Լրահոս
Օրվա լրահոսը

Անտեսանելի հովանավորչություն

Հուլիս 19,2020 22:18

Օրեր առաջ մամուլը հեղեղված էր Մալաթիայում հնչած կրակոցների, վերջինիս մասնակիցների վերաբերյալ բազմաթիվ հոդվածներով: Որպես մասնակից հիշատակվում էր Աշոտ Ավետիսյանի՝ նույն ինքը «Նեպտունի Համիկի», որդու՝ Սարգիս Ավետիսյանի անունը, որը, չնայած այն բանին, որ ձերբակալվել էր, այժմ գտնվում է ազատության մեջ: Մամուլում հրապարակված հոդվածներում  հիշատակվել է, որ Ավետիսյաններին աջակցություն է ցուցաբերվում ոստիկանության աշխատակիցների կողմից: Թերևս այս պնդումները անհիմն չեն, քանի որ առնվազն ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունները տեղեկացնում են, որ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, որոնք ձերբակալված Սարգիս Ավետիսյանին ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ժամանակ թույլատրել էին Աշոտ Ավետիսյանին՝ տեսակցել ձերբակալված որդու հետ և առանձնազրույց ունենալ:

Սակայն իրական խնդիրները և հովանավորչության առկայությունը փաստելու համար անգամ հետաքննության կարիք չկա, բավական է միայն իրադարձությունների պարզ վերլուծությունը: Այն, որ ոստիկանները թույլատրել էին օրենքով արգելված տեսակցությունը՝ արդեն իսկ հայտնի է հանրությանը, սակայն գաղտնիք չէ, որ անձի կալանավորման հարցը որոշում է ոչ թե ոստիկանությունը, այլ՝ քննչական մարմինը, իսկ նման միջնորդություն, բնական է, չի ներկայացվել դատարանին: Ավելին, եթե անգամ քննչական մարմիններն են թերացել կամ ինչ-ինչ պատճառներից ելնելով նման միջնորդություն չեն ներկայացրել, ապա նման լիազորություն ունի նաև դատախազությունը և կարող էր կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան: Նոր Հայաստանի պայմաններում, որտեղ, ըստ իշխանությունների պարբերական պնդումների, արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան, դժվար է պատկերացնել, որ հնարավոր կլիներ կոռուպցիոն սխեմաներով հասնել նրան, որ չնայած այն բանին, որ մի քանի հոգով, որոնց թվում է նաև «Նեպտունի Համիկ»-ի որդին, ծեծի են ենթարկել և մարմնական վնասվածքներ պատճառել պապի հոգեհանգստի ժամանակ բակում միայնակ նստած անձին, որից հետո ոչ միայն «Նեպտունի Համիկ»-ի որդուն կալանավորելու միջնորդություն չի ներկայացվում, այլեւ նման միջնորդություն է ներկայացվում հակառակ կողմից միայնակ եղած, մարմնական վնասվածքներ ստացած և սգի մեջ գտնվող անձի համար: Բարեբախտաբար այդ միջնորդությունը դատարանը մերժել է, հավանաբար, բարոյական և մարդկային սկզբունքներից ելնելով: Բայց զավեշտալին այն է, որ այդ անձի պարագայում դատախազությունը գործի է դրել իր լիազորությունները, և դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան՝ ամեն գնով տուժողին կալանքի վերցնելու համար:

Բնական է՝ իրավապահ մարմինները այս ամենը շատ հիմնավոր կերպով կհերքեն և իրենց գործողությունները կպատճառաբանեն քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, վկաների ցուցմունքներով և այլնով, ու դա կանեն այնպես, որ մի պահ գուցե հավատանք նրանց, եթե չլինեին պետական մարմինների կողմից հովանավորչության անհերքելի և աղաղակող այլ փաստեր:

Դրանցից միայն մեկին անդրադառնանք: Աշոտ Ավետիսյանն իր մականունը «վաստակել» է իրեն պատկանող մի շարք օբյեկտներից, թերևս, առաջինի կամ գուցե ամենամեծի՝ «Նեպտուն» մարզասրահի պատճառով, որը գտնվում է Երևան քաղաքի Իսակովի 42/9 հասցեում և գործում է երկար տարիներ:

Այն բավականին լավ կահավորված  և մեծ մարզասրահ է, սակայն ՀՀ անշարժ գույքի կադաստր կատարված հարցմամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Իսակովի 42/9 հասցում անշարժ գույք շինության տեսքով ընդհանրապես գոյություն չունի:

Նոր Հայաստանի պայմաններում, երբ ապամոնտաժվում են անգամ 2-3 քառակուսի մետր տարածքով ապօրինի կամ ինքնակամ կրպակները, պարզվում է Երեւանում գործում է ահռելի մարզասրահ, որն անտեսանելի է պետական և տեղական ինքնակառավարման պատկան մարմինների աշխատակիցներին: Անտեսանելի այդ շինությունը, որը դե յուրե գոյություն չունի հանդիսանում է էլեկտրաէներգիա, ջուր և գազ սպառող, երևի անտեսանելի պայմանագրերի ուժով: Ավելի քան վստահ ենք, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից կրկին շատ հիմնավոր կերպով հաղորդագրություն կտարածվի, որ գոյություն չունեցող կամ ավելի ճիշտ «անտեսանելի» մարզասրահը սահմանված հարկերը ժամանակին մուծել է, անշուշտ չանդրադառնալով այն հարցին, թե անտեսանելի մարզասրահի անտեսանելի եկամուտները և ծախսերը ինչպե՞ս են հաշվել: Սակայն մեզ ավելի հետաքրքիր է, թե ինչպես են պարզաբանելու երկար տարիներ այդ ահռելի շինության համար չմուծված գույքահարկը, պատկան մարմինների «տեսողական խնդիրները», նման խնդիրներով անձանց աշխատանքի ընդունած և վերահսկողություն իրականացրած ավելի բարձրաստիճան անձանց գործողությունները, ինչպես նաև գոյություն չունեցող կամ գուցե անտեսանելի պատճառով տուժողին կալանավորելու համառ նկրտումները:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031