«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
-Պարոն Մելիքյան, Տավուշում էսկալացիայի պատճառներից մեկը կարո՞ղ է արդյոք կապված լինել Եվրոպային էներգետիկ տեռորի ենթարկելու՝ Բաքվի ու Անկարայի մտադրության հետ եւ պատահական չէ, որ բախումը տեղի է ունեցել Թովուզի շրջանում, որտեղով էլ անցնում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը: Ի՞նչ պետք է անի Հայաստանը դիվանագիտական հարթակում, քանի որ, ըստ էության, Ադրբեջանի վերլուծաբանները ներկայացնում են, թե այս պահին Հայաստանը սպառնում է հարվածել գազամուղին ամեն հարմար պահի:
-Այս հարցում Բաքվի ու Անկարայի մոտեցումները դժվար թե կարող են նույնական լինել: Ադրբեջանի եկամտի հիմնական աղբյուրը էներգակիրների վաճառքն է, եւ երկրի ղեկավարությունը դժվար թե շահագրգռված լինի կասկածի տակ դնել իր գործընկերների նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարելու ունակությունը: Այլ է Անկարայի վիճակը՝ Թուրքիան «Հարավային հոսքի» շնորհիվ գազի տրանզիտ իրականացնող կարեւոր հանգույցի դեր կարող է ստանձնել, իսկ եթե նրան հաջողվի Կիպրոսի ափամերձ գոտում նաեւ նավթի արդյունահանման սեփական գործը սկսել, ապա, կախված այնտեղ եղած պաշարների ծավալից, կարող է նաեւ խոշոր նավթ արդյունահանող պետությունների շարքն անցնել: Այդ դեպքում Ադրբեջանից եկող նավթն էլ, գազն էլ Թուրքիայի համար երկրորդական նշանակություն կունենան, եթե չասենք, որ կլինեն Անկարայի համար Բաքվի հետ անցանկալի մրցակցության պատճառ: Այսինքն՝ այն, ինչից տվյալ դեպքում կարող է տուժել Ադրբեջանը, Թուրքիայի համար լրացուցիչ եկամուտ ստանալու հեռանկար կպարունակի: Իսկ Հայաստանն ընդունակ էր հարվածել Ադրբեջանի էներգետիկ կոմունիկացիաներին վերջին քսանհինգ տարիների ընթացքում եւ դրա համար Տավուշում նոր դիրքեր գրավել ամենեւին էլ անհրաժեշտ չէր: Ադրբեջանցի վերլուծաբանները եվրոպացիների երեւակայական վախերի փուչիկն են փչում այժմ:
-16 տարվա ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին Իլհամ Ալիեւը փոխարինեց կրթության նախարարով: Սա ի՞նչ քայլ էր, արդյոք Ալիեւն ընդունե՞լ է պարտությունը՝ մեղքը բարդելով Մամեդյարովի վրա, թե՞ գլխավոր նպատակներից մեկին՝ ՀԱՊԿ-ի ներգրավմանը հակամարտության մեջ չհասավ:
Կարդացեք նաև
– Ադրբեջանն արդեն ավելի քան քսանհինգ տարի է, ինչ քաղաքական լճացում է ապրում Ալիեւների ընտանիքի կառավարման ներքո: Երկիրը բոլոր առումներով դոփում է տեղում, եւ մարդիկ իրենց կյանքի բոլոր բնագավառներում առկա լճացումն ու անհուսությունը բնականաբար կապում են Իլհամ Ալիեւի անվան հետ: Իլհամ Ալիեւի կողմից Մամեդյարովի հեռացումը լճացման փաստն անուղղակիորեն ճանաչելուն ուղղված խորհրդանշական քայլ կարող ենք համարել, որովհետեւ վերջինս, 16 տարի շարունակ լինելով արտաքին գործերի նախարար, իրականացրել է այն քաղաքականությունը, որը հրահանգվել է Ադրբեջանի նախագահի կողմից: Այսինքն՝ ոչ թե Մամեդյարովն է ձախողել ինչ-որ բան, այլ Իլհամ Ալիեւի կողմից հաստատված քաղաքական գիծն է տապալվել: Իլհամ Ալիեւն է անձամբ տապալվել: Հասկանալով, որ Մամեդյարովը նաեւ վերջին տասնամյակների լճացման խորհրդանիշներից մեկն է, նա վերջինիս զոհեց, սեփական քաղաքական երկարակեցությունն ապահովելու նպատակադրումով:
– Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել Մեծամորի ատոմակայանը, արդյոք սա հուսահատության արտահայտությու՞ւն էր, ինչպես նշված էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, թե՞ այլ հաշվարկներ ունի Ադրբեջանը:
– Սա, իհարկե, հուսահատության ճիչի նման մի բան է, որը, եթե հնչեցվեր ոչ թե Ադրբեջանի ՊՆ-ի, այլ ուրիշ աղբյուրի կողմից, գուցե ուշադրության արժանի բան չէր լինի: Մյուս կողմից հիշենք նաեւ, որ հայաստանյան տարբեր շրջանակներ հաճախ խոսում են Մինգեչաուրի ջրամբարը պայթեցնելու անհրաժեշտության մասին: Երկու դեպքում էլ խոսքը գնում է հատկապես քաղաքացիական բնակչության դեմ ուղղված գործողությունների մասին, ինչը միանշանակորեն դատապարտելի է միջազգային իրավունքի տեսանկյունից:
– Ինչպե՞ս կգնահատեք միջազգային հանրության արձագանքը սահմանային բախումներին, մասնավորապես ՀԱՊԿ-ի արձագանքը եւ ի վերջո ի՞նչ սպասել միջազգային հանրությունից:
– Միջազգային հանրության կողմից բացի խաղաղությունը վերականգնելու ու պահպանելու կոչերից այլ բան ակնկալել չարժե:
– Ձեր կարծիքով՝ սահմանային լարվածության դեպքերն ի՞նչ զարգացում կունենան, ինչպե՞ս եք գնահատում արցախա-ադրբեջանական սահմանին էսկալյացիայի հավանականությունը:
– Ես հավանական եմ համարում, որ այս կարգի սրացումները ժամանակ առ ժամանակ տեղի կունենան հայ-ադրբեջանական սահմանի եւ Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով: Բայց մենք նաեւ պետք է հաշվի առնենք, որ մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը աստիճանաբար փոփոխության է ենթարկվում, ինչը մի իքս պահի կարող է նաեւ հանգեցնել ուժերի միջեւ առկա հավասարակշռության խախտման: Մենք պետք է դրան պատրաստ լինենք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.07.2020