«Չգիտեմ՝ որտեղի՞ց ինֆորմացիան, որ Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջեւանի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ են ծրագրում: Նպատակներ գուցե ունեն, բայց կարծում եմ՝ վաղաժամ է լայնածավալ ռազմական գործողություններ ունենալու ծրագրերի մասին հայտարարելը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցադրմանն այն մասին, թե Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջեւանի հատվածից ռազմական գործողություններ սկսելու ծրագրեր ունեն: «Ամեն դեպում, ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է ՀՀ ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից»,-վստահեցրեց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է փաստին, որ «Չմիավորված պետությունների շարժման բյուրոն» իր հայտարարությամբ սատարել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան ՀՀ սահմանի դեմ, Հովհաննիսյանը նկատեց. «Դա առաջին կազմակերպությունը չէ, որը մեզ մեղադրում է: Ադրբեջանի դաշնակից պետություններից այս օրերին էլի են մեղադրանքներ հնչել, այնպես որ, չեմ կարծում, որ ամեն ինչին պետք է արձագանքենք: Մեր դիվանագիտական աշխատանքի շնորհիվ քաղաքակիրթ աշխարհի մեծ մասն իրավիճակին տվել է ավելի ճիշտ եւ սթափ գնահատական եւ ադրբեջանական կողմին մեղադրել խաղաղ բնակչությանը հրետակոծելու համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ