Արարատի մարզի Երասխ համայնքի դպրոցի մեկ մասնաշենքը վերակառուցվում է որպես մանկապարտեզ և գրեթե պատրաստ է շահագործման:
Իրականացվել են մասնաշենքի բետոնով ամրացման և հիմնանորոգման աշխատանքներ: Բացի հիմնանորոգումը, վերակառուցվել են սանհանգույցները, փոխարինվել են դռները, պատուհաններն ու հատակը, ջրամատակարարման ու կոյուղու ներքին և արտաքին համակարգերը, անցկացվել են էլեկտրաէներգիայի առավել ապահով մալուխներ, ինչպես նաև ներդրվել է հակահրդեհային ազդարարման, օդափոխության և ջեռուցման համակարգեր, իսկ տաք ջրամատակարարում ապահովելու համար տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ:
Այս պահին ներքին հարդարման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, կիրականացվեն նաև շենքի արտաքին հարդարման աշխատանքներ: Մանկապարտեզը պատրաստ կլինի շահագործման այս տարվա օգոստոսին և իր դռները կբացի 50 երեխայի առջև:
Ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և կառավարության համաֆինանսավորմամբ, իսկ համայնքի ներդրումը կազմում է տասը տոկոս: Ներդրվել է ավելի քան 116 միլիոն դրամ:
Կարդացեք նաև
ՀՏԶՀ մամուլի ծառայություն