Տավուշի մարզի Բերդ քաղաքում եւ սահմանամերձ համայնքներում մարդիկ լիարժեք ներգրավված են իրենց աշխատանքում, իսկ հակառակորդի հրետակոծությունների հետեւանքով վնասված շինությունների վերականգնողական աշխատանքներն ընթանում են մեծ ծավալով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Առավել կարեւոր է ամբողջությամբ տնտեսական կյանքին վերադառնալը: Վերականգնողական ծրագրերին այսօրվանից կփոխարինեն զարգացման ծրագրերը: Մենք վերանվանում ենք այս տերմինը եւ զբաղվում սահմանամերձ համայնքների զարգացման ծրագրերով: Արձանագրել ենք բոլոր տնտեսական-քաղաքաշինական խնդիրները»,-նշեց նա:
Մարզպետի փոխանցմամբ՝ այսօր ստեղծված հանձնաժողովը կուսումնասիրի նաեւ գյուղատնտեսական վնասները. «Հակառակորդի հրետակոծությունից նաեւ գյուղատնտեսական տարածքներ եւ ֆերմաներ են վնասվել: Մի քանի օրում կավարտենք ուսումնասիրությունը, եւ հետեւանքներին կտրվի համապատասխան վերաբերմունք: Սոցիալ-հոգեբանական հանձնաժողովներում էլ ներգրավում ենք միջազգային կառույցներին, որոնք գործում են Տավուշի մարզում: Գյուղերում պետք է աշխատենք ըստ կարիքի միջոցառումներ անցկացնելու ուղղությամբ, այդ թվում՝ երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով: Հակահամաճարակային կանոններն, իհարկե, պահպանվելու են»:
Հայկ Չոբանյանը նաեւ հայտնեց, որ սեպտեմբերին Տավուշի մարզպետարանը կազմակերպելու է ներդրումային առցանց համաժողով. «Նպատակն է, որպեսզի մեկ անգամ էլ ձեւակերպենք հիմնական ռազմավարական ծրագրերը, որոնք զարգացնելու են եւ ամրացնելու մեր սահմանները»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ