Գառան միսը ցանկացած տարբերակով է անմահական՝ խաշլամա, բամիայով, ուզբեկական փլավի մեջ, փուռը դրված վիճակում… Այս անգամ առաջարկում եմ պատրաստել այս եղանակով, որը նույնպես շատ համեղ է եւ յուրահատուկ տեսք ունի:
Անհրաժեշտ մթերքները
Գառան կողամիս («չալաղաջ»)- 8-10 կտոր
Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ, ուրց-ըստ ճաշակի
Կարդացեք նաև
Կարտոֆիլ-4 հատ
Սունկ-4 հատ
Թարմ կարմիր պղպեղ-2 հատ
Դդմիկ կամ սմբուկ-1 հատ
Կանաչ թանձրուկի համար
Կարագ-150 գրամ
Սպիտակ հաց՝ նախորդ օրվա-3-4 շերտ
Սխտոր-4 պճեղ
Մաղադանոս-1 կապ
Կանաչ կծու պղպեղ-կես հատ
Համեմունքներ- ըստ ճաշակի
Աղ-1 ճաշի գդալ
Ձիթապտղի յուղ-3 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Գառան կողիկները նախապես, կարելի է մեկ-երկու օր առաջ, կամ առնվազն 3-4 ժամ առաջ համեմել աղով, սեւ եւ կարմիր պղպեղներով, չորացրած ուրցով, դնել սառնարան:
Պատրաստել կանաչ թանձրուկը: Դրա համար չորացած հացի շերտերը կտրատեք, լցրեք բլենդերի ամանի մեջ, ավելացրեք կտրատած կարագի կտորները, սխտորը, համեմունքները եւ ձիթապտղի յուղը, լավ հարեք, ավելացրեք նաեւ լավ լվացած եւ չորացրած մաղադանոսը՝ մանր կտրատած, ինչպես նաեւ՝ կծու պղպեղը, աղ, սեւ եւ կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի: Շարունակեք հարել, մինչեւ դառնա համասեռ զանգված: Այս զանգվածը լցրեք պոլիէթիլենային թաղանթի մեջ, փաթաթեք, եւ դրեք սառնարան:
Գառան կողիկները նախապես 3-ական րոպեով տապակեք երկու կողմից՝ գրիլ- թավայի վրա:
Ջեռոցի թիթեղի վրա փայլաթիթեղ դրեք: Գառան կողիկները գրիլ-թավայի վրա երկու կողմից կարմրացնելուց հետո դրեք տապակի վրա: Կողքերը շարեք երկու մասի բաժանած մատղաշ կարտոֆիլը, դդմիկը, սմբուկը, սնկի գլխիկները: Բանջարեղենի վրա քիչ աղ եւ պղպեղ ցանեք:
Սառնարանից հանեք կանաչ կարագը, կտորներ կտրեք եւ շարեք մսի եւ բանջարեղենի վրա եւ դրեք 180-200 աստիճան տաքացրած ջեռոցը 30-35 րոպեով:
Մատուցեք տաք վիճակում: Շատ համեղ է կարմիր չոր գինու ընկերակցությամբ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ