Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզում դպրոցի տնօրենի մրցույթը միտումնավոր կերպով տապալվել է

Հուլիս 19,2020 21:38

17.07.2020թ-ին Արարատի մարզում միտումնավոր տապալվեցին Նորամարգ գյուղի տնօրենի ընտրությունները:

Արարատի մարզի Նորամարգ գյուղում 2020թ. հուլիսի 17-ին պիտի տեղի ունենար դպրոցի տնօրենի մրցույթ:

Մրցույթին մասնակցում էին դպրոցի նախկին տնօրեն գյուղի բնակչուհի Ծովինար Գալստյանը և ևս երկու հավակնորդ՝ Մասիս քաղաքից (Սահակյան Գոհար, Մինասյան Գևորգ):

Մրցույթը տեղի չունեցավ, որովհետև մրցույթին չներկայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչը, ում մասնակցությունը, համաձայն ՀՀ կառավարության 04.05.2010թ-ի թիվ 319-Ն որոշմամբ հաստատված կարգի, վերոնշյալ մրցույթին պարտադիր էր:

Բացի այդ, մրցույթին չներկայացավ մարզպետարանի ներկայացուցիչ խորհրդի անդամ Հայկազ Տերտերյանը, և համայնքի կողմից նշանակված խորհրդի անդամը՝ Առաքել Ավետիսյանը:

Իսկ ամենատարօրինակն այն էր, որ Խորհրդի անդամներից Արամ Գասպարյանին Արարատի մարզպետը մրցույթի նշանակված ժամին կանչում է Արտաշատ քաղաք՝ հանդիպման` քաջատեղյակ լինելով, որ այդ օրը, այդ ժամին տեղի է ունենալու մրցույթը:

Դպրոցի տնօրենի մրցույթը միտումնավոր տապալողներն ու ծանծաղ ջրափոսում ձուկ բռնողները չգիտեն, թե ինչ ջերմությամբ ու սիրով ողջ անձնակազմը սպասում էր այսօրվան. մաքրում էին բակն ու միջանցքները, հարդարում էին ուրախությամբ, կարծես մի մեծ միջոցառման էին պատրաստվում, հերթական միջոցառման: Այսպես այս հինգ տարիների հետ իրենց տնօրենի հետ քարը քարին են դրել, վերանորոգել են դպրոցը, բարեկարգել են, միասին մինչև ուշ գիշեր բանվորների հետ մասնակցել են վերանորոգման աշխատանքներին, որ օր առաջ երեխաները մաքուր, տաք ու լուսավոր դպրոցում սովորեն:

Երիտասարդ եւ եռանդուն Ծովինար Գալստյանի նվիրյալ ու սրտացավ աշխատանքի եւ ահռելի ջանքերի շնորհիվ դպրոցը հինգ տարիների ընթացքում բարեկարգվել է, գրանցվել են հաջողություններ տարբեր բնագավառներում:

Բայց մրցույթը տեղի չունեցավ, քանի որ հավանաբար տապալողները մտավախություն ունեին, որ մրցույթի մասնակիցների հանդեպ առավելություն ունեցողը կարող է արդար ճանապարհով հաղթանակ գրանցել եւ երկրորդ տապալման ճանապարհով ՀՀ կառավարության 04.05.2010թ-ի թիվ 319-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն երեք թեկնածուներից մեկի ընտրությունը կկատարի փոխվարչապետը` ներկայացված փաստաթղթերի հիման վրա` առանց տեսնելու եւ լսելու մասնակիցներին:

Մտավախությունը մեծ է, որ 23.07.2020թ-ին կայանալիք մրցույթի կայացմանը կրկին կխոչընդոտեն:

Մեկ մարդու արարքը ջուրն է լցնելու ողջ հավատը նոր իշխանությունների, նոր կարգերի, դժվարությամբ ձեռք բերված
հեղափոխության նկատմամբ: Հայաստանի համար այս դժվար պահին, երբ սահմանին կռիվ է, գյուղն ու գյուղական համայնքը, ուսուցչական կոլեկտիվը պիտի կռիվ տան անարդարության դեմ, ծուղակների, խարդախության դեմ:

Վստահ լինելով, որ ԿԳՄՍ նախարարությունը, վարչապետն ու կառավարությունը անտեղյակ են այս ամենին, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում հանուն արդարության և նոր Հայաստանի նկատմամբ հավատի:

Մենք ցանկանում ենք այս հարցին արդար լուծում տրվի, ցանկանում ենք հետաքննվի և արդարությունը հաղթի: Ցանկանում ենք բոլոր իրավասու մարմիններն ու ողջ հանրությունը տեղյակ լինեն և տան իրենց գնահատականը:
Գյուղի ողջ համայնքը, ուսուցչական կոլեկտիվը, ծնողները վրդովված են. պահանջում են արդարություն, մանրամասն հետաքննություն և հարցի պարզաբանում:

Կարինե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031