդ ամեն ինչը արեց և գնեց»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ