Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդի մի անդամին ծանուցել են՝ արգելանքը հանված է, ըստ մյուսի՝  ռեկտորի մրցույթն առոչինչ է

Հուլիս 18,2020 18:40

Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ, «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանից հետաքրքրվեց՝ որպես խորհրդի անդամ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանից պատշաճ ծանուցվել էր, որ ԴԱՀԿ-ի կողմից արգելանք կա, ուստի հուլիսի է 17-ի նիստը, որի ժամանակ բուհի ռեկտոր էր ընտրվելու, չի կայանալու, արդյոք մինչեւ նոր նիստը կայանալը  դարձյալ նամակ ստացե՞լ են, որ ԴԱՀԿ-ն արգելանքը հանել է:

Պարոն Մելիքսեթյանն ասաց, որ խորհրդի նախագահի կողմից նիստին նախորդող օրը, ժամը 4-ի կողմերը ծանուցվել են, որ ԴԱՀԿ-ի կողմից արգելանք կա: «Հետո ավելի ուշ՝ երեկոյան 9-ի կողմերը ծանուցվել ենք, որ արգելանքը հանված է, եւ նիստի ժամանակ այդ ամենը նույնպես քննարկվել է: Նիստի արձանագրության մեջ այդ ամենը կա»,-ասաց մեր զրուցակիցը:

Բուհի խորհրդի մեկ այլ անդամ՝ Համլետ Թադեւոսյանն էլ  ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը առոչինչ է, քանի որ խորհրդի անդամները չեն հրավիրվել նիստի. «Լինելով ՀՊՏՀ խորհրդի անդամ, հուլիսի 16-ի երեկոյան պաշտոնական նամակ եմ ստացել ՀՊՏՀ խորհրդի նախագահի անունից առ այն, որ այդ պահի դրությամբ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի մրցույթի արգելանքն ուժի մեջ է, որովհետև դատարանի որոշումից հետո Հարկադիր կատարումը ապահովող ծառայությունը դեռևս չի հանել արգելանքը: Սակայն, այս պաշտոնական նամակից հետո կապի որևէ միջոցով չի ուղարկվել նիստի հրավեր կամ ծանուցում այն մասին, որ արգելանքը հանվել է, կամ որ մենք հրավիրվում ենք նիստի»:

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը 22 «կողմով» ռեկտոր էր ընտրվել, թեեւ  մրցույթին մասնակցելու պարտադիր  պահանջներից մեկը հանդիսացող նրա դոկտորական գիտական աստիճանը նույն օրն անվավեր է ճանաչվել, եւ ըստ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի, այդ պարագայում ընտրությունն ուժ ունենալ չի կարող: Ռուբեն Հայրապետյանը նաեւ գրել էր. «Ես մեծ հույս ունեմ, որ կառավարության անդամները չեն կիսում այն ակնհայտ հովանավորչության մոտեցումները, որոնք իրականացվել են ԿԳՄՍ նախարարությունում»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031