Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզ ի՞նչ է թվում, Երեւանն իր շահերը չի՞ իմանում». Թեւան Պողոսյանը՝ ՀԱՊԿ-ի դիրքորոշման մասին

Հուլիս 20,2020 16:33

Ռուսական քաղաքական-վերլուծական շրջանակներում շարունակում է առաջնային մնալ տեսակետը, որ Տավուշի սահմաններում ադրբեջանական սադրանքին ՀԱՊԿ արձագանքը թույլ էր: «Բոլորը հասկանում են, թե ինչու: Բացի Ռուսաստանից, ՀԱՊԿ մյուս անդամները Հայաստանին դեմ են, ու այս կոնտեքստում Հայաստանի հասարակությունից ՀԱՊԿ-ին ուղղված մեկնաբանությունները չափազանց միամիտ են: Բոլորի համար է ակնհայտ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում չունի կողմնակիցների մեծամասնություն, երկրորդ՝ հենց Փաշինյանի Հայաստանը արեց ամեն ինչ, որ ՀԱՊԿ-ը դադարի գոնե մի քիչ սպասարկել Հայաստանի շահերը: Փաշինյանի իշխանությունը այնտեղից հեռացրեց հայ ներկայացուցչին, ու հիմա ահա, խնդրեմ, արդյունքը»,- օրերս հարցազրույցում նման կարծիք էր հայտնել նաեւ ռուսական «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Երեւանը ՀԱՊԿ հայտարարությունն այս պահին հայկական շահերին համահունչ է համարում: Այդ մասին օրերս ԱԳՆ մամուլի խոսնակը ասաց:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանն այս առումով Aravot.am-ի հետ զրույցում նկատեց՝ ՀԱՊԿ-ը կոլեկտիվ մարմին է եւ ՀԱՊԿ որոշումները չեն ընդունվում քարտուղարության շենքում, այլ անդամ մայրաքաղաքներում: Նա համաձայն չէ այն դիտարկման հետ, որ այդ մայրաքաղաքներում Հայաստանի դաշնակիցները քիչ են: Ասում է՝ իրավաբանորեն ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանի դաշնակիցներ են. «Այլ խնդիր է, որ երկկողմանի հարթակում այդ երկրները ձեւավորել են շահերի այնպիսի հարթակ, որտեղ իրենք մի քանի անգամ ավելի են մտածում պրոհայկական տեսակետ արտահայտելուց առաջ եւ փորձում են չեզոք տեսակետ արտահայտել»: Այս առումով, ըստ մեր զրուցակցի, Հայաստանն աշխատելու տեղ ունի եւ ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրների հետ:

Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ հայտարարությանը, ապա հիմնվելով հենց ԱԳՆ խոսնակի ասածների վրա, Թեւան Պողոսյանը կարծում է, որ Հայաստանին այս փուլում միանգամայն բավարարել է նման հայտարարությունը, ուստի, հայկական կողմը համաձայնել է դրան, հետեւաբար, մենք աշխարհին հենց դա պետք է փորձենք ներկայացնել. «Եթե ընդունվում է ինչ-որ մի բան, ուրեմն, դրան նաեւ Երեւանն է համաձայնություն տվել: Մենք ինչո՞ւ ենք մտածում, որ Երեւանը եթե համարեր, որ այդ տեքստը բավարար չէ, ասելու էր՝ համաձայն եմ: Ձեզ ի՞նչ է թվում, Երեւանն իր շահերը չի՞ իմանում: Եթե Երեւանը համաձայնություն է տվել այդ տեքստին, ուրեմն շատ լավ գիտի, որ իրեն դա այդ պահին բավարար է: Մնացյալ բոլոր մեկնաբանությունները արվելու են իրենց երկրների շահերից ելնելով»:

Մեր զրուցակիցը չի բացառում նաեւ, որ այս ընթացքում Ադրբեջանի կողմից վարձատրվող տարբեր փորձագետների կողմից տարբեր տեսակետներ դաշտ նետվեն՝ հարաբերությունները սրելու համար ու պարտադիր չէ, որ մենք դրանց նշանակություն տանք:

Հարցին՝ կարո՞ղ էին կամ պե՞տք էր ավելին ուզել ՀԱՊԿ-ից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Համենայնդեպս, այս փուլում, որքան հասկանում եմ, այսքանն է պետք եղել»:

Այս օրերին համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի քննադատական գրառումը՝ ուղղված ՀՀ իշխանություններին: Շատերը նրան ոչ հայ կամ հակահայ անվանեցին: Թեւան Պողոսյանը չի հասկանում, թե Հայաստանում Մարգարիտա Սիմոնյանին ինչպե՞ս ենք վերաբերվում՝ իբրեւ հայի՞, ո՞չ հայի, իբրեւ ՌԴ քաղաքացո՞ւ: Այդ հայտարարությունը եւ դրա շուրջ առաջացած աղմուկը նա լավ առիթ է համարում հստակեցնելու համար մեր մոտեցումները եւ հասկանալ թե, թե ինչպե՞ս է ստացվում, որ աշխարհի որեւէ ծայրում, որեւէ հայ իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որոնք մեր շահերից չեն բխում կամ առնվազն հաճելի չեն մեզ համար:

Թեւան Պողոսյանի գնահատմամբ՝ մեր խնդիրներում եւ մոտեցումներում այսօր այնպիսի սրբագրումներ պետք անենք, որպեսզի վաղը նույն հարցերի առաջ չկանգնենք: Թեւան Պողոսյանը մեր ապագա օրակարգերի եւ իրար հանդեպ վերաբերմունքի հստակեցման համատեքստում է կատարվածը գնահատում. «Տարբեր հայեր այդ օրն իրար հետ կռվեցին, փոխարեն սիրո եւ միասնության օրակարգի շուրջ համախմբվեին: Մի մասն էլ ասում էր՝ հայ չի, եթե հայ չի, բա ինչու եք իրար խառնվել»:

Ինչ վերաբերվում է բուն գրառմանը, մեր զրուցակիցը կարծում է, որ եղան մի քանի պատասխաններ Մարգարիտա Սիմոնյանի ծանոթների կողմից, որոնք բավարար էին եւ կարիք չկար, որ յուրաքանչյուրն իր կարծիքը արտահայտեր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031