Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի տարածքով անցնող նավթագազային համակարգին հարվածելու մասին

Հուլիս 19,2020 19:23

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում  կայացած ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, մոտավորապես 70 անգամ է խախտվել հրադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ ոչ մեծ տրամաչափի: Նրա խոսքերով՝ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը:

Պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի կողմից արվող այն շահարկումներին, թե Հայաստանը կարող է հարված հասցնել նավթագազային համակարգերին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ նշեց, որ Ադրբեջանի կրած պարտությունից հետո դա նոր քարոզչական թեզ է՝ ուղղված արտաքին լսարանին: ՀՀ զինված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել եւ չունեն նման ցանկություն:

Դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է։ Որպես պաշտպանության նախարարության ներկայացուցիչ ասեմ, որ այո, տեխնիկապես ՀՀ զինված ուժերը վաղուց կարող էին դա իրականացնել, բայց մենք նման ծրագիր չենք ունեցել, չունենք, քանի որ դա հայեցի չէ: Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթագազային մուղերը, որոնք ունի  Ադրբեջանը, միջազգային ընկերություններին են պատկանում, թող միջազգային ընկերությունները վստահ լինեն, որ Հայաստանի Հանրապետությունը անվտանգության երաշխավոր է եւ ոչ թե սպառող: Հայաստանի Հանրապետությունը ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան որեւէ մեկն այս տարածաշրջանում»:

Նմանօրինակ մեկ այլ հարցի պատասխանելով՝ Արծրուն Հովհաննիսյանը կրկին ընդգծեց. «Եթե դրանք անցնեն մեր վերահսկողության տակ, Հայաստանն ավելի լավ, քան որեւէ մեկը երաշխավորում է դրանց անվտանգությունը»:

Ինչ վերաբերում է ռուսական ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությանը, թե սիրիական ընդդիմության զինված խմբավորումներն ու զինյալները հնարավոր է թուրքերի կողմից մոտակա օրերին ուղղվեն մեր դեմ, այս մասին էլ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական մամուլում այդ տեղեկատվությունը հերքվել է, բայց դա էական չէ: «ՀՀ զինված ուժերը պատրաստ են մեր սահմանների անվտանգության ապահովմանը՝ անկախ նրանից, դրանք թուրք զինյալներ են, մահմեդական ծայրահեղականներ, թե ադրբեջանական զինված ուժերի զինծառայողներ»:

Մեկ այլ հարցի պատասխանելով՝ Արծրուն Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ հայկական կողմը խոցված ԱԹՍ չունի:

Զինծառայողներին էլ անդրադարձ եղավ: «Վիրավորների վիճակը նույնն է, այն վիրավորները, որոնք ունեին միջին կամ միջինից բարձր վիճակ, նրանց մոտ դրական առաջընթաց  կա, սակայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դեռեւս փոփոխություն չկա»,-տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031