Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախարարության արձագանքը կամավորների՝ տավուշցի երեխաների համար ճամբար կազմակերպելու առաջարկին․ «Հայկական ժամանակ»

Հուլիս 18,2020 10:35

Այս օրերին սոցցանցերում բազմաթիվ են առաջարկները՝ տավուշցի երեխաների համար կազմակերպել ճամբարներ, ամառային հանգիստ ու դասընթացներ. կամավորներ են հավաքագրվում որպես դաստիարակ կամ դայակ երեխաների հետ աշխատելու համար: Հարյուրավոր մարդիկ էլ գրառումներ են անում, որ պատրաստ են հյուրընկալել երեխաներին իրենց տներում:

Պաշտոնապես նման առաջարկներ ուղարկվո՞ւմ են պետական մարմիններին, հենց իրենք՝ պետական մարմինները, նախատեսո՞ւմ են երեխաներին վտանգի գոտուց հեռացնելու համար այս օրերին կազմակերպել ճամբարներ՝ անվտանգ վայրերում՝ օգտագործելով կամավորների ուժերը: «Հայկական ժամանակ»-ի այս հարցերին ի պատասխան՝ Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վալեր Օրդյանը հաղորդեց, որ մարզպետարանը կամավորներից նման առաջարկներ չի ստացել՝ խնդրելով մանրամասները ճշտել մարզպետից: Նրանից, սակայն, պատասխաններ ստանալ չհաջողվեց:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը հաղորդեց, որ ոչ կամավորներից, ոչ էլ Տավուշի մարզի ծնողներից նամակ-դիմում-առաջարկներ չեն ստացել՝ ճամբար կազմակերպելու, երեխաներին տեղափոխելու առումով: «Բացի դրանից, պատկերացնում եք, չէ՞, թե համավարակի պայմաններում ի՛նչ է նշանակում կազմակերպել ճամբար. դա նշանակում է բոլոր կամավոր կամ ոչ կամավոր աշխատողների առողջ լինելու մասին երաշխիք պիտի ունենանք: Մենք պիտի վստահ լինենք, որ այդ մարդիկ առողջ են, պիտի գտնենք երեխաների ճամբարի համար հարմար տարածք, որ նաեւ ախտահանվի. դա միայն մեր նախարարությունով արվող բան չէ: Նաեւ, հարց է, թե ծնողները պատրա՞ստ են իրենց երեխաներին թողնել ճամբար գնան այս դրության մեջ»:

Դիտարկմանը, որ համավարակն էլ, պատերազմն էլ արտակարգ իրավիճակներ են, եւ ստիպում են դիմել արտակարգ միջոցառումների, իսկ ամառային ճամբարներ մշտապես էլ երեխաները գնում են՝ նա արձագանքեց՝ հիշեցնելով, որ համավարակի պայմաններում արգելված են բոլոր հանրային միջոցառումները, իսկ ճամբարը եւս հանրային միջոցառում է: «Պարետի ցուցումն է, որ չլինեն մարդկային կուտակումներ: Եթե պարետատունը որոշի, որ կարողանում ենք գտնել երեխաների համար համաճարակային առումով անվտանգ տարածք, ախտահանված, որտեղ հնարավոր կլինի ապահովել նրանց եւ ցերեկային, եւ գիշերային խնամքը, բնականաբար, մենք մեր բոլոր ռեսուրսներով պատրաստ ենք դա իրականացնել, բայց այս պահի դրությամբ ոչ նման առաջարկ ունենք, ոչ՝ ցուցում»:

 

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031