Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Գալոյան. Սմբատ Գոգյանը ԲՈԿ-ը չէ, ԲՈԿ-ը կոլեգիալ մարմին է, և Գոգյանը միայնակ որոշումներ կայացնել չի կարող. «Ժամանակ»

Հուլիս 18,2020 11:00

Երեկ մինչ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ընթանում էր ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը և մրցույթում հաղթող ճանաչվեց ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը, դրան զուգահեռ պարզ դարձավ, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:

Դիանա Գալոյանը չի հաշտվում կատարվածի հետ։ Նա մրցույթից հետո ասաց, որ, բնականաբար, բողոքարկելու է Գոգյանի որոշումը Վարչական դատարանում, բայց մինչ այդ Գալոյանը Գոգյանին մեղադրեց ինքնիրավչության մեջ։ Գալոյանի խոսքերով՝ երբ ԲՈԿ նախագահը տվել է անվավերության հայցի հրամանը, ինքն արդեն իսկ դա վերադասության կարգով բողոքարկել է նախարարություն: Իսկ Գոգյանը, ըստ Գալոյանի, մինչև վերադաս մարմնի կողմից իր բողոքարկման արդյունքները ունենալը, իրավունք չուներ այդ նիստն անելու և որոշում կայացնելու։ «Գոգյանը պատասխանատվության կենթարկվի նրա համար, որ չի սպասել նախարարության պատասխանին: Օրենքը ասում է, որ եթե կա վարչական վարույթի ներկայացված վարչական բողոք, ինքն այդ պահին ավտոմատ պետք է ստոպ լինի, մինչև կլինեին արդյունքները նախարարության կողմից։

Վերադասության կարգով առկա վարչական բողոքի պարագայում որոշում կայացնել հնարավոր չէր։ Ես անձամբ եմ տարել ԲՈԿ-ում բողոքի մասին տեղեկացրել, նախարարությունը ևս տեղեկացրել է, և այդ պարագայում Գոգյանն ինքնիրավչությամբ է զբաղվում։ Ես վստահ եմ, որ և՛ Վարչական դատարանում, և՛ վերադասության կարգով իմ բողոքների պատասխանը դրական է լինելու, և ես պահպանելու եմ և՛ իմ կոչումը, և՛ պաշտոնը»,- ասաց Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ Սմբատ Գոգյանը ԲՈԿ-ը չէ, ԲՈԿ-ը կոլեգիալ մարմին է, և Գոգյանը միայնակ որոշումներ կայացնել չի կարող․ «Միակ բանը, որ ինքնուրույն կարող է անել Գոգյանը, դա իր տեղակալի հանձնարարականներն են։ Դրանից ավելի ոչինչ նա անվավեր ճանաչել չի կարող»,- ասաց Գալոյանը։

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ինքնիրավչության մեղադրանքներին, ասաց, որ տիկին Գալոյանը սխալվում է։ «Որպեսզի տիկին Գալոյանի ասածով լիներ, հարկավոր էր, որ նախարարը գրավոր ընթացակարգով ինձ դրա մասին տեղյակ պահեր։ Իսկ նախարարը ինձ դրա մասին գրավոր ձևով տեղյակ չի պահել։ Պարզապես բանավոր կերպով տեղեկացրել է, որ տիկին Գալոյանից նման դիմում է ստացել։ Տիկին Գալոյանն անձամբ էլ է բերել այդ գրությունը թողել մեզ մոտ, բայց «Վարչարարության մասին» օրենքի համաձայն ու նաև Վճռաբեկ դատարանի՝ որոշում կա նախադեպային, որ վարչական վարույթի հարուցումը ավտոմատ չի կասեցվում վարչական բողոքի դեպքում»,-ասաց Գոգյանը՝ հավելելով, որ ինքը մշտապես ամեն ինչ անում է օրենքի շրջանակներում, իսկ եթե վերջում պարզվի էլ, որ ինչ-որ բան սխալ է արված, դա լինելու է իրավական մեկնաբանության պատճառ։ «Բայց մենք ոչ մի սխալ բան չեմ արել»,- ասաց Գոգյանը։

 

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031