Ռազմական գործողությունները շուտով Տավուշում կդադարեն: Եթե անգամ Արցախում շատ շտապ դրանք վերսկսվեն, ապա կրկին կնվազեն: Բայց չի դադարի այն պատերազմը, որը պայթելու է կամ արդեն իսկ պայթել է, որքան էլ մենք ու ամբողջ աշխարհն ասենք, թե Արցախյան հարցին ռազմական լուծում չկա: Արցախյան հարցին գուցեեւ ռազմական լուծում չկա, բայց այնքանով, որքանով աշխարհի համար Արցախյան հարց չկա, այլ կա գլոբալ՝ նոր աշխարհակարգի հարց: Արցախյան հարց կար միայն ադրբեջանցիների եւ մեզ համար, որը մենք գրեթե լուծել ենք քառորդ դար առաջ: Դա ընդամենը տեղավորել է պետք նոր աշխարհի պատկերացումներում:
Հիմա էմոցիոնալ հարթությունում միայն խոսում ենք, թե Տավուշում ինչպես սկսվեց, որ կողմից որքան զոհեր ու վիրավորներ կան, Թուրքիան ինչպես է կանգնում եղբոր կողքին, ՀԱՊԿ-ը կխառնվի-չի խառնվի, որ երկրի որ խորհրդարանականը ինչ դիրք բռնեց, մեր որ լրատվամիջոցը ինչ հղումներ արեց, պատերազմի ժամանակ քաղաքականությամբ զբաղվելը դավաճանություն է կամ ոչ, Հրանտ Բագրատյանը ով է կամ ինչ է… Անշուշտ, պատերազմի ժամանակ ոչ մի ավելորդ հարց չկա, բայց կա գերակայությունները, հիմնականները տեսնել-համակարգելու անհրաժեշտություն:
Աշխարհն ու մեր անհանգիստ տարածաշրջանը լուրջ վերաձեւումների առջեւ են: Հետսառըպատերազմյան իրողությունները դեռ չեն հռչակել նոր աշխարհակարգը. աշխարհը փոխվել է, կարգը՝ ոչ: Իսկ հինը քանդվում է արդեն 30 տարի. քանդվում է ոչ միայն, ասենք, Հարավսլավիան, այլեւ Սերբիան՝ իր Կոսովոյով. քանդվում է արցախյան հարց չունեցող Սիրիան, քանդվում է Հոնկոնգի հարյուրամյա պայմանավորվածությունը. քանդվում են ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕՆ ու ԱՀԿ-ն. քանդվում է միջին հեռահարության հրթիռների ռուս-ամերիկյան պայմանագիրը. մի անտեսանելի մանրէի պատճառով քանդվում է ներեվրոպական բաց սահմանների իրողությունը. քանդվում է մինչ այս հայտնի ՆԱՏՕ-ի կերպը: Քանդվում են՝ նորովի հավաքվելու համար: Աշխարհը միշտ է այդպես եղել – երբ համակարգերը հասել են իրենց գործառույթների գագաթին ու սպառվել են, սկսել են քանդվել-հավաքվել՝ նորոգվել: Եվ այդ նորոգումները նոր կանոններն են, նոր աշխարհակարգը: Մենք այնտեղ մեզ տեղ ապահովելու ռազմավարության համար բարի ցանկություններով խորհրդային-դպրոցական շարադրությունների եւ թույլատրելի հայրենասիրության բաժակաճառային տեքստերից դուրս պետք է փորձենք գտնել մեզ, ինչպես ՌԴ նախագահն իր երկրի համար հայտը ներկայացրեց մի քանի տարի առաջ, թե՝ «Ավելորդ է այն աշխարհը, որտեղ չկա Ռուսաստանը»: Իսկ մենք ի՞նչ ասենք – աշխարհի համար ընկալելի եւ պարտադրելի, մեր կարողություններին համապատասխան, որ դուրս չդրվենք Կյանքի գրքից:
Արդեն երկու-երեք տասնամյակ է՝ փլուզվում է Մուսթաֆա Քեմալի հանրապետական Թուրքիայի ազգային պետության կարգը: Ինչ-որ բան փրկելու համար թուրքերը փորձարկեցին նեոօսմանիզմ, քաղաքական իսլամ, եվրաինտեգրում, նեոպանթյուրքիզմ… Փորձարկման կամ խոտանման փուլում են «Զրո հակասություն հարեւանների հետ», «Մեկ ազգ՝ երկու պետություն» ու համանման մոդելները: Եվ դա բնական է, ինչպես որ սուլթանական Թուրքիայի մահը կանխազգալով՝ փորձարկվեց երիտթրքությունը:
Կարդացեք նաև
Ադրբեջանը փորձարկեց ՎՈՒԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա), որը թվում է՝ այլեւս չկա, բայց իրողություններն այլ բան են ասում: Վրաստանն առաջինը ճեղքել է ռուսական շղթան ու բախում է շփոթահար Եվրոպայի դուռը, մինչդեռ Սարփիից սկսած մինչեւ Թիֆլիսի մատույցներ թուրքանում է կայծակնորեն, իսկ սեւծովյան իր ափերում վերահսկիչ փաթեթի տերն Ադրբեջանն է: Ուկրաինան եւս, վայելելով քաղաքակիրթ աշխարհի համակրանքն ու աջակցությունը, կարողացել է ռուսական շղթան ճեղքել՝ խճճվելով սակայն Ղրիմի ու Դոնբասի հյուծող հանգույցներում: Ամենեւին պատահական չէ, որ ուկրաինացիները, թողած իրենց ծովափերը, զանգվածաբար թուրքական լողափերում են մսխում միջոցները. պարոն Զելենսկին էլ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո, նույնիսկ մինչեւ երդմնակալությունը, թռավ Թուրքիա, իսկ օրերս էլ Տավուշի ռազմական ընդհարման առաջին իսկ օրը կանգնեց Ադրբեջանի կողքին (պատերազմի ժամանակ Ադրբեջանն ամենից շատ զենքը հենց Ուկրաինայից գնեց, իսկ կապանցիներն էլ երեւի լավ են հիշում Կապանը ռմբակոծող ուկրաինացի օդաչուներին): Սա ամենեւին մեղադրանք չէ. կան օբյեկտիվ շահեր եւ բնական դաշնակիցներ: Մոլդովան այլեւս իր հույսը կապել է պետականությունը կորցնելու եւ իր գոնե մի մասով Ռումինիային միանալու հետ: Իսկ Ադրբեջանը դեռ սակարկում է: Նա ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ էլ ՀԱՊԿ անդամ չէ, իրեն էլ ամենաարդիական զենք մատակարարողների առաջին եռյակում մեր «ռազմավարական դաշնակիցն» է: Կրկնենք՝ միավորումները միավորումներ, բայց կան բնական, կենսական շահեր, որոնք պաշտպանելը ցանկացած երկրի պարտքն է, այդ թվում՝ մեր:
Եթե ապրիլյան քառօրյան կասեցվեց մեր բանակայինների ոգեղենությամբ եւ ամերիկյան մեկ հեռախոսազանգով, ապա այս մեկը հենց Հայաստանի սահմաններին է վերաբերում: Այսօր Ադրբեջանի ինչի՞ն էր պետք նման «արկածախնդրություն», եթե չունենար լավ մշակված գլոբալ ռազմավարություն: Ինչպես տեսնում ենք, Արեւմուտքի եւ Թուրքիայի շահերը լրջորեն բախվել են թե՛ Սիրիայում, թե՛ մանավանդ Լիբիայում: Դրան ավելացել է Կիպրոսի ափերին գազի եւ նավթի համար հորատման՝ արդեն սկսված թուրքական գործունեությունը, որը միաձայն դատապարտվեց Եվրամիության, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի կողմից. այսքանից հետո կարելի է մոռանալ նույնիսկ Եվրոպայի գլխին որպես մահակ պահվող գաղթականության հարցը: Մյուս կողմից՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերն են նույնքան լրջորեն բախվել նույն Սիրիայում եւ Լիբիայում: Թուրքիան դրան հավելում է նաեւ Ստամբուլում Սոֆիայի թանգարանը վերստին մզկիթի վերածելը, որը ռուսական Դումայում ընդունվեց խղճուկ աղերսանքով՝ ուղղված Էրդողանին, որ «վերադառնա Աթաթյուրքի գծին»: Մի կողմ թողնենք այն գիտակցումը, որ Սոֆիայի տաճարը մեզ համար պատմության ընթացքում բացասականից զատ ոչինչ չի տվել, եթե անգամ մեր Տրդատ ճարտարապետն է այն վերանորոգել երկրաշարժից հետո. մե՛նք չպետք է լինենք օրթոդոքսների հաշիվը հերթական անգամ փակողը: Կարելի է նույնիսկ մի կողմ թողնել այն, որ ռուսները խնկարկում են իրենց երբեմնի հոշոտակից Աթաթյուրքին, մինչդեռ Լենին-Աթաթյուրք միությունը մեզ արժեցել է պետականություն, Կարսի մարզ, Սուրմալուի գավառ եւ Նախիջեւան:
Էականն այստեղ Թուրքիայի բազմակողմ հարձակումներն են (կարծեմ՝ ոչ ոք չի կասկածի, որ Ադրբեջանի կողմից Տավուշում սկսած գործողությունները եթե ոչ հրահրված, ապա համաձայնեցված են հենց Թուրքիայի հետ): Մի՞թե 700-ամյա պետական-կայսերական ավանդույթներ ունեցող միավորն իրեն թույլ կտար պարզապես պատերազմ հայտարարել ամբողջ աշխարհին: Իհարկե՝ ո՛չ: Թուրքիան առեւտուր անել է ուզում, սակարկել է ուզում: Ռուսական կողմի հետ սակարկման մի հետեւանքը մեր պետականազրկումն ու հայրենազրկումն էր 1920-21թթ.: Եվրոպական կողմի հետ սակարկման հետեւանքն էին 1921թ. Կիլիկիայի կորուստն ու 1938-39թթ. Ալեքսանդրեթի սանջակի կորուստը: Թուրքիան այսօր էլ փորձում է սակարկել Ռուսաստանի հետ՝ շրջանցելով մեր պետությունը. դրա փորձը նրանք ունեն դեռեւս 1920թ. փետրվարից: Դրա համար լավագույն ծառայություն մատուցողը կրտսեր եղբայրն է՝ Ադրբեջանը, որը հարձակվելով ոչ թե Արցախի, այլ հենց Հայաստանի Հանրապետության վրա, փորձում է կրկին առեւտրի մեջ ներքաշել Ռուսաստանին: Իսկ մի՞թե մենք էլ ենք նույնը ուզում, որ հերթական անգամ առանց մեր մասնակցության սակարկեն մեր շահերը, մեր հայրենիքի տարածքը, երբ էմոցիոնալ բղավում ենք ՀԱՊԿ-ի անունը: Չէ՞ որ ՀԱՊԿ-ի, որ նույնն է՝ թե Ռուսաստանի, խառնվելը նշանակելու է Լենին-Աթաթյուրք ռուս-թուրքական պայմանագրի վերաթարմացում՝ Պուտին-Էրդողան անվամբ, որի տակ վերջում կստիպեն, որ մերոնցից էլ ստորագրող լինի: Չէ՞ որ դա հենց Թուրքիայի բաղձանքն է, գուցե նաեւ՝ Ռուսաստանի. այդ պատճառով էլ ՀԱՊԿ-ն առայժմ հապաղում է, որպես գին գցող կամ բարձրացնող առեւտրի կողմ:
Եվ եթե մինչեւ այսօր ՀՀ-ն Արցախի հարցում Մերձդնեստրի, Աբխազիայի, Օսեթիայի օրինակով չի արժանացել Մոլդովայի ու Վրաստանի ճակատագրին, ապա միայն եւ միայն այն բանի շնորհիվ, որ հայկական կողմին հաջողվել է գոնե ռազմական մասով բացառել երրորդ ուժը, խուսափել շփման գծում խաղաղապահի անվան տակ օտար զորքերի վայ-ներկայությունից: Եթե մենք ՀԱՊԿ-ի խառնվելը ենթագիտակցորեն ուզում ենք վախից, ապա իզուր է դա. Ադրբեջանն ի զորու չի լինելու ոչինչ խլել: Իսկ եթե ՀԱՊԿ-ի խառնվելն ուզում ենք, որպեսզի հերթական անգամ կրկնենք, թե ի՜նչ վատն են ռուսները, ապա դա պետական ազգին միանգամայն անվայել է:
Երբ Տավուշում, Արցախում, գուցեեւ սահմանի այլ հատվածներում եւս Ադրբեջանի միջոցով Ռուսաստանին խառնել չհաջողվի, Թուրքիան փորձելու է նույնն անել այս անգամ Նախիջեւանի կողմից, ուր կենտրոնացրել է իր զինուժը՝ ադրբեջանական դրոշի ներքո: Մարտահրավերը միանգամայն լուրջ է, որին դիմագրավելիս մեր բազկին դաշնակից հասցեատերը ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ ՆԱՏՕ-ն: Եվ քանի դեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում է, գրեթե ապահովված է թուրքական դրոշով թուրքական ներխուժման բացառումը (դա մենք տեսել ենք նույնիսկ Շուշիի ազատագրման պահին), բայց միանգամայն ռեալ է նույնն ադրբեջանական դրոշով անելը, ուստի Նախիջեւանում զսպման եւ հետաքննչական ՆԱՏՕ-ական միջամտությանն օր առաջ դիմելն ամենից արդյունավետը կարող է լինել:
Սա դեռ պատերազմը չէ. այն կսկսվի, երբ Նախիջեւանից արձակված առաջին արկերը կպայթեն:
Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ
«Առավոտ» օրաթերթ
17.07.2020