Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիեւին սխալ են զեկուցել

Հուլիս 18,2020 10:00

Չեմ կարող հստակ ասել, թե ինչու է Իլհամ Ալիեւը դժգոհ իր ստորադասերից՝ հասկանալու համար պետք է խորապես ծանոթ լինել հարեւան երկրի քաղաքական կյանքի նրբություններին: Բայց դժգոհելու գոնե մեկ պատճառ Ադրբեջանի նախագահը, կարծում եմ, ունի. նրան սխալ են զեկուցում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ տնտեսական գործընթացների մասին, եւ այդ զեկույցները նրա մոտ թյուր տպավորություն են ստեղծել, թե մենք հավուր պատշաճի չենք դիմադրի իր կազմակերպած հարձակմանը (Ալիեւի մակերեսային պատկերացումների մասնակի արտացոլումն էին նրա՝ վերջին ամսվա անդրադարձերը մեր ներքաղաքական կյանքին): Հայաստանում կարող են լինել սուր բանավեճեր, կառավարության հրաժարականի պահանջներ, ընդդիմության ցույցեր, կարող են տեղի ունենալ զանգվածային անկարգություններ, հեղափոխություններ, իշխանափոխություններ, հեղաշրջումներ: Ինչ խոսք, այդ բոլոր իրադարձությունները միշտ չէ, որ նպաստավոր են պետության համար, բայց դրանք չեն կարող նպաստել, որ Ադրբեջանը հասնի իր նպատակին:

Կոնկրետ այսօրվա վիճակը Հայաստանում կայուն է, ինչը, կարծես, Ալիեւին զեկուցողները «չեն նկատել»: Սակայն եթե անգամ վաղն իրավիճակը փոխվի, դրանից հարեւան երկիրը չի կարողանա օգուտներ քաղել՝ ագրեսիային դիմակայելու հարցում մեր երկրում տարաձայնություններ չկան:
Չգիտեմ, թե որքանով են օտարերկրյա (ոչ միայն ադրբեջանական) վերլուծաբանները հաշվի առնում պատմական իրողությունները, բայց ես վստահ եմ, որ դրանք շատ կարեւոր են՝ ներկա իրավիճակը հասկանալու համար: Ադրբեջանի վերջին գրոհը մենք հետ մղեցինք ոչ թե այն պատճառով, որ մեզ մոտ երկու տարի առաջ հեղափոխություն է տեղի ունեցել, ինչպես որ դա երբեմն փորձում են ներկայացնել իշխանության քարոզիչները: Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին հաձակումն է, եւ եթե նայենք վերջին 30 տարիների կտրվածքով, ապա կարող ենք ասել, որ այդ գրոհների արդյունքում հարեւան երկիրը շոշափելի արդյունքների չի հասել:

Եվ գլխավոր պատճառն, իհարկե, այն է, որ մենք ունենք պետություն եւ բանակ: Իհարկե, օրինական ճանապարհով ընտրված եւ պոպուլյար ղեկավար ունենալն ավելի ձեռնտու է, քան ոչ պոպուլյարը եւ չընտրվածը: Բայց մեր դիմադրողականության պատճառներն ավելի խորն են, ավելին՝ 30 տարվա ժամանակահատվածով չեն սահմանափակվում:

Օտարկերկրյա ղեկավարների համար զեկույցներ պատրաստող վերլուծաբաններին խորհուրդ եմ տալիս մտածել հետեւյալ հարցերի շուրջ: Ինչու Հայաստանը, քրիստոնեություն ընդունելով, բավականին արագ (պատմության տեսանկյունից) որոշեց գնալ իր ուրույն դավանաբանական ճանապարհով, ինչու է մեր այբուբենը տարբերվում աշխարհի բոլոր մնացած այբուբեններից: Վերջապես՝ ինչն է պատճառը, որ մեր «հասակակից» հզոր ազգերը վերացել են պատմական ասպարեզից, իսկ մենք մնացել ենք:
Եթե «զեկուցողները» կարծում են, որ այդ գործոններն այսօր ոչ մի դեր չեն խաղում, ուրեմն նրանք լուրջ վերլուծաբաններ չեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Անեկդո՞տ.
    Ազերստանի զինվորները, օրը-ցերեկով, նստում են ՈՒԱԶ-ը, բարձր միացնելով կլկլան մուղամը, քշում են դեպի հայկական դիրքերը: Գալիս ու հասնում են հայկական, զինվորական «պոստին»: Հայերը հրաժարվում են հյուր ընկալելուց եւ թավիշով ասում են. «Эй, гражданина! Ты сюда не ходи, ты туда ходи. А то снаряд в башка попадёт. Совсем мёртвый будешь!»: Ազերները, իրենց հին սովորության համաձայն, շրջվում են, մեքենայում թողնելով լիցքավորված նարգիլեն ու չուզելով, անփորցանք, ոտքով վերադառնում են:

    Միգուցե նրանք ուզում էին պատմել Պուտինի և Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի խնդիրների մասին կամ Փաշինյանի և Գազպրոմի միջև բարեկամության և համագործակցության կամ ռուս-եվրոմիության կամ ռուս-թուրքական կամ ադրբեջանա-թուրքական գազատարների մասին:

    Ո՞վ ու՞մ և ինչի՞ համար է օգտագործում:
    Հայաստանի և Ազերստանի գլխավոր հրամանատարները «к пустой голове руку прикладывают или нет?»:

  2. henri says:

    Մեր պատմիչներու համաձայն,որ Տրդատի դարձը ի քրիստոնէութիւն հրաշքի կամ բարեպաշտութեան հետ կը կապեն,Գրիգոր Լուսաւորիչի միջնորդութեամբ, իրականին մէջ քաղաքական չտեսնուած հասունութեան արդիւնք էր ,որ պէտք էր զինու-զօրութեամբ յաջողցնել .ինչ որ գործադրեց Տրդատ ։
    Հայաստան պէտք էր ընտրել ընդմէջ ԿՐԱԿԱՊԱՇՏ պարսկաստանի և ԿՌԱՊԱՇՏ Հռոմի միջեւ,երկիրը սկսած էր այս զոյգ հոսանքներուն պատճառով պառակտիլ … Տրդատ փրկեց կացութիւնը ընտրելով ԵՐՐՈՐԴ տարբերակը ՛ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆԸ որ արդէն մուտք գործած էր շնորհիւ Թադէոս – Բարդուղիմէոս Առաքեալներու ,Հռիփսիմեանց-Գայանեանց կոյսերու … բնականաբար երկու հոսանքներէն ալ ընդիմութեան հանդիպելով ,շատ մը տեղեր Բանակի օգնութեամբ հարցերը լուծեց ,ոչ միայն յանուն Քրիստոնէութեան,այլ յանուն ԱԶԳԱՅԻՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ։
    Դարեր վերջ,նոյնը ըրաւ ՀԵԹՈՒՄ թագաւոր Գարագորում երթալով ,նոյնը կ՛ընենք ներկայիս երբ շեշտենք մեր առանձնայատկութիւնը որպէս ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԱԶԳ ,մեր Ծէսով-Լեզուով/գրաբար/-արարողութիւններով և հզօր կերպով կ՛ընդիմանանք երբ որևէ ուժ փորձէ խաղթել այս հաւասարակշռութիւնը ժամանակավրէպ նկատելով 21-րդ դարի պետութեան մը համար ։

    • Ruben says:

      Կոմունիստական կրոնապետությունը, կառավարման մոսկովյան կենտրոնով, հյուսիսարևելյան հայերի համար գոյատեւեց 70 տարի:
      Քրիստոնեական կրոնապետությունը Հայքում տևեց մի քանի տասնամյակ և ընկավ Բյուզանդիայի տիրապետության տակ:
      Ոչնչացնելով ազգային հավատքը և հնազանդվելով օտար կրոններին, վաղ թե ուշ ազգերը կորցնում են իրենց պետականությունը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031