ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը այս փուլում լիովին արտահայտում էր մեր մտահոգությունները: Այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀԱՊԿ հայտարարության մեջ կրկին կողմերին զսպվածության կոչ է արվում, մինչդեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է: Աննա Նաղդալյանը նկատում է՝ հայտարարության մեջ հստակ նշված էր, որ գործողությունները տեղի են ունենում ՀԱՊԿ տարածաշրջանում:
Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի, ստեղծված իրավիճակում Հայաստանը կարեւորում էր ՀԱՊԿ գործընկերներին տեղեկատվության տրամադրումը, ինչը եւ տեղի ունեցավ քարտուղարության նիստում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից փոխօգնություն խնդրելուն, ԱԳՆ խոսնակը նույնպես վստահեցնում է՝ հայկական կողմերը լիովին տիրապետում են իրավիճակին եւ ՀԱՊԿ-ին փոխօգնության հարցով դիմելու խնդիր չկա:
Մոսկվայում, հայկական ծիրանի հետ կապված պատմությունների մասով էլ ԱԳՆ խոսնակն ասաց, որ մեր կառույցներն աշխատում են խնդրի հասցեագրման ուղղությամբ:
Մեկ այլ հարցի՝ կանդրադառնա՞ հայ-իսրայելական հարաբերությունների վրա այն փաստը, որ Ադրբեջանը Հայաստանի խաղաղ բնակչության դեմ օգտագործում է իսրայելական արտադրության հարվածային դրոններ, Աննա Նաղդալյանն ասաց, որ հայկական կողմը ավելի լայն է դիտարկում այդ հարցը: «Ադրբեջանին զենք վաճառելու եւ սպառազինության մրցավազքի հարցը արտաքին գործերի նախարարությունը բարձրացնում է երկկողմ հանդիպումների ժամանակ եւ միջազգային հարթակներում: Կարծում ենք, որ զենքի վաճառքը Ադրբեջանին մահացու բնույթ է կրում: Ադրբեջանն առանց հապաղելու զենք կկիրառի խաղաղ բնակչության դեմ: Հուլիսի 12-ին հաջորդած իրադարձությունները փաստերով հաստատում են մեր խոսքերը: Մենք հետեւողական կլինենք այս հարցում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ