Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տեղեկատվության ազատության մասին օրենքը 16 տարի փոփոխության չի ենթարկվել. կան մի շարք խնդիրներ». Գենյա Պետրոսյան

Հուլիս 20,2020 16:16

«Կա մի սկզբունք համաձայն որի՝ ինչքան պետությունը հակված է ավտորիտար կառավարման, այնքան սահմանը, որը գծվում է տեղեկատվության ազատության և պետական գաղտնիքի միջև, այդ սահմանը գնում է դեպի պետական գաղտնիք»,-«Մեդիա կենտրոն»-ում տեսակապի միջոցով անցկացվող «Տեղեկատվության ազատության ոլորտ. բարեփոխման անհրաժեշտություն» թեմայով քննարկմանը հայտարարեց «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան»-ի Քաղաքացիական հասարակություն ծրագրի պատասխանատու Տաթևիկ Խաչատրյանը:

Ըստ նրա՝ տեղեկատվության ազատության ոլորտի ազատականությունը կարևորագույն նշանակություն ունի նաև անցումային արդարադատության կոնցեպտի առումով: Նա նշեց. «Ցվանեի սկզբունքներ»-ն ամրագրում են, որ տեղեկատվության ազատությունը նաև նպաստում է մարդու իրավունքների զանգվածային խախտումների պատշաճ քննության հնարավորության, զոհերի իրավունքները վերականգնելու առումով, բացի քննությունից՝ անհրաժեշտ է նաև երաշխիք սահմանել, որ գաղտնիության, փակ դռների հետևում կայացվող որոշումների հետևանքով նման բացասական հետևանքներ չլինեն հասարակության համար»:

Նշենք, որ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը տեղեկատվության ազատության ոլորտում իրականացրել է ուսումնասիրություն՝ վեր հանելով ոլորտում առկա օրենսդրական և գործնական խնդիրները։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը նշեց, թե ինչ խնդիրներ են արձանագրել ու ասաց. «Տեղեկատվության ազատության մասին օրենքը 16 տարի է փոփոխության չի ենթարկվել, թեև եղել են համապարփակ վերանայման փորձեր: Մինչ օրս օրենքը գործում է անփոփոխ՝ 2003-ի խմբագրությամբ: Տեղեկատվության տնօրինող սուբյեկտների ցանկը ենթակա է ընդլայնման միջազգային փորձի, տեղեկատվության մատչելիության մասին ԵԽ կոնվենցիայի տեսանկյունից»:

Խնդրահարույց է նաև այն, որ պետական վերահսկողության տակ գտնվող ոչ բոլոր մարմիններն են այս օրենքով հանդիսանում որպես տեղեկատվության տնօրինողներ: Գենյա Պետրոսյանն ասաց. «Ըստ օրենքի՝ տեղեկատվության տնօրինողներ են սահմանված պետական մարմինները, ՏԻՄ-երը, պետական հիմնարկները, սակայն այդ ցանկում չկան պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր կազմակերպությունները, այն չի նախատեսում հանրային գործառույթ իրականացնող իրավաբանական անձանց, պատվիրակված, հանրային գործառույթ իրականացնող մարմիններին: Մինչդեռ բոլոր այն մարմինները, որոնք վերահսկվում են պետության կողմից, պետք է գտնվեն տեղեկատվության ազատության օրենքի կիրառման դաշտում»:

Ուսումնասիրությունը վերհանել է նաև խնդիրներ հաշմանդամություն ունեցող անձանց՝ տեղեկատվության հասանելիության հետ կապված: Գենյա Պետրոսյանն ասաց. «Տեղեկատվության ազատության մասին օրենքը պետք է պարունակի հստակ պարտականություններ տեղեկատվության տնօրինողների համար հայցված տեղեկատվության տրամադրման՝ իրենց համար հասանելի ձևաչափով: Խնդրահարույց է նաև ծառայությունների վճարի հետ կապված դրույթը: Հաճախ այդ անվան տակ տեղի է ունենում տեղեկատվության տրամադրման վճարի գանձում: Խնդիրներ կան նաև տեղեկատվության տրամադրման ժամկետների հետ կապված: Հստակորեն պետք է սահմանվեն այն դեպքերը, որոնք կարող են ներառվել օրենքում առկա սահմանների շրջանակներում: Գրավոր հարցումների դեպքում խնդիր ենք արձանագրել առավել սեղմ ժամկետների սահմանման անհրաժեշտության, այն դեպքում, երբ խոսքը անձի կյանքի, ազատության հետ է կապված, նույնիսկ հնգօրյա ժամկետից ավելի կարճ ժամանակահատված պետք է սահմանել տեղեկատվության տրամադրման համար»:

Գենյա Պետրոսյանը փաստեց՝ մինչ օրս ՀՀ-ում ստեղծված չէ տեղեկատվության ազատության ոլորտում մասնագիտացված անկախ մարմին, որը վերահսկողություն կիրականացնի տեղեկատվության ազատության օրենսդրության կատարման, տեղեկատվություն տնօրինող սուբյեկտների պարտականությունների կատարման նկատմամբ, կքննի մերժման բողոքները: Այս առիթով նա կարծիք հայտնեց, որ պետական ռեսուրսի խնայման տեսանկյունից արդյունավետ կլինի այդ մարմնի շրջանակներում միավորել անձնական տվյալների պաշտպանության գործակալության ռեսուրսները»:

Տեղեկատվության մերժման հիմքերի հետ կապված ևս մտահոգություններ կան: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաճախ սահմանված բացառությունների ներքո մերժվում է տեղեկատվության տրամադրումը, մինչդեռ պետք է օրենքում ներառված լինի հանրային շահի թեստի խնդիրը: Գենյա Պետրոսյանը պարզաբանեց. «Տեղեկատվությունը չի կարող մերժվել, եթե դրա տրամադրման հանրային շահը գերակա է: Այսինքն՝ այս բալանսավորումը ցանկացած պարագայում՝ անկախ նրանից՝ տեղեկությունը ընդգրկված է բացառությունների շարքում, թե ոչ, պետք է լինի, եթե կա հանրային շահ: Հանրային շահի թեստի բացակայությունը խիստ մտահոգիչ ենք համարում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031