Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունը «մի ոտք» առա՞ջ է ընկել ԴԱՀԿ-ից եւ ՀՊՏՀ խորհրդից

Հուլիս 20,2020 12:40

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որի ժամանակ երկու թեկնածուներից ռեկտոր ընտրվեց նույն բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը, կայացել է հուլիսի 17-ին: Կարգի համաձայն, խորհրդի նախագահի կողմից խորհրդի բոլոր անդամները նամակով պատշաճ ծանուցվում են՝ նիստին մասնակցելու վերաբերյալ: Սակայն վերջին պատշաճ ծանուցումը եղել է հուլիսի 16-ի երեկոյան՝ այն մասին, որ ԴԱՀԿ-ը ծանուցել է դատարանի որոշմամբ նիստն արգելելու վերաբերյալ:

Aravot.am-ի հետ զրույցում խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանն ասաց, որ խորհրդի անդամներին պատշաճ ծանուցում հուլիսի 17-ին կայանալիք նիստի մասին չի եղել, քանի որ ԴԱՀԿ-ի՝ արգելանքը հանելու որոշման փաստաթուղթը խորհրդի նիստից ընդամենը 5 րոպե առաջ է ստացվել, եւ հնարավոր չի եղել անդամներին նախապես ծանուցելը: Չնայած դրան, խորհրդի նախագահի խոսքով, ինչ-որ մեկի ծանուցմամբ, խորհրդի 26 անդամները արդեն դահլիճում նստած էին: Թերեւս, պատճառն այն էր, որ ԿԳՄՍ նախարարությունն էլ հակընդդեմ հայցով էր դիմել ու դատը շահել, բայց «վազանցել» էր ԴԱՀԿ որոշմանը:

«Մեր նիստերին սովորաբար 22-23 հոգի է մասնակցում, բայց այդ օրը 26 հոգի արդեն այդտեղ էր, էլ ինչպե՞ս ծանուցեի, կամ որ ծանուցեի, ե՞րբ կգային: Այսինքն, ես կարող էի չեղյալ հայտարարել նիստը, որովհետեւ պատշաճ ծանուցում չէր եղել, բայց բերեցին ցուցակը ներկայացրին, որ դահլիճում 26 հոգի նստած են, էլ ի՞նչ կարող էի անել»,-ասաց Վահան Մովսեսյանը

Aravot.am-ը ԴԱՀԿ-ից եւս հետաքրքրվեց՝ ե՞րբ է հանվել արգելանքը: ԴԱՀԿ-ից պատասխանեցին, որ հանվել է հուլիսի 17-ի առավոտյան, ընդ որում, տարբեր վարույթների շրջանակում երկու արգելանք է եղել, երկուսի արգելանքը հանվելու մասին որոշումներն էլ տրվել են միմյանցից րոպեների տարբերությամբ:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթը ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայցի հիման վրա էր կասեցվել՝ դատարանի արգելանքով: Նաեւ մրցույթի օրը ռեկտորի պաշտոնի հավակնորդներից Դիանա Գալոյանը աստիճանազրկվել էր ԲՈՀ-ի որոշմամբ, նրա գիտական աստիճանն անվավեր էր ճանաչվել, սակայն այնուամենայնիվ ռեկտոր էր ընտրվել, այն պարագայում, երբ պարտադիր պահանջներից մեկը գիտությունների դոկտորի աստիճանն էր:

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը պատրաստվում է դիմում գրել եւ հրաժարվել խորհուրդը նախագահելուց: Մեզ հետ զրույցում նա հաստատեց իր այդ մտադրությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031