Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունների կատարող. «Ես երբեք որևէ մեկի յուրայինը լինելու պետքը չեմ ունեցել»

Հուլիս 20,2020 18:55

Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարող Արմեն Գրիգորյանին հուլիսի 16-ին հարցեր էր ուղղել, որոնց պատասխանները պարոն Գրիգորյանը հուլիսի 20-ին ուղարկել է:

Մեր հարցին, որ ամեն ուսումնական տարվա ավարտին՝ որպես կանոն համալսարանի աշխատակիցները մեկ աշխատավարձի չափով պարգեւատրվում են, սակայն, այս տարի պարգեւատրումներ չեն եղել, ո՞րն է դրա պատճառը, ռեկտորի պարտականությունների կատարողը պատասխանել էր. «Այս տարի ՀՊՏՀ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի պարգևատրումը մի փոքր ուշանում է COVID 19-ով պայմանավորված՝ ուսման վարձի թերհավաքագրումների պատճառով։ Աշխատակիցների պարգևատրումը կլինի սեպտեմբերին»։

Նա հերքեց մեզ հասած այն տեղեկությունները, որ այնուամենայնիվ պարգեւատրվել է յուրայինների մի փոքր խումբ. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առհասարակ չկան յուրայիններ կամ արտոնյալներ․ կան ՀՊՏՀ-ականներ, քանզի մենք այդ մշակույթի և գաղափարախոսության կրողն ենք»։

Մեր դիտարկմանը, որ իր նշանակումը տարբեր շրջանակների կողմից ապօրինի է որակվում, մտավախություն չունի՞, որ իր տարբեր հրամաններ առոչինչ կճանաչվեն եւ իր դեմ դատական գործընթացներ կարող են սկսվել հետագայում, Արմեն Գրիգորյանը պատասխանել էր. «Ոչ, նման մտավախություն առհասարակ չունեմ»։

Հեղափոխությունից հետո ՀՀԿ-ական անդամատոմսից հրաժարված եւ այսպես կոչված «սաքուլիկների» հայտնի պատմությա համատեքստում անունը շրջանառվող Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ իրեն չի՞ մտահոգում, որ իր անունը մի ժամանակ կապվում էր նախկին՝«սաքուլիկների» պատմության հետ, այժմ էլ ՝ համարվում է Դիանա Գալոյանի յուրայինը:

«Կարելի էր սույն հարցը բնորոշել որպես սադրող և չպատասխանել, սակայն ես, այնուամենայնիվ, կպատասխանեմ… Ձեր տեղեկատվության աղբյուրները Ձեզ սխալ են տեղեկացնում։ Ինձ հիշողները հիշում են բացառապես որպես գերազանց առաջադիմությամբ և հասարակական ակտիվ կեցվածքով աչքի ընկնող ուսանողի, ամբիոնի դոցենտի, ուսանողների սերը և հարգանքը վայելող դասախոսի, ինչպես նաև ՀՊՏՀ-ականների սերը և հարգանքը վայելող հետազոտողի ու ՀՊՏՀ-ականի։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում եմ 1998 թվականից։ Գերազանցությամբ ավարտել եմ համալսարանը, ընդունվել ասպիրանտուրա, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն, հրավիրվել դասավանդելու ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնում։

Զուգահեռաբար որոշակի ժամանակաշրջան դասավանդել եմ նաև ԵՊՀ-ում և մեկ այլ, մագիստրոսական ծրագիր իրականացնող, մասնավոր բուհում։ Հեղինակ եմ բազմաթիվ գիտական հոդվածների և կոլեկտիվ մենագրությունների, մասնակից եմ բազմաթիվ տեղական ու արտերկրի գիտաժողովների ու աշխատաժողովների։ Եղել եմ Համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, այնուհետև հետազոտական ծրագրի տնօրեն, այնուհետև, շուրջ երեք տարի մինչ պրոռեկտոր նշանակվելս ղեկավարել եմ հետազոտական կենտրոնը։

«Ամբերդն» իմ և ամբերդականների հետևողական աշխատանքի շնորհիվ իմ ղեկավարած տարիներին ներառվել է տարածաշրջանի առաջատար ուղեղային կենտրոնների և լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում, հանդիսացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնական գիտական խորհրդատուն, հանդիսանում է ՀՀ անվտանգության խորհրդի պաշտոնական գործընկերը, ունի տեղական և միջազգային գիտական և մասնագիտական համագործակցային լայն կապեր բազմաթիվ հետազոտական հաստատությունների հետ։

Հանդիսանում եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովին կից փորձագիտական խորհրդի անդամ, տասնյակ հետազոտություններ եմ իրականացրել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բազմաթիվ կազմակերպությունների պատվերներով(այդ թվում նաև բարձրագույն կրթության ոլորտին առնչվող)։ Ես երբեք որևէ մեկի յուրայինը լինելու պետքը չեմ ունեցել, քանզի իմ մասնագիտական առաջընթացը բացառապես իմ հետազոտական, կազմակերպչական և վարչարարական հմտությունների արդյունք է»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031