Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ջոնաթան Լաքոտը, մտահոգիչ գտնելով Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանին տիրող իրավիճակը, հուլիսի 13-ին հարկ էր համարել հիշեցնելու մեզ, որ «Ֆրանսիան եւ Գերմանիան ավելի քան մեկ դար միմյանց ատել եւ իրար դեմ մարտնչել են, իսկ այսօր հանդիսանում են Եվրոպայի կառուցման շարժիչ ուժը»: Այսինքն,- ինձ թույլ եմ տալիս մեկնաբանել հարգարժան դեսպանի հորդորը,- հարկավոր է, որ հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցեն, ինչը, ըստ նրան, «պահանջում է խիզախություն եւ պարտավորեցնում է ողջ հասարակությանը»:
Նրանք, որոնք այս կամ այն կերպ, այս կամ այն հանգամանքով առիթ ունեցել են մասնակցելու եվրոպական տարբեր ֆորումների, հավանաբար բազմիցս լսել են աղավնակե՜րպ եվրոպացիների նման խրատները՝ ինչո՞ւ եք կռվում, հետեւեք մեր օրինակին, խաղաղ ապրեցեք, էլի: Այսինքն` Տվեք Արցախը, մի «պուճուր» հատված էլ Մեղրիից, որ Նախիջեւանով թուրքերը կապվեն իրար հետ, մի «փոքրիկ» կտոր էլ հյուսիսից…
Հավանաբար նույն կամ նույնպիսի հորդոր եվրոպացիներն ուղղել են նաեւ մեր ոխերիմ հարեւաններին, վստահաբար ծանոթ չլինելով մեր ժողովրդական դիպուկ ասացվածքին՝ գայլի գլխին Ավետարան կարդալ:
Բայց մի պահ թողնենք գայլերին եւ հարց տանք մեր եվրոպացի քարոզիչներին՝ ի դեմս հարգարժան պարոն դեսպանի. եթե 2-րդ աշխարհամարտում Գերմանիան տանուլ տված չլիներ իր իսկ սանձազերծած պատերազմը եւ ստորագրած չլիներ ամբողջական կապիտուլացիայի պայմանագիրը, այդ ինչպե՞ս էին լինելու Ֆրանսիայի եւ պատերազմի ժամանակ նրա դաշնակից երկրների հարաբերությունները Գերմանիայի հետ, որն այժմ ծպտուն անգամ հանելու փորձ չի կարող կատարել, օրինակ, Ալզաս-Լորենի մասին:
Կարդացեք նաև
Անշուշտ, «եթե»-ներով պատմությունը չես կարող վերաշարադրել: Բայց «եթե»-ները կարող են բացահայտել պատճառահետեւանքային կապը Գերմանիայի ջախջախիչ պարտության եւ դրա հետեւանքով, ու միայն դրա՛ հետեւանքով Եվրոպայում 1945-ի մայիսից ի վեր ստեղծված «յուղումեղր» հարաբերությունների միջեւ: Այստեղից՝ ճշմարտությունը, նաեւ մե՛ր ճշմարտությունը. խաղաղությունը պետք է պարտադրել:
Այսօր, վաղը եւ մյուս օրը մենք ստիպված ենք պաշտպանելու մեզ։ Սա Եվրոպա չէ:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում