Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ. «Մովսեսի եկեղեցում մասնակցել եմ պսակադրության արարողության»

Հուլիս 19,2020 18:44

Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ այցելել են մի շարք համայնքներ՝ Այգեպար, Մովսես, Բերդ, Ներքին Կարմիրաղբյուր, քանի որ իրենց հետաքրքրում էին  սահմանամերձ համայնքների կրթական հաստատությունների անվտանգության հարցերը:

Նախարարն ասաց, որ արդեն մի շարք հանձնարարականներ են տրվել, եւ մինչեւ սեպտեմբերի մեկը սահմանապահ բոլոր համայնքների կրթական հաստատություններում պատշաճ պատրաստվածություն կլինի, ռազմական իրավիճակների սրման եւ հրետակոծության ժամանակ երեխաները կկարողանան պատսպարվել անվտանգ ապաստարաններում:

ԿԳՄՍ նախարարի խոսքերով, այս օրերին հակառակորդը թիրախավորել է մեր կրթական հաստատությունները, մանկապարտեզներ եւ դպրոց է տուժել, ու այդ մասին դիմումներ են ուղարկել միջազգային կազմակերպություններին՝ մտահոգություն հայտնելով եւ կոչ անելով միջազգային մակարդակով պայքարել նման անթույլատրելի երեւույթների դեմ:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ շարունակել են մշտադիտարկման աշխատանքները սահմանամերձ գոտում: Մտադիր են մեծացնել ապաստարանների լրակազմը, անվտանգության աստիճանը բարձրացնել, առաջիկայում ԱԻՆ-ի աշխատակիցները տեխնիկական շտկումներ կկատարեն: Մարզպետը հավելեց, որ մտածում են ստեղծել նոր ապաստարանային տարածքներ դպրոցներին կից եւ դպրոցների ներսում: Նա ուրախությամբ նշեց, որ մարդիկ վերադարձել են գյուղատնտեսական ախատանքներին, կոմբայններ են աշխատում, կյանքը վերադառնում է բնականոն հունին:

Նա մի տպավորությամբ կիսվեց. ժամանակին, երբ մեկը տուն էր կառուցում, ամբողջ գյուղը հավաքվում էր եւ յուրաքանչյուրը մասնակցում էր այդ աշխատանքներին՝ իր հնարավորությունների սահմաններում։ Հայկ Չոբանյանը փաստեց, որ այն տներում, որտեղ այժմ վերանորոգում են իրականացնում, կրկին  նույն վիճակն է, գյուղի հարեւանները հավաքվել -օգնւմ էին, որ իրենց հարեւանի տունը վերակառուցվի:

Մարզպետը  դիմեց  բոլոր տավուշցիներին, որ անկախ այժմ գտնվելու վայրից, եթե որեւէ մեկն ունի ցանկացած սոցիալական խնդիր, անպայման տեղյակ պահի թեժ գծին, նաեւ կոչ արեց մեր հայրենակիցներին, տավուշցիներին օգտակար լինելու դեպքում իրենց ֆեյսբուքյան էջերում սրտաճմլիկ գրառումներ չանել, քանի որ պետությունը կանգնած է իր քաղաքացիների թիկունքին:

«Մենք որեւէ մեկին թույլ չենք տա ոտնահարել մեր արժանապատվությունը՝ չնչին դիվիդենտների համար… Տավուշում ապրում են արժանապատիվ մարդիկ»,-ասաց նա:

Հայկ Չոբանյանը նաեւ հավելեց, որ մասնակցել է պսակադրության արարողության Մովսեսի եկեղեցում: Նա կրկին շեշտեց՝ մարդիկ ապրում են բնականոն կյանքով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031