Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվող դատապարտյալները ահազանգեցին խմբագրություն` նշելով, որ հայտնվել են անհասկանալի վիճակում: Պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը քննում են ընդհանուր իրավասության դատարաններում եւ նիստերին պետք է ապահովեն դատապարտյալների ներկայությունը: Եթե նախկինում դատապարտված անձանց տեղափոխումը կատարում էր ոստիկանությունը, ապա ըստ դատապարտյալների` կարգ է փոխվել եւ նրանց դատարան պետք է ուղեկցեն ՔԿՀ աշխատակիցները: Սակայն վերջիններս էլ են անորոշ վիճակում ու չգիտեն ինչ անեն: Մոտ 20 օր է, ինչ ոչ մի դատապարտյալի չեն տանում դատարան: Դատապարտյալը կամ պիտի դիմում գրի նիստն անցկացնել առանց իր ներկայության կամ հետաձգել նիստը: «Ինչքա՞ն հետաձգեն, ե՞րբ կկարգավորվի հարցը: Տարիներ շարունակ սպասել ես այդ օրվան, բայց ինչ որ անորոշության պատճառով հարցը մտնում է փակուղի»,- ասաց «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը:
Պարզաբանման համար դիմեցինք բաժնի պետ Նոնա Նավիկյանին: Նա հայտնեց, որ Քրեակատարողական ծառայության իրավասությունից դուրս է, նախկինում հիշյալ գործառույթը իրականացվում էր ոստիկանության կողմից։
Aravot.am-ը պարզաբանում խնդրեց ոստիկանության լրատվական ծառայությունից: Այնտեղից հայտնեցին, որ իրենք առաջնորդվում են իրավական հետեւյալ հիմքերով կալանավորին կամ ձերբակալվածին ուղեկցելու համար, բայց ոչ դատապարտյալին: Այդ հիմքերի մեջ նշեցին «Ոստիկանության մասին» օրենքի 17 հոդվածի գ կետը, «Ձերբակալվածների եւ կալանավորվածների մասին» օրենքը, եւ ՀՀ կառավարության 2009թ. 351-Ն որոշումը, ուր խոսք է գնում ուղեկցման կարգի մասին:
Ըստ էության, գործ ունենք օրենքի բացի հետ: Հավանաբար դա էր պատճառը, որ տարիներ առաջ հանվեց այդ գործառույթը ոստիկանությունից, իսկ բացը պայմանավորված է դատապարտյալ-կարգավիճակով:
Կարդացեք նաև
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ