Անվանի հեղինակներին կարդալիս հաճախ ընթերցողները երեւակայում են, թե ինչպիսին են եղել նրանք, ինչ զրույցներ են վարել, եւ արդյոք հանդիպե՞լ են միմյանց հետ:
kulturologia.ru-ն նշում է, որ ժամանակին հանդիպել են Չարլզ Դիքենսն ու Հանս Քրիստիան Անդերսենը:
«Օլիվեր Թվիսթի արկածները» Դիքենսին հայտնի դարձրեց:
Դա անգլիական գրականության առաջին վեպն էր, որի գլխավոր հերոսը երեխա է:
Դիքենսը նույնպես զգացել է կորցրած մանկության «համը»: Նա ծնվել է չինովնիկի ընտանիքում, եւ հոր՝ բանտում հայտնվելուց հետո տասներկու տարեկանից ստիպված է եղել աշխատել ֆաբրիկայում՝ ընտանիքի հացը հոգալու համար: Տասնհինգ տարեկանում նա աշխատանքի է անցել փաստաբանական գրասենյակում: Դիքենսի ազգականներից մեկի մահից մի քանի ամիս անց, ստացած ժառանգության շնորհիվ, Չարլզի հայրը՝ Ջոն Դիքենսը ազատ արձակվեց բանտից: Աշխատելուն զուգահեռ՝ Չարլզ Դիքենսը նաեւ կրթություն ստացավ: Ու քանի որ սղագրել էր սովորել, նաեւ խմբագրությունում էր աշխատում: Իսկ 1830 թվականին Չարլզ Դիքենսին հրավիրեցին «Morning Chronicle»: Հետագայում գրողի կյանքը լավ դասավորվեց, նա ամուսնացավ ու շատ երեխաներ ունեցավ:
Ի տարբերություն Դիքենսի, որ բուրժուական ընտանիքում էր ծնվել, Հանս Քրիստիան Անդերսենի ընտանիքը ոչնչով չէր փայլում: Հարսանիքի ժամանակ նրա մայրն արդեն հղիության վերջին ամսում էր եւ շարունակում էր հարբել: Հայրը կոշկագործ էր, որը սիրուն պատմություններ էր հորինում իր իբր՝ արիստոկրատական ծագման մասին: Ապագա հեքիաթագիրը բազմաթիվ քույր-եղբայրներ ուներ՝ ծնողների արտաամուսնական կապերից ծնված, նրա քույրերից մեկը մարմնավաճառ էր, մորաքույրը՝ հասարակաց տուն էր ղեկավարում Կոպենհագենում, տատիկը բանտ էր նստել, իսկ պապիկին պահում էին խենթանոցում: Անդերսենը երազում էր մի օր հայտնի դառնալ ու վրեժ լուծել իր դաժան ճակատագրից, նա նաեւ գիտակցում էր, որ ինքը տաղանդավոր է:
Թագավորական թատրոնի ֆինանսական տնօրեններից մեկը՝ նկատելով պատանու շնորհալիությունը, նրան թագավորական կրթաթոշակ նշանակեց, եւ Անդերսենը հնարավորություն ստացավ կրթություն ստանալու: Դպրոցում, սակայն, նրան ծաղրում էին, տղան նամակներ էր գրում իր բարերարին, որոնցից մեկն էլ տնօրենը հայտնաբերեց ու նրան հեռացրին դպրոցից: Հանս Քրիստիան Անդերսենի հովանավորը նրա համար մասնավոր ուսուցիչներ վարձեց, նա սկսեց ստեղծագործել, պիեսները սկսեցին հրատարակվել, դրանց հիման վրա ներկայացումներ բեմադրվեցին թագավորական թատրոնում: Երեսուներեք տարեկանում Դանիայի արքան նրան ցմահ թոշակ նշանակեց:
Չարլզ Դիքենսը հաճույքով էր կարդում Անդերսենի ստեղծագործությունները, նրան համարում էր մանկական գրականության հանճար: Ինչ վերաբերում է Անդերսենին, նա սիրում էր հյուր գնալ իր ժամանակի հայտնիներին: Արդեն հասցրել էր ծանոթանալ Հյուգոյի, Բալզակի, Դյումաների, Հայնեի եւ այլոց հետ: Յակոբ Գրիմմին տեսնելու համար էլ հատուկ Գերմանիա էր հասել, բայց հիասթափվել էր՝ իմանալով, որ նա չի կարդում գրչակիցների հեքիաթները: Անդերսենը պաշտում էր նաեւ Դիքենսի գրականությունը: Նա նամակներ էր ստանում Դիքենսից, որ ցանկանում են հյուրընկալել իրենց ամառանոցում: Անդերսենը մեկնեց Դիքենսի տուն: Նա հինգ շաբաթ ապրեց Դիքենսի տանը, որը լուրջ ֆինանսական խնդիրներ ուներ, նաեւ Դիքենսի կնոջն էր զարմացնում օտար մարդու գոյությունը իրենց տանը, բայց Անդերսենին հաճելի էր այդտեղ ապրելը:
Դիքենսը հյուրին չտեսնելու համար Լոնդոն փախավ, Անդերսենը շարունակում էր իր հանգիստը վայելել նրա ամառանոցում: Դիքենսը ստիպված վերադարձավ, անձամբ դասավորեց Անդերսենի իրերը, նրան ճանապարհեց կայարան: Ապա վերադարձավ տուն, այն սենյակի դռան վրա, որտեղ ապրել էր հեքիաթագիրը, ցուցանակ կախեց. «Այստեղ մեկուկես ամիս ապրել է Անդերսենը եւ դա մեզ հավերժություն է թվացել»: Փոխարենը Անդերսենը շատ ջերմ էր արտահայտվում Դիքենսների ընդունելության մասին, սիրով էր հիշում այդ օրերը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
18.07.2020
Անդերսենը տղամարդ սեր է ուենցել, կան նամակները…