Անցած հինգ օրերի ընթացքում Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից շարունակվող սադրիչ գործողությունները և շրջանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը Արցախյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու իր խիստ դատապարտելի մտադրությունից չի հրաժարվում և շարունակում է մնալ հարցի խաղաղ լուծման գլխավոր խոչընդոտ:
Դատապարտելի ենք գտնում նաև Թուրքիայի բացահայտ կողմնակալ կեցվածքը ներկա իրավիճակի առնչությամբ, որ միայն կարող է նպաստել տարածաշրջանի էլ ավելի ապակայունացմանը:
Վերջին իրադարձությունները եկան վերահաստատելու այն փաստը, որ հայոց քաջարի ու մարտունակ բանակը պատրաստ է ոչ միայն պաշտպանել հայրենի սահմանները, այլ հարկ եղած դեպքում ճշգրիտ գործողություններով բարելավել իր մարտական դիրքերը: Հույս ունենք, որ ռազմական գերակայության պատրանքներով լի հակառակորդը, որ տարիներ շարունակ Հայաստանի և Արցախի նկատմամբ ռազմատենչ կոչերով ու պատերազմի սպառնալիքով էր հանդես գալիս, վերջին զարգացումների լույսի տակ ճիշտ հետևություններ կանի և կվերադառնա բանակցային սեղան:
Այս օրերին, ավելի քան երբեք, կարևորում ենք համախմբվածության և միասնականության անհրաժեշտությունը, դիմագրավելու համար ոչ միայն երևացող, այլ աներևույթ թշնամուն, որը տակավին շարունակում է մեծագույն վտանգ ներկայացնել հայրենիքի բարօրությանը ու ապագային:
Կարդացեք նաև
Առ այդ, կրկին կոչ ենք ուղղում մեր հայաստանաբնակ և արցախաբնակ հայրենակիցներին՝ հետևել «Կորոնա» համաճարակի դեմ կանխարգելիչ կանոններին, հանուն «Հզոր սահման, հզոր թիկունք» սկզբունքի:
Կեցցե՛ հայոց բանակը:
Բյո՛ւր հարգանք զոհված մարտիկների հիշատակին:
ՍԴ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ