ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը կարծում է, որ խորհրդարանական «ապրիլյան» քննիչ հանձնաժողովի զեկույցից հետո, եթե «անօրակ դիզվառելիքի» հարցը տեղ գտնի զեկույցում, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակային հայտարարություններ կանի եւ պարզաբանումներով հանդես կգա՝ «եթե անհրաժեշտ համարի»:
Հիշեցնենք, օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ ֆեյսբուքյան ասուլիսում օգտատերերից Վահագն Հովհաննիսյանը հարց էր ուղղել խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ արդեն հերքել եք, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վառելիքի խնդիր է եղել, արդյո՞ք համարձակվեք պնդել, որ սննդի մատակարարման խնդիր էլ չի եղել: Հիշեցնենք նաեւ, որ ապրիլյան պատերազմից հետո վառելիքի պակասի մասին խոսակցությունները լեգիտիմացրեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը 2017 թվականի մարտի 1-ին ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»: Կարեն Կարապետյանը մարտի 13-ին Ավանում, ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ կրկին անդրադարձել էր այդ թեմային՝ շեշտելով. «Այո՛, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք: Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատացնում»:
Օգտատիրոջ հարցին ի պատասխան, Անդրանիկ Քոչարյանն, ըստ էության, բացահայտեց, թե ինչ է ասել Կարեն Կարապետյանը՝ հանձնաժողովում. «Ձեր կարծիքով Կարեն Կարապետյանին ինչո՞ւ ես հրավիրեցի: Հրավիրեցի, որպեսզի հանձնաժողովում ինքը հստակ կամ հերքի, կամ հաստատի իր ասածը: Կարեն Կարապետյանը չկարողացավ համոզիչ պատասխան տալ, թե այդ տեսակետն ինչո՞ւ էր ինքը հնչեցնում՝ լինելով ՀՀ վարչապետ: Ժամանակին, եթե նախորդ իշխանությունները նույն Կարեն Կարապետյանին կանչեին եւ հարցնեին՝ էս տեսակետները, որ շաղ ես տվել, ի՞նչ հիմքեր ունես: Վարչապետ էիր, ստուգեիր՝ տեսնեիր: Թե՞ վարչապետի պաշտոնը լավ է զբաղեցնել, հայտարարություններ անել, հասարակությանը դնել անորոշությունների մեջ, հետո գնալ մեկ այլ լավ աշխատանքի՝ ՌԴ-ում եւ խուսափել այդ հարցերի պատասխանները տալուց: Այս անգամ մեզ հաջողվեց Կարեն Կարապետյանին հրավիրել, լսել եւ հստակ ասել, որ վառելիքի, վառելիքի որակի խնդիր… եթե հիշում եք, դրանից առաջ մենք շատ պաշտոնյաների եւ զինվորների՝ առաջնագծի մասին պատմածը: Պարոն Կարապետյանի խղճի խնդիրն է, որ ինքը մի օր՝ առանց հանձնաժողովի ներկայության ասի՝ կներեք, ես սխալվել եմ, որ ասել եմ անորակ վառելիք է եղել տանկերի մեջ»:
Բայց, ըստ Անդրանիկ Քոչարյանի, սա դեռ չի նշանակում, որ ապրիլյան պատերազմի ժամանակ բոլոր խնդիրները լուծված են եղել, այնպես որ, նա խորհուրդ տվեց համբերատար սպասել հանձնաժողովի եզրակացությանը: Զեկույցը կներկայացվի աշնանը:
Կարդացեք նաև
Անկախ ամեն ինչից, Արտակ Զաքարյանը մեկ անգամ եվս հստակեցնում է՝ փաստը մնում է փաստ, որ ՀՀ ԶՈՒ-ն երբեք որեւէ բանի կարիք, պակաս չի ունեցել եւ այն, ինչ անհրաժեշտ է զինված ուժերին իրենց խնդիրները լուծելու համար, բոլոր ժամանակներում էլ ունեցել են ըստ պլանավորման, դեռ մի բան էլ ավել: Իսկ ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը նման հայտարարություն արել, կարծում է, որ արդեն հայտարարության հեղինակն ինքը պետք է պարզաբանումներ տա: Հետաքրքրվեցինք՝ եթե Կարեն Կարապետյանը նպատակահարմար չգտնի եւ պարզաբանումներ չտա՝ ի՞նչ հետեւություններ պետք է անել, Արտակ Զաքարյանը ասաց՝ դժվարանում է ենթադրություններ անել, թե ո՞րն է եղել հետեւությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ