Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տերն է իմ լույսը և կյանքը, ես ումի՞ց եմ երկյուղելու,
Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց եմ դողալու…
Սաղմոսերգուի այս աղոթքը իմ հոգում և շուրթերին, 25 տարի առաջ Մեր Տիրոջ Պայծառակերպության տոնին, ծնկեցինք Մայր Տաճարի Սուրբ Խորանին՝ խոնարհվելով մեր Տիրոջ կամքի առջև և Գարեգին Ա հոգելույս հայրապետի ձեռքով 4 եղբայրներով՝ Արտակ, Բագրատ, Կարապետ և Գուրգեն, օծվեցինք և ձեռնադրվեցինք և կոչվեցինք քահանայության:
Վերանվանվեցի Բագրատ ի հիշատակ Պետական Անվտանգության Կոմիտեի բանտում 1937թ. գնդակահարված Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանի:
25 երկար ու ձիգ տարիները մեկ րոպեի պես են թվում: Ետհայաց նետելով գոհություն եմ հայտնում և փառք տալիս Տիրոջն ամեն բանի համար և շնորհակալություն հայտնում ծառայությանս զանազան վայրերում ապրող իմ սեփական ու համբուրելի ժողովուրդին:
Դրանք եղան անկումների, սայթաքումների և վերականգնվելու տարիներ և փորձեցի ամենուր և ամենքի ՀԵՏ լինել որպես քրիստոնյա եղբայր և ամենքի ՀԱՄԱՐ հոգևոր հովիվ: Որքանո՞վ է ստացվել և կամ ոչ` թող իմ Հարուցյալ Տերը և ժողովուրդն ու պատմությունը լինեն իմ դատավորը:
Կարդացեք նաև
Ե՛վ ծաղրվել ենք, և՛ քարկոծվել, և՛ հալածվել ենք, և՛ արհամարվել, միևնույն ժամանակ մխիթարվել ենք և հոգևոր բերկրանք ապրել՝ այդ ամենը համարելով մեծագույն ՊԱՐԳԵՎ ԵՎ ԸՆԾԱ և այդ ամենի համար ասում եմ և կրկնում. Փա՜ռք Քեզ, Տեր, ամեն ինչի համար: Խոնարհվում եմ և երախտագետ սրտով աղոթում եմ հոգևոր ծնողիս՝ Գարեգին Ա Վեհափառ Հայրապետի համար, ով ուղղեց մեր կյանքը դեպի Սուրբ Սեղանի ծառայության:
Կյանքիս և ծառայությանս վերջին 5 տարիները եղել են Տավուշ-ՏաՀույսյան կենսագրություն: Վերստին հաստատելու եմ. ես Տավուշին չեմ տվել այնքան, որքան ստացել եմ, ինչպես վերջին օրերին, և ստանում եմ՝ պատիվ, ուրախություն, մխիթարություն, արարելու հնարավորություն և Քրիստոսին մեր կյանքով վկայելու երջանկություն՝ մշտապես հաստատելով, որ Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսս՝ բացառիկ:
Սիրելիներ,
Հայցում եմ ձեր աղոթքները իմ կյանքի և առաքելության համար, Տավուշիս՝ Հայրենիքի Դարպասներում ապրող և ծառայող իմ սքանչելի հոգևորական եղբայրների և աշխարհական նվիրյալ ժողովրդիս համար:
Խոնարհ սիրով և աղոթքով՝
Բագրատ ԵՊԻՍԿՈՊՈՍ (ՏԱՎՈՒՇԵՑԻ)
https://www.facebook.com/bishopbagrat.galstanyan/posts/10158666257059468