Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման լկտի ստի ջատագովները սպասարկում են բացառապես Բաքվի շահերը». Azariha

Հուլիս 19,2020 17:03

Օրերս «Տելեգրամ» բջջային  հավելվածի իրանական հայտնի «Azariha» ալիքում հայտնվեց բավականին ուշագրավ հրապարակում, որն, ըստ էության, հերքում է Բաքվի բռնապետի տարիներով աճեցրած այն քարոզչությունը, որ ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլոհ սեյյեդ Ալի Խամենեին ինչ-որ մի ժամանակ իբր ասել է, թե «Ղարաբաղն իսլամական հող է»։  Ստորև պարսկերենից թարգմանաբար ներկայացնում ենք հրապարակումն ամբողջությամբ.

 «ԻԻՀ հոգևոր առաջնորդին վերագրվող կեղծ խոսքերն ապատեղեկատվության վառ օրինակ են»

Ինչպես «թուրքերենն աշխարհի ամենատարածված լեզուն է»-ն է ժողովրդական լայն կիրառություն ստացել, դարձել շաբլոնային, միֆականացվել, սակայն որևե աղերսներ չունի իրականության հետ, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին վերագրվող «Ղարաբաղն իսլամական հող է» արտահայտությունն է ապատեղեկատվության վառ օրինակ՝ այն աստիճանի, որ նույնիսկ հերքելն է անիմաստ, քանի որ Հեղափոխության առաջնորդը որևէ տեղ նման արտահայտություն չի արել, Հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքի բաժիններից ոչ մեկում նման նախադասություն չկա. այս առնչությամբ որևէ տեսագրություն կամ ձայնագրություն գոյություն չունի։

Այս կեղծ արտահայտությունը պնդողներն ու տարածողները մինչ այժմ չեն կարողացել այդ մտքի վերաբերյալ որևէ փաստ մատնանշել։ Ինչպես նշեցինք, չնայած սա այնքան ակնհայտ սուտ է,  որ հերքելն անգամ անիմաստ է, բայց և այնպես, փորձենք տրամաբանական մի քանի հարցադրումներ առաջ քաշել ու պատասխանել, որպեսզի էլ ավելի ցայտուն լինի այս արտահայտության սուտ լինելը։

Այսպես, եթե Հոգևոր առաջնորդն ասել է նման միտք, ապա ինչո՞ւ չկա այն որևէ տեղ, ինչո՞ւ հրապարակված չէ, չկա որևէ ձայնագրություն, տեսագրություն։ Չէ՞ որ հոգևոր առաջնորդը որևէ մեկից զգուշանալու կարիք եւ այդ ենթադրյալ նախադասությունը չհրապարակելու պատճառ չունի։ Նման լկտի ստի տարածումը դասական ապատեղեկատվության օրինակ է, որի ջատագովները սպասարկում են բացառապես Բաքվի շահերն ու զբաղված են պանթուրքիզմի լոբբինգով՝ թաքնվելով կրոնական կեղծ բարեպաշտության քողի տակ։

Իսկ իրականությունը բոլորովին այլ է։ ԻԻՀ հոգևոր առաջնորդը Հայաստանի Հանրապետության և Բաքվի պետության ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ մշտապես շեշտել է երկու երկրների միջև ոչ թե պատերազմի ու հակամարտության, այլ խաղաղ համակեցության անհրաժեշտությունը և մատնանշել խնդիրների լուծման խաղաղ ճանապարհը։  Այս ամենի վերջին օրինակը 2019 թ. մարտին ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն էր, որը կայացավ՝ բոլորովին ուշադրություն չդարձնելով Բաքվի առարկություններին ու ավելորդ զգայունությանը։

Հանդիպման ընթացքում ԻԻՀ հոգևոր առաջնորդը նշել է, որ  Արցախյան հիմնախնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով և հայտարարել է խնդրի լուծմանն օժանդակելու՝ ԻԻՀ պատրաստակամության մասին։ Հարկ է նշել նաև, որ եթե հոգևոր առաջնորդը նման համոզմունք ունենար, ապա երբեք իր պնդմանն ու սկզբունքներին հակառակ ՀՀ ղեկավարության հետ չէր հանդիպի։  Այս տեսանկյունից Իրանի քաղաքականությունը չափավոր է ու հավասարակշիռ և ծառայում է ԻԻՀ ազգային ու աշխարհաքաղաքական շահերին։

Ոչ մի երկիր չպետք է փորձի ստահոդ արտահայտություններով սեփական ցանկություններին ու նկրտումներին տուրք տալ։ Իրանի հավասարակշիռ քաղաքականությունը փոփոխման ենթակա չէ և մեր արտաքին քաղաքականության էության մասն է։ Իրանը լավ ու բարեկամական հարաբերություններ է ունենալու և՛ Նախիջևանի ու Բաքվի, և՛ առավել ևս Հայաստանի Հանրապետության հետ»:

 

Ահարոն ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԻՐԱՆԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031