Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան․ Հակառակորդը բացահայտեց այն գործիքակազմը, որը պլանավորել էր օգտագործել լայնամասշտաբ գործողությունների ժամանակ․ «Հայկական ժամանակ»

Հուլիս 18,2020 10:15

Հայ-ադրբեջանական սահմանին սադրանքներ հրահրելուն զուգահեռ, Ադրբեջանը նաեւ տեղեկատվական պատերազմ է վարում: Արդեն մի քանի օր է՝ հայկական ֆեյք կամ կոտրված հաշիվներով Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում՝ հարձակում իրականացնելով նաեւ հայկական կայքերի վրա։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ Ադրբեջանը մեծ ռեսուրսներ է օգտագործում այս օրերին տարվող տեղեկատվական պատերազմի ժամանակ, սակայն դրանք հիմնականում արդյունք չեն տալիս։

– Պարոն Մարտիրոսյան, ինչպես սովորաբար, այս դեպքում եվս մարտական գործողություններին զուգահեռ՝ տեղեկատվական պատերազմ սկսվեց։ Ի՞նչ մեթոդներ կիրառվեցին այս անգամ։

– Կարելի է ասել, որ Հայաստանի դեմ բացահայտ հիբրիդային պատերազմ է տարվում։ Եթե նախորդ դեպքերի հետ համեմատենք, այստեղ կարեւոր մի բան կա, գրեթե բոլոր տարրերը, որոնք իրենք հիմա օգտագործում են՝ միշտ էլ օգտագործել են՝ կայքերի վրա հարձակում, նամակներ գրել, վախեցնել։ Հիմա տարբերությունն այն է, որ այս ամեն ինչը համակարգված է։ Այսինքն՝ մենք գործ ունենք հստակ համակարգի հետ, որն ուղղորդվում է մի տեղից, ինչ-որ կոնկրետ լուծումներ են փորձում ստանալ։ Բայց այնպես չէ, թե նրանք այս ամեն ինչը լավ են անում։

– Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի պայքարը հակառակորդի քարոզչության դեմ։

– Կարծում եմ, մենք պետք է աշխատենք սցենարային տարբերակով, ոչ թե փորձենք մաս-մաս հարց լուծել, այլ պետք է ունենանք պատրաստի լուծումներ։ Այն, որ նրանք նամակներ են ուղարկում, դա կարելի էր կանխատեսել։ 1 տարուց ավելի է, ինչ Ադրբեջանից զանգեր էին գալիս, այն ժամանակ արդեն կասկած կար, որ նրանք ինչ-որ տվյալների բազա են փորձարկում, որ տեսնեն աշխատող եւ չաշխատող հեռախոսահամարները։ Այսինքն՝ կար հստակ կասկած, որ նմանատիպ ինչ-որ բան կիրառվելու է։ Հակառակորդը բացահայտեց այն գործիքակազմը, որն ինքը պլանավորել էր օգտագործել լայնամասշտաբ գործողությունների ժամանակ։ Այնպես որ, մենք պետք է շատ ուրախ լինենք, որ այս ամեն ինչը բացահայտվեց ու կարեւոր է, որ հետո սա հաշվի առնենք։

– Երեկ ՊՆ-ի անունից լատինատառ կեղծ նամակներ են ուղարկվել Հայաստանի բջջային կապի մի շարք բաժանորդների։ Ինչպե՞ս են կարողացել դա իրականացնել:

– Պարզվում է, որ ներթափանցում է եղել միջնորդ հայաստանյան կազմակերպության բազա, ինչն, իհարկե, լուրջ խնդիր է։ Մենք պետք է անվտանգության կանոնները վերանայենք այն դեպքերում, երբ գործը կրիտիկական ենթակառուցվածքների հետ կապ ունի։ Ու էլի գալիս ենք այն հարցին, որ մենք պետք է վերջիվերջո ունենանք հստակ ռազմավարություն կրիտիկական ենթակառուցվածքների հետ կապված։ Այնպես չլինի, որ ով ինչ ուզի՝ անի այդ ոլորտում։

– Այն, որ հանրահայտ դեմքերը թեմայի վերաբերյալ գրառում են անում, ի՞նչ ազդեցություն է թողնում։

– Այն միանշանակ ազդեցություն թողնում է։ Առաջին օրը ադրբեջանցիները ֆլեշմոբ արեցին, իրենց երգիչները, ռեպերները, որոնք Ռուսաստանում են ապրում, գրում էին այս մասին։ Երկրորդ օրն արդեն՝ Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, հիմա էլ Ռուսաստանի հայերն են սկսել արձագանքել։ Ադրբեջանցիներն այնքան փորձեցին իրենց նյութերը դրսի մամուլում տեղադրել, որ այս ամենը սկսեց իրենց դեմ աշխատել։

Ատոմակայանի վերաբերյալ իրենց հայտարարությունը երեւի ամենատարածված նյութն է եղել այս ընդհարման ընթացքում։ Որովհետեւ մի բան է, որ ինչ-որ մի տեղ իրար կրակում են եւ մի քանի հոգի է զոհվում, այլ բան է, երբ մի երկիրը պաշտոնապես ասում է, որ ատոմակայան կպայթեցնի. դա արդեն բոլոր ֆորմատներից դուրս է։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031