«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է հայ-գերմանական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերթ Վայլերին. «Վստահ եմ, որ տեղյակ եք Հարավային Կովկասում վերջին օրերին ստեղծված անկայուն իրավիճակի մասին, ինչը Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունները պատերազմով փոխարինելու հերթական փորձն է: Ուզում եմ Ձեզ փոխանցել, որ 2020թ. հուլիսի 12-ին Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով 1994թ. հրադադարի համաձայնագիրը, սկսել է հրետակոծել Հայաստանի շրջաններից Տավուշի գյուղերը:
Հարձակման հետևանքով երկու կողմերից կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանը թիրախավորում է հատկապես քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում մանկապարտեզները և հիվանդանոցները: Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակայնորեն հայկական կողմին սպառնացել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը ամբողջ տարածաշրջանի ֆիզիկական գոյության ուղիղ սպառնալիք է:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր բոլոր միջազգային գործընկերներին տեղյակ է պահում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու ուժի կիրառման սպառնալիքների մասին: Հավատացած ենք, որ Գերմանիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետք է իր ներդրումն ունենա Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարումները կանխելու համար: Համոզված ենք, որ Դուք, որպես հայ-գերմանական ֆորումի նախագահ, կարող եք այդ գործում մեծ դեր ունենալ»:
«Լուսավոր Հայաստան»