Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան կփորձի՞ իր զինծառայողներին տեղակայել Ադրբեջանում. տավուշյան թեժացման հնարավոր զարգացումները

Հուլիս 19,2020 15:00

Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ վերջին օրերին Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներից եւ ԱԳՆ-ից հնչեցին հայտարարություններ այն մասին, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է, որ Հայաստանը պետք է խելքը գլուխը հավաքի, որ իբրեւ թե Հայաստանն է ռազմական ագրեսիայի հեղինակը։ Այս զարգացումների մասին «Առավոտը» զրուցել է թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ:

– Պարոն Գաբրիելյան, նախ, ձեր գնահատմամբ` ինչո՞վ են տարբերվում Թուրքիայի նշյալ հայտարարություններն, օրինակ, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ կատարած հայտարարություններից եւ ինչո՞վ է պայմանավորված ոչ թե Արցախի, այլ ՀՀ սահմանին հակառակորդի ագրեսիայի հանդեպ Թուրքիայի նման «նախանձախնդրությունն» ու հետաքրքրությունը։

– Իսկապես, տավուշյան թեժացման հանդեպ Թուրքիայի արձագանքը բավականին արագ է, բազմաշերտ, կոշտ, անգամ՝ սպառնալից եւ այդ առումով այն գերազանցում է ապրիլյան թեժացման ժամանակ իր իսկ արձագանքը։ Սրա պատճառների հիմքում կառանձնացնեի 3 հիմնական գործոն.

1.Բազմաթիվ պատճառներով վերջին տարիներին Ադրբեջանի կարեւորությունը Թուրքիայի համար աճել է շեշտակի։ Հիմնական կետերից մեկն առնչվում է գազային ոլորտին։ 2019թ. Ադրբեջանը Թուրքիային գազամատակարարումների ծավալով դուրս է եկել 2-րդ տեղ՝ գերազանցելով Իրանին եւ զիջելով Ռուսաստանին։ Նախորդ տարի Թուրքիան գրեթե 40 տոկոսով նվազեցրել է ռուսական գազի մատակարարումները, փոխարենը գրեթե 30 տոկոսով մեծացրել է ադրբեջանական գազի ներկրումները, որի գինն ավելի էժան է Թուրքիայի համար։ Իսկ ահա այս տարվա մարտից սկսած՝ Ադրբեջանը դարձել է Թուրքիայի թիվ մեկ գազամատակարարը, իսկ Ռուսաստանը հայտնվել է երրորդ հորիզոնականում՝ զիջելով նաեւ Իրանին։ Արդյունքում Ռուսաստանի մասնաբաժինը Թուրքիայի կողմից գազի ներկրումներում 33 տոկոսից նվազել է մինչեւ 9,9 տոկոսի։ Բացի այդ, այս տարվա հոկտեմբերից մեկնարկելու են ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպային՝ Թուրքիայի տարածքով։ Այսինքն, ադրբեջանական գազն առաջին անգամ հայտնվելու է Եվրոպայում, իսկ հեռանկարում՝ նույն երթուղով կարող է Եվրոպային մատակարարվել միջինասիական երկրների գազը, եթե Կասպից ծովի հատակով կառուցվի «Անդրկասպյան» գազատարը։ Այս ամենը ի ցույց է դնում Թուրքիայի համար Ադրբեջանի կարեւորության աճը, եւ որքան աճում է այդ կարեւորությունը, բնականաբար, այնքան շատ Թուրքիան պետք է փորձի աջակցել Ադրբեջանին, այնքան զգայուն է դառնում նա Ադրբեջանին (եւ այդպիսով հենց իրեն) առնչվող խնդիրների հանդեպ։

2.Դեռեւս 2010թ. օգոստոսի 16-ին Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ կնքվել է ռազմական փոխօգնության մասին համաձայնագիր, որն Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել էր նույն թվականի դեկտեմբերի 21-ին։ 5 բաժնից ու 23 հոդվածից բաղկացած այդ պայմանագրի 3-րդ հոդվածը նախատեսում է երկու երկրների միջեւ սերտ համագործակցություն պաշտպանական ու ռազմատեխնիկական գործակցության ոլորտում։ Առավել կարեւոր է, սակայն, 2-րդ հոդվածը, որում նշված է հետեւյալը. «Եթե կողմերից մեկը երրորդ երկրի կամ մի խումբ երկրների կողմից ենթարկվի զինված հարձակման ու ագրեսիայի, ապա կողմերը միմյանց օգնելու են բոլոր հնարավորությունների օգտագործմամբ»։ Հիշենք թուրքական կողմի սուր հայտարարությունները, որոնցում Հայաստանը մեղադրվում է «Ադրբեջանի հանդեպ ագրեսիա իրականացնելու» համար։ Ստացվում է, որ Թուրքիան չի կատարում իր պայմանագրային պարտականությունները (այս իրավիճակն ինձ որոշակի հիշեցնում է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը)։

3.Թուրքիայի ներկայիս իշխանությունները նախկինում հայտարարել են, որ «1990-ականների սկզբին (Հին) Թուրքիան թույլ էր, դրա համար էլ չեն կարողացել կանխել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիան»։ Բացի այդ, նրանք քանիցս հայտարարել են, որ իրենց (Նոր) Թուրքիան ամենաուժեղն է վերջին 300 տարվա կտրվածքով (բնականաբար, նկատի է առնվում նաեւ Օսմանյան կայսրության մի ժամանակաշրջանը)։ Եվ տավուշյան դեպքերին խիստ արձագանքելով՝ նրանք փորձում են ապացուցել իրենց խոսքերի «իսկությունը»։

– Ի՞նչ եք կարծում, կա՞ն հիմքեր մտածելու, որ Տավուշի սահմանին Ադրբեջանի ռազմական գործողությունները համաձայնեցված են իր եղբայր Թուրքիայի հետ եւ ինչպիսի՞ պատճառներից կարող են բխել դրանք։

– Իմ կարծիքով՝ անպայմանորեն։ Սակայն, մյուս կողմից, Թուրքիային ձեռնտու չէ մասշտաբային պատերազմ Կովկասյան տարածաշրջանում, քանի որ դրա ժամանակ կարող են հարվածի տակ ընկնել ասենք՝ «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարը, «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը, «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը, միգուցե նաեւ «Բաքու-Սուփսա» նավթատարը։

– Ձեր հրապարակային դիտարկումներում նշել էիք, որ եթե առաջիկայում տավուշյան ուղղությունը շարունակի թեժ մնալ, Թուրքիան կփորձի իր զինծառայողներին տեղակայել Ադրբեջանի տարածքում՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի երկայնքով։ Որո՞նք են այդ հատվածի կարեւորությունը եւ անհանգստության պատճառը Թուրքիայի համար։

– Ցավոք սրտի, իսկապես կանխատեսում եմ, որ վերոնշյալ պատճառներով տավուշյան ճակատն առաջիկայում կմնա թեժ եւ իսկապես կցանկանայի ամբողջովին սխալվել այս հարցում։ Մի փոքր հավելեմ, թե ինչու իրավիճակը կլինի այդպիսին։ Ռուսաստանը, որը վերջին տարիներին ապահովել է Թուրքիայի գազամատակարարումների 55-60 տոկոսը, տարիներ շարունակ անվիճելի ձեւով զբաղեցնում էր առաջին տեղը, սկսել է զիջել իր դիրքերը եւ այդպիսով կորցնել իր անչափ կարեւոր գազային լծակը Թուրքիայի նկատմամբ, որը շարունակ քայլեր է ձեռնարկում ռուսական գազից ունեցած մեծ կախվածությունը նվազեցնելու համար (2015թ. նոյեմբերի 24-ի «ինքնաթիռային» հայտնի միջադեպը լուրջ խթան հանդիսացավ թուրքական կողմի համար)։ Ստացվում է, որ ադրբեջանական գազի պատճառով Ռուսաստանն իր «գազային» ազդեցությունը, գազային լծակը կորցնում է Թուրքիայում, որն ինքնին գազի սպառման խոշոր շուկա է, եւ հիմա էլ որոշակի հարվածի տակ են դրվում Ռուսաստանի գազային դիրքերը Եվրոպայում։ Եվ սա այն դեպքում, երբ այս տարի ռուսական «Գազպրոմի» եկամուտները նվազել են 52,6 տոկոսով (Ռուսաստանի նավթային եկամուտներն էլ նվազել են 1/3-ով)։ Ադրբեջանն էլ այս համատեքստում ընդլայնել է ԲԹԷ-ի հնարավորությունները, որպեսզի Թուրքիային կարողանա նախկին 6,5 միլիարդ խ/մ-ից բացի, մատակարարել եւս 6 միլիարդ խ/մ, իսկ Եվրոպային՝ 10 միլիարդ խ/մ ադրբեջանական գազ։ Այլ կերպ ասած՝ ԲԹԷ-ի հզորությունը 6,5-ից հասցվել է ավելի քան 20 միլիարդ խ/մ-ի, այդպիսով ԲԹԷ-ի (եւ այդպիսով Կովկասյան տարածաշրջանի) աշխարհաքաղաքական կարեւորությունը աճել է եռակի (ընդ որում՝ հետագայում ծրագրված է ավելի մեծացնել այս թվերը, այդ թվում՝ նաեւ միջինասիական երկրներից գազամատակարարումների շնորհիվ)։ Իսկ ԲԹԷ-ն անցնում է Ադրբեջանի Թովուզ քաղաքով (ՀՀ սահմանին գազատարի ամենամոտ հատվածը հենց այստեղ է), եւ վերջին օրերի ռազմական գործողությունները հենց այս գոտում են ընթանում։ Ըստ իս՝ հենց այս պատճառով էլ իրավիճակը որոշակի դադարներով կարող է թեժ լինել տավուշյան ճակատում, եւ Ռուսաստանն այսպիսով ցանկանում է ուղերձներ, զգուշացումներ հղել Թուրքիային, որ եթե նա որոշել է զգալիորեն հրաժարվել ռուսական գազից, հույսը դրել է ադրբեջանական գազի մատակարարումների վրա, ապա չպետք է մոռանա, որ ԲԹԷ-ն (նաեւ ԲԹՋ-ը) տավուշյան ճակատում կարող է ժամանակ առ ժամանակ պայթել։ Այնպես որ, թուրքական կողմի ակտիվ եւ կոշտ արձագանքը տավուշյան լարվածությանը ես ընկալում եմ որպես առաջին հերթին Ռուսաստանին եւ ոչ թե Հայաստանին հասցեագրած արձագանք։ Ոչ մի կերպ չեմ կարող կարծել, թե Թուրքիան նման կոշտ ձեւով արձագանքում է Ադրբեջանի կողմից 1-2 դիրք կորցնելուն եւ/կամ 1-2 տասնյակ զինծառայող կորցնելուն։ Տավուշյան ճակատում հետագա թեժացումները եւ ԲԹԷ-ի հնարավոր պայթեցումները (սադրանքները) կարող են հանգեցնել նրան, որ արդյունքում Թուրքիան կփորձի իր զինծառայողներին տեղակայել Ադրբեջանում՝ ԲԹԷ-ի երկայնքով (Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը նախկինում անցկացրել են այդ ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված զորավարժություններ)։ Եթե Ադրբեջանի ղեկավարությունը նման խնդրանքով դիմի Թուրքիայի ղեկավարությանը (ինչպես որ վարվեց Ֆ. Սարաջի լիբիական կառավարությունը ոչ վաղ անցյալում), իսկ Թուրքիան էլ համաձայնի գնալ այդ քայլին, չեմ կարծում, թե որեւէ մեկը (հատկապես իրավական տեսանկյունից) կկարողանա խոչընդոտել դրան։ Սա խիստ անցանկալի սցենար կլինի մեզ համար եւ կառաջացնի Հայաստան-Թուրքիա ռազմական ուղիղ բախման վտանգ։

Զրուցեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031