Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում ուշագրավ տեղաշարժեր են եղել: Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկից, որտեղ երեւում է, թե 2020 թ. հունվար-հունիս ամիսներին խոշոր գործարարները որքան հարկ են վճարել:
Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում խոշոր հարկատուները վճարել են 492 միլիարդ 668 միլիոն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընկերությունների վճարած հարկերը 18 միլիարդով պակաս են:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, որն անցյալ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցնում էր ցանկի առաջին հորիզոնականը՝ վճարելով 29 միլիարդ 504 միլիոն 850 հազար դրամ, այս տարի հայտնվել է երրորդ տեղում՝ տեղը զիջելով «Գրանդ Տոբակո»-ին: Ծխախոտի բիզնեսով զբաղվող այս ընկերությունը պետբյուջե է վճարել 26 միլիարդ 339 միլիոն 387 հազար դրամ: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում «Գրանդ Տոբակո»-ն վճարել էր 28 միլիարդ 281 միլիոն 404 հազար դրամ՝ գտնվելով խոշոր հարկատուների ցանկի 2-րդ տեղում:
«Գազպրոմ Արմենիան», որը ցանկում երկրորդն է, վճարել է 25 միլիարդ 978 միլիոն 780 հազար դրամ: Անցյալ տարվա հունվար-հունիս ամիսներին գազամատակարար ընկերությունը գտնվելով 3-րդ տեղում, ավելի քիչ հարկ է վճարել՝ 22 միլիարդ 794 միլիոն 377 հազար դրամ:
Կարդացեք նաև
Նախորդ տարվա համեմատությամբ, խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում դիրքերը բարելավել է ոսկու արդյունահանմամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, 5-րդ հորիզոնականից այս տարի հայտնվելով 4-րդում: Շուրջ 36 միլիարդով ավելացել են նաեւ այս ընկերության վճարած հարկերը: Այսպես՝ անցյալ տարվա հունվար-հունիս ամիսներին «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը վճարել է 9 միլիարդ 127 միլիոն 544 հազար դրամ, այս տարի՝ 12 միլիարդ 771 միլիոն 18 հազար դրամ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ ՀԷՑ-ը այս տարի գտնվում է ցանկի 9-րդ տեղում՝ նախորդ տարվա 6-րդ հորիզոնականի փոխարեն: Ընկերության վճարած հարկերն էլ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, փոքր ինչ նվազել են:
2020 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀԷՑ-ը վճարել է 6 միլիարդ 936 միլիոն 581 դրամ, անցյալ տարի՝ 7 միլիարդ 793 միլիոն 184 հազար դրամ:
«ՄՏՍ Հայաստանը»՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հարկատուների ցանկում, նախորդ տարվա համեմատությամբ 27 հորիզոնականով դիրքերը բարելավել է՝ ցանկի 37-րդ տեղից այս տարի հայտնվելով 10-րդ տեղում: Հեռահաղորդակցության այս օպերատորն այս կիսամյակում 6 միլիարդ 889 միլիոն 228 հազար դրամի հարկ է վճարել՝ նախորդ տարվա 2 միլիարդ 301 միլիոն 892 հազար դրամի փոխարեն:
«Յուքոմ» ընկերությունը անցյալ տարի հարկատուների ցանկում ավելի բարձր հորիզոնականում է եղել եւ վճարել է 4 միլիարդ 818 միլիոն 443 հազար դրամ հարկ: Այս տարի ընկերությունը ե՛ւ ավելի քիչ հարկ է վճարել՝ 3 միլիարդ 918 միլիոն 796 հազար դրամ ե՛ւ ցանկում դիրքերն է զիջել՝ նախորդ տարվա 14-րդ հորիզոնականից այս տարի հայտնվելով 17-րդ տեղում:
Ցանկի 22-րդ տեղում գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունն է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մոտ կես միլիոն դրամով պակաս հարկ է վճարել: 2019 թվականին այս ընկերությունը գտնվել է ցանկի 21-րդ տեղում, այս տարի՝ 22-րդում է՝ վճարելով ՝ 2 միլիարդ 891 միլիոն 640 հազար դրամ:
Այս տարի առաջին տասնյակում է հայտնվել նաեւ «Սիփիէս Օիլ» ընկերությունը՝ վճարելով 9 միլիարդ 678 միլիոն 792 հազար դրամ: Նախորդ տարի «Սիփիէս Օիլ»-ը գտնվում էր 15-րդ հորիզոնականում եւ պետբյուջե էր վճարել 4 միլիարդ 36 միլիոն 369 հազար դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ