«Հակառակորդի գործողությունները մենք տեսնում ենք անհրաժեշտ խորությամբ եւ ծավալով. պահպանո՞ւմ է արդյոք հակառակորդն այնպիսի ներուժ, որով կարող է մեծածավալ սադրանքներ անել. այո, պահպանում է, եւ մենք դա տեսնում ենք, ու նման գործողությունները մեր համար շատ պարզ են»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագոտու իրավիճակին:
«Եթե կդիմեն ոտնձգությունների եւ սադրանքների, կստանան արժանի հակահարված»,-վստահեցրեց նա: Հովհաննիսյանի խոսքով՝ սահմանագոտում իրադարձությունների դինամիկան րոպեների ընթացքում կարող է շեշտակի փոխվել. «Նախկինում տարիներ ի վեր հակառակորդը օրեր շարունակ սադրանքների չի դիմել, բայց դա չի նշանակում, թե տեւական խաղաղություն է հաստատվել: Ոչ մի բան չենք բացառում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ