Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանքագործական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 25.7% աճ․ «Ժամանակ»

Հուլիս 18,2020 11:25

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալների փոփոխությանը 2019-2020թթ. հունվար-մայիսին:

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալը 2020թ.-ի հունվար-մայիսին, 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է շուրջ 147.7 մլրդ ՀՀ դրամ՝ արձանագրելով 25.7% աճ, ինչը պայմանավորված է բացառապես մետաղական հանքաքարի արդյունահանման 26.5% աճով, որի տեսակարար կշիռը հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման կառուցվածքում կազմել է 97.3%:

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այսպիսի կատարողականը բացատրվում է «Հանքաքարեր, խարամ և մոխիր» ապրանքային խմբի արտահանման ծավալների 18.6% աճով՝ կազմելով շուրջ 271.3 մլն ԱՄՆ դոլար: Սա իր հերթին պայմանավորված է այս ապրանքային խմբի հիմնական ապրանքատեսակների՝ թանկարժեք մետաղի, մոլիբդենի և պղինձի հանքաքարի խտանյութերի արտահանման ծավալների աճով:

Հետաքրքրական է նկատել, որ 2 հիմնական արտահանվող ապրանքատեսակների՝ պղնձի և մոլիբդենի դեպքում, դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է արտադրանքի ֆիզիկական ծավալի (տոննայով արտահայտված)՝ համապատասխանաբար 24.1% և 1.7 անգամ աճ, ինչն էլ հիմնականում ուղղվել է դեպի արտահանում:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում համադրելով հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի ծավալի փոփոխության, ֆիզիկական ծավալի և արտահանման ծավալների հետ հնարավոր է եզրահանգել, որ դոլարային արտահայտությամբ արտահանման ծավալների աճը պայմանավորված է ֆիզիկական ծավալների աճով, ինչը նշանակում է, որ համաշխարհային շուկայում գների տատանումներից վնասները նվազագույնի հասցնելու նպատակով ավելի շատ են արտահանել (տոննայով): Իսկ տարեկան աճի տեմպը կախված է լինելու համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպից:

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնտեսագետ-վերլուծաբան Աննա Մակարյանի հետ:

– Տիկին Մակարյան, նախ կխնդրեմ ներկայացնել, թե ի՞նչ նպատակով է արվել այդ ուսումնասիրությունը, և, հաշվի առնելով այս ցուցանիշները, ի՞նչ առանձնահատկություններ կմատնանշեք այստեղ։

– Նախ նշեմ, որ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը պարբերաբար ներկայացնում է ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերին և ոլորտներին վերաբերող վերլուծություններ: Իսկ 2020թ.-ի հունվար-մայիսին, 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալների փոփոխությանն անդրադարձը պայմանավորված է նրանով, որ արձանագրել է ծավալի 25.7% աճ: Եվ հիմնականում այս աճի շնորհիվ է, որ դիտարկվող ժամանակահատվածում ամբողջ արդյունաբերական արտադրանքի ծավալը գրանցել է 2.4% աճ, մինչդեռ արդյունաբերության շարժիչը համարվող մշակող արդյունաբերության (2019թ.-ին տեսակարար կշիռը արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի կառուցվածքում՝ շուրջ 70%) կտրվածքով արձանագրվել է 3.4% անկում:

Այս պարագայում ցանկալի կլինի, որ 2020թ.-ի երկրորդ կեսին արդյունաբերական արտադրանքի ծավալի փոփոխությունը հիմնականում պայմանավորված լինի մշակող արդյունաբերության աճի տեմպով հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալների աճին զուգահեռ, և ոչ թե վերջինիս աճը կոմպենսացնի կամ մեղմի մշակող արդյունաբերության կտրվածքով արձանագրված անկումը:

– Վերլուծության մեջ նշված էր, որ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալը 2020թ.-ի հունվար-մայիսին, 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է շուրջ 147.7 մլրդ ՀՀ դրամ՝ արձանագրելով 25.7% աճ, ինչը պայմանավորված է բացառապես մետաղական հանքաքարի արդյունահանման 26.5% աճով, որի տեսակարար կշիռը հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման կառուցվածքում կազմել է 97.3 տոկոս: Ի՞նչ տեսակարար կշիռ ունի սա մեր ՀՆԱ-ի մեջ, եթե այս համատեքստում նկատի առնենք նաև այն հանգամանքը, որ, առհասարակ, մեր տնտեսության մեջ բավականին մեծ է հանքարդյունաբերության մասնաբաժինը:

– Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ավելացված արժեքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում 2019թ.-ին կազմել է 2.8%, իսկ 2020թ.-ի առաջին եռամսյակում՝ 3.5%: Սա նշանակում է, որ վերջինիս կողմից ստեղծվող ավելացված արժեքը բավականին փոքր մասնաբաժին ունի ՀՆԱ-ի կառուցվածքում:

Սակայն ապրանքների արտահանման տեսանկյունից հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը ներկայացնող «Հանքաքարեր, խարամ և մոխիր» ապրանքային խումբը բավականին մեծ տեսակարար կշիռ ունի արտահանման ծավալների մեջ՝ շուրջ 30%՝ 2020թ.-ի հունվար-մայիս ամիսներին, և վերջինիս ծավալները, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել են 18.6%-ով՝ կազմելով շուրջ 271.3 մլն ԱՄՆ դոլար:

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031