Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդահայերը դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները. «Ադրբեջանը ռասիստ է, տեռորիստ»

Հուլիս 19,2020 16:22

Հուլիսի 19-ին Ամստերդամի կենտրոնում՝ Դամ հրապարակում նիդերլանդահայ կազմակերպությունները դաշնակցական երիտասարդության նախաձեռնությամբ հանրահավաք էին նախաձեռնել՝ ընդդեմ Հայաստանի սահմանին Ադրբեջանի գործողությունների եւ ի աջակցություն հայոց բանակի: Վանկարկումներն այնքան բարձր էին, որ կազմակերպիչներից մեկի խոսքերով, նպատակ ունեին «ճաքեցնելու» շենքերը:

Հանրահավաքի մասնակիցները կրում էին եռագույն դրոշներ, Ադրբեջանի գործողությունները դատապարտող պաստառներ: Նրանք անգլերեն վանկարկում էին «Մենք խաղաղություն ենք ուզում», «Երբեք պատերազմ չենք ուզում»: Նաեւ հսկա եռագույններ էին կրում, որոնց հետ հանրահավաքի վերջում լուսանկարվեցին:

Դաշնակցական երիտասարդներից Արփիար Մելիքյանն իր անգլերեն ելույթում հիշեցրեց, թե ինչպես Գուրգեն Մարգարյանը կացնահարվեց Ռամիլ Սաֆարովի կողմից, իսկ նրան Ադրբեջանի նախագահը հերոսի կոչում շնորհեց: Երիտասարդ ցուցարարը շեշտեց, որ Ադրբեջանը շարունակում է իր զավթողական քաղաքականությունը՝  թիրախավորելով Հայաստանի խաղաղ բնակավայրերը:

«Մեր ժողովուրդն ապացուցել է, որ օրհասական պահերին տարակարծությունները, քաղաքական տարաձայնությունները մի կողմ է դնում եւ միասնական հանդես գալիս թշնամու դեմ: Այս հրապարակները շատ հայկական ցույցեր են տեսել… Քառօրյա պատերազմի ժամանակ եւս ժողովուրդը հինգ հարյուր հոգանոց հանրահավաք հրավիրեց եւ իր պահանջները ներկայացրեց: Մեր հայրենիքը մեզ համար սրոբություն է, որն ունի իր սահմանները, որը պաշտպանվում է մեր բանակի, մեր եղբայրների կողմից: Շատերս բախտ չենք ունեցել ծառայել մեր բանակում, բայց մենք էլ պետք է այնպես անենք, որ մեր բանակի տարած հաղթանակները արձանագրվեն քաղաքական եւ դիվանագիտական հաղթանակներով»,-ասաց մեկ ուրիշ ցուցարար:

Հանրահավաքի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու՝  Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությանը. «Եթե Մեծամորը կործանվի կամ պայթի, ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Վրաստանը, Իրանը, Թուրքիայի մեծ մասը կոչնչանան, սա հիմար ինքնասպանության նման մի բան է, չնայած ատոմակայանը հնարավոր չէ պայթեցնել, քանի որ շատ լավ պաշտպանված է»:

Ցուցարարները այս ելույթից հետո սկսեցին անգլերեն վանկարկել «Ադրբեջան, տեռորիստ»: Հանրահավաքի ժամանակ հնչեցին նաեւ ազգագրական երգեր:

«Ադրբեջանը պետք է մտքից հանի՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելը: Ես երեկ լսում էինք, թե ինչպես իրենց որջից՝ դեսպանատնից հնչում գոչումներ, որ Ղարաբաղը մերն է, մերն էլ կլինի… Ղարաբաղը ազատ երկիր է, եւ ազատ էլ կապրի՝ իր ժողովրդի կամքով»,-հայտարարվեց հանրահավաքում: Հանրահավաքի ավարտին մասնակիցները  տարբեր լեզուներով վանկարկեցին  «Արցախը Հայաստան է», «Ադրբեջանը ահաբեկիչ է», «Ադրբեջան, ռասիստ» է:

Նախորդ օրը եւս հանրահավաք էր տեղի ունեցել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Նիդերլանդական օրագրի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031