Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ափսոս, որ արագացված ընթացակարգով է ընթացել մանկատան աշխատակիցների գործի քննությունը

Հուլիս 20,2020 12:30

Այլ երկրներում ամենահնչեղ գործը կլիներ մանկատան աշխատակիցների վերաբերյալ քրեական գործը, ոչ թե վարկաբեկված իշխանավորների կամ պաշտոնանկ եղած մականունավորներինը: Խոսքն այս դեպքում տասնինն աշխատակիցների անունով աշխատավարձերի ձեւակերպման, հանգիստ խղճով յուրացնելու մասին է, վեց տասնյակից ավելի վկաների:

Մինչեւ վերջերս մանկատների հետ կապված դատական գործընթացները պայմանավորված էին նրա սաներին բնակարաններից զրկելու` պետական աջակցության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին ծրագրի խախտման հետ, բռնությունների ենթարկելու. հիշում եմ՝ տարիներ առաջ դատարանում անգամ վկայակոչվեց փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը:

Ընդհանուր իրավասության դատարանը Լիդա Սարգսյանին ազատազրկել է 5 տարի 3 ամիս ժամկետով, նվազագույն աշխատավարձի 400-ապատիկ  դրամի չափով, զրկելով երկու տարի ժամկետով պետական համակարգում հաշվապահությամբ զբաղվելու իրավունքից: Համաներմամբ` նրա ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել էր անփոփոխ, կիրառվել է վաղեմության ժամկետ: Լիդա Սարգսյանի հետ ամբաստանյալի աթոռին էին մանկատան հաշվապահ Քրիստինա Պողոսյանը, Հասմիկ Մկրտչյանը` պայմանական պատժից ազատված տնօրենը:

Այս դատական նիստը ընթացել է արագացված ընթացակարգով: Կորոնավիրուսի պայմաններում էլ երեկ վերաքննիչ բողոքի քննությունն էր, իսկ բողոքը բերել է մեղադրանքի կողմը:

Բացի հաշվապահներից, այս գործով «անցել» են  հոգեբան ձեւակերպված Հրաչյա Հովհաննիսյանը, որն ըստ գործի նյութերի, տնօրենի թույլտվությամբ չի հաճախել աշխատանքի: Նրա փոխարեն այդ աշխատանքը կատարել է մեկ այլ հոգեբան, որն էլ ստացել է նրա աշխատավարձը: Հոգեբանից «հետ չի մնացել» նաեւ հավաքարարը` Բավական Ստեփանյանը, որը նույնպես տնօրենի թույլտվությամբ չի հաճախել աշխատանքի, նրա փոխարեն չգրանցված հավաքարարն է կատարել աշխատանքը` Վարժուհին, ով էլ ստացել է Բավականի աշխատավարձը:

Ըստ մեղադրանքի` «Հասմիկ Մկրտչյանը, հանդիսանալով «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթների իրականացմամբ, ունենալով համապատասխան թափուր աշխատատեղերում անձանց աշխատանքի նշանակելու, աշխատանքից ազատելու, աշխատանքի բաշխում եւ վերաբաշխում կատարելու լիազորություններ, պետության օրինական շահերին հակառակ օգտագործելով իր այդ լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, հաշվապահ Լիդա Սարգսյանի օժանդակությամբ, իր ղեկավարած պետական ոչ առեւտրային կազմակերպության համապատասխան աշխատակիցներին հանձնարարել է ֆիզիոթերապիստ-վերականգնողաբանի թափուր հաստիքի վրա ձեւակերպել Գասպար Ռեւազյանին եւ Հասմիկ Խանվելյանին՝ վերջինների կողմից աշխատանքի չհաճախելու պայմաններում, ինչի արդյունքում մանկատան երեխաները զրկվել են լիարժեք խնամք եւ մասնագիտական սպասարկում ստանալուց»:

Գասպար Ռեւազյանը մանկատան ֆիզիոթերապիստ-վերականգնողաբանն էր, որը նույնպես չի հաճախել աշխատանքի: Նա իրականում աշխատել է ԱՍՀ նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում, որի արդյունքում մանկատան երեխաները չեն ստացել պատշաճ բժշկական սպասարկում եւ խաթարվել է մանկատան աշխատանքը, իսկ Գ. Ռեւազյանը, ըստ մեղադրանքի կողմի, ստացել է բյուջետային գումարից մանկատան հաշվին որպես աշխատավարձ փոխանցված ընդհանուր 224.094 ՀՀ դրամ:

Մանկատունն ունեցել է ֆիզիոթերապիստ-վերականգնողաբան` Հասմիկ Խանվելյանը, որը չի հաճախել աշխատանքի, նա ըստ դատարան ներկայացված ապացույցների, ՀՀ ԱՍՀ նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում է աշխատել, ստացել է բյուջետային գումարից մանկատան հաշվին որպես աշխատավարձ փոխանցված ընդհանուր 1.032.661 ՀՀ դրամ:

Լիդա Սարգսյանը` մանկատան  գանձապահը, օժանդակել է տնօրենին, աշխատավարձի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ եւ ըստ մեղադրանքի կողմի, 2005 թվականի հոկտեմբերից մինչեւ 2016 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Հասմիկ Մկրտչյանն իր լիազորությունների շրջանակում մանկատան տարբեր հաստիքներում ձեւակերպված աշխատակիցների կողմից աշխատանքի չհաճախելու պայմաններում, նախ ստորագրությամբ եւ մանկատան կնիքով հաստատել է կադրերի տեսուչներ Լիդա Սարգսյանի եւ Մարի Խայանի կողմից կազմված ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող եւ իրավունք վերապահող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, ապա ստորագրությամբ հաստատել է հիշյալ տեղեկագրերի հիման վրա Լիդա Սարգսյանի կողմից կազմված, մինչեւ 2012 թվականի հունվար ամիսը գլխավոր հաշվապահ Սեդա Եղիազարյանի, իսկ սկսած 2012 թվականի փետրվարից՝ գլխավոր հաշվապահ Քրիստինա Պողոսյանի կողմից ստորագրությամբ վավերացված ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող իրավունք վերապահող աշխատավարձի տեղեկագրերը:

2013 թվականի մայիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում բժիշկ-նյարդաբանի եւ հերթապահ բժշկի հաստիքներում ձեւակերպվել  է  Հակոբ Գրիգորյանը, նա էլ, սակայն, գործի չի գնացել, կանխիկ եղանակով դուրս գրված ընդհանուր 1.052.216 ՀՀ դրամը փոխանցել է տնօրենին:

Մանկատանը լվացքարար էր ձեւակերպվել Քրիստինե Սարգսյանը, որը ստացել է կանխիկ աշխատավարձ, շնորհիվ մոր` Լիդա Սարգսյանի:

18 հատորանոց գործն այս տարվա փետրվարից  վերաքննիչ քրեական դատարանում է:

Հասմիկ Մկրտչյանի, Լիդա Սարգսյանի, Քրիստինա Պողոսյանի, Մարի Խայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Մեղադրող կողմը` Ա. Առաքելյանը պահանջում է բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` Նոր Նորք եւ Ավանի նստավայրի` Լիդա Սարգսյանի (ՀՀ քր. օր 66-րդ հոդվածով վերջնական պատիժ – ազատազրկում՝ 5  տարի 3  ամիս ժամկետով եւ տուգանք՝ 400.000 ՀՀ դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առեւտրային կազմակերպությունում, «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018թ. նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերի կիրառմամբ ազատվել է պատժի կրումից), Քրիստինա Պողոսյանի (վերջնական պատիժ – տուգանք՝ 900.000 ՀՀ դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առեւտրային կազմակերպությունում, հաշվապահությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով, «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018թ. նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի կիրառմամբ ազատվել է պատժի կրումից) եւ Հասմիկ Մկրտչյանի (վերջնական պատիժ – ազատազրկում 5  տարի 6  ամիս ժամկետով եւ տուգանք՝ 600.000 ՀՀ դրամի չափով՝ պետական համակարգում, այդ թվում՝ ոչ առեւտրային կազմակերպությունում, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով, ՀՀ քր. օր.70-րդ հոդվածի կիրառմամբ` փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով վերաբերյալ 18.12.2019թ. կայացված) դատավճիռը: Պահանջը մեկն է` նշանակել համաչափ պատիժ, իսկ Հասմիկ Մկրտչյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկման ձեւով` 6 տարի ժամկետով, ինչպես նաեւ անթույլատրելի ճանաչել Հասմիկ Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քր. օր.70-րդ հոդվածի կիրառումը` պայմանականը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031