Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայերը ադրբեջանցիների սադրանքին պատշաճ պատասխան են տվել. Սոս Ավետիսյանը՝ Մեծ Բրիտանիայի միջադեպի մասին

Հուլիս 18,2020 15:53

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Սոս Ավետիսյանն այն կարծիքին է, որ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան մոտ հայերը՝ տեղի ազգային կառույցների ներկայացուցիչները, ադրբեջանցիների սադրանքին պատշաճ պատասխան են տվել, եւ այդքանով թեման ամփոփվել է:

Հիշեցնենք, օրերս Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն էր սոցցանցի իր էջում տեսանյութ հրապարակել, որում ադրբեջանցիների եւ հայերի միջեւ քաշքշոց-ծեծկռտուք է՝ Մեծ Բրիտանիայի հայկական դեսպանատան մոտ: Տեսանյութում պարզ լսվում են հայատյացության կոչերը:

Կոնկրետ այս միջադեպով այլ ատյաններում հարցը զարգացնելու եւ քննարկելու խնդիր իշխող ուժի ներկայացուցիչը չի տեսնում: Բայց Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսնակի՝ Մեծամորի ատոմակայանը գնդակոծելու պատրաստակամության մասին արված հայտարարությունն, ասում է, բոլոր ատյաններում քննարկելու խնիր է:

Վերջին շաբաթվա ընթացքում թե՛ Ադրբեջանի պաշտոնյաների, թե՛ տարբեր երկրներում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների կողմից բավականին շատ եղան հայատյացության դրսեւորումներ: Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ այդ հարցերը ոչ միայն խորհրդարանի, այլ ՀՀ ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում են: «Դա հերթական հակահայկական հիստերիայի բռնկում է, որը ցույց է տալիս, թե ինչպիսի ժողովուրդ է հակառակ կողմում: Այս արձանագրումներն ընդհանուր համանկարի տեսքով կներկայացվեն համապատասխան կառույցներին»,- ասաց Սոս Ավետիսյանը:

Շատերին տարօրինակ թվաց, որ այս սադրանքի օրերին Ադրբեջանն ավելի շատ դաշնակիցներ ունեցավ, քան Հայաստանը: Տարբեր միջազգային կառույցների, պետությունների կողմից հավասարության նշան դրվեց, առանձին դեպքերում հայտարարությունները ի սատարումն Ադրբեջանի էին: Սոս Ավետիսյանը սա ընկալման խնդիր է համարում, այդ թվում նաեւ տարբեր շրջանակների, որոնք, իր գնահատմամբ, ցանկանում են այդպես մատուցել. «Կան միջազգային կառույցների արձագանքները, որոնք բալանսավորող են, ՀԱՊԿ հայտարարությունում մենք տեսանք, որ հստակ նշված է, որ Հայաստանն իրենց դաշնակից պետությունն է: Եվ խորհրդարանական դիվանագիտության եւ արտաքին գործերի նախարարության ջանքերով շատ երկրներ՝ Ամերիկա, Կիպրոս, Ավստրալիա, Ֆրանսիա, Արգենտինա, Հունաստանով մինչեւ Գվատեմալա, ուղիղ դատապարտել են: Այդ վավերագրումը շատ բաց եւ հասանելի է մեր հանրության համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031