Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ ունեցել ենք հերթական խաղաղ օրը, եւ բնակիչները հնարավորություն են ունեցել իրենց առօրյա աշխատանքներին վերադառնալու: Շարունակվել են երեկ սկսված ենթակառուցվածքների վերականգնողական աշխատանքները, որոնք երեկ՝ օրվա վերջում, ըստ էության, մարզպետի փոխանցմամբ, արդեն ավարտին էին հասցվել:
Բոլոր պայմանները եղել են այսօր գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար, եւ մարզպետի տպավորությամբ, սահմանամերձ գյուղերի բնակիչներն այսօր հենց գյուղատնտեսական աշխատանքներով էլ զբաղվել են: Այսօր շարունակվել են նաեւ հրետանակոծությունների եւ գնդակոծությունների գույքագրման աշխատանքները: Դրանք համարյա ավարտին են մոտենում: Ամբողջական գնահատում կունենանք շաբաթվա վերջում, բայց այսօր առանձնացվել են 12 տուն՝ 6-ը՝ Այգեպարում, 6-ը՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ վերականգնողական աշխատանքներ արդեն կատարվել են:
Երկու բնակարններում երեկ են սկսվել վերականգնողական աշխատանքները, եկող շաբաթվա սկզբին արդեն կունենանք լիարժեք վերանորոգված բնակարաններ եւ տներ: Այսօրվա գույքագրման արդյունքում հայտնաբերվել են նաեւ մի շարք ավերածություններ, որոնք եղել են նախկին հրետակոծությունների արդյունքում, այդ թվում նաեւ 1990-ականների: Դրանք նույնպես ներառվել են վերանորոգումների ցանկում:
Քաղպաշտպանության համակարգը եւս համալրվել է նոր սարքավորումներով, շտապ օգնության մեքենաներով: Անվակետերում ուժեղացված հսկողությունը եւս շարունակվում է:
Կարդացեք նաև
Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը ապաստարաններով ապահովված են: Մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց, որ մեր գյուղերում կան նաեւ անհատական եւ խմբային ապաստարաններ: Տների նկուղները նույնպես ապաստարանի տեղ են ծառայում դեռ 1990-ականներից:
Մարզպետը բարձր է գնահատում ժողովրդի ինքնապաշտպանական բարձր զգացողությունն ու բնազդը եւ այն, որ 100-ից ավելի հրետակոծությունների հետեւանքով ունենք ընդամենը մեկ վիրավոր, նա համարում է նախ մեր ժողովրդի ինքնապաշտպանական մշակույթի արդյունք:
Այժմ տեղի է ունենում ապաստարանների համալրման աշխատանքներ, խոսքը փոքր նկուղ-ապաստարանների մասին է: Մրցույթը հայտարարված է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ