Լրահոս
Օրվա լրահոսը

«Լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը ես փոքր եմ համարում»

Հուլիս 18,2020 14:00

Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց մարտական գործողություններ, դիվերսիաներ սկսել հենց Հայաստանի Հանրապետության հետ սահմանին, այլ ոչ թե Արցախի, եւ  ինչո՞ւ հիմա, երբ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը նոր կորոնավիրուսի համաճարակի բազում խնդիրներով են զբաղված:

ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանն այս հարցերին ի պատասխան մի քանի վարկած ունի:

«Առավոտ»-ի հետ զրույցում պարոն Զոլյանը նախ նկատում է՝ Ադրբեջանի իշխանությունների  տրամաբանությունը միշտ չէ, որ  հեշտ է հասկանալ. «Բայց կարծում եմ՝ այս դեպքում խնդիրն այն է, որ Ադրբեջանի իշխանություններն ունեն լուրջ խնդիրներ՝ տնտեսական, առողջապահական, քաղաքական: Եվ գաղտնիք չէ, որ բռնապետությունների համար ներքին խնդիրները լուծելու գործիք է հաճախ ծառայում արտաքին թշնամու դեմ, այսպես ասած, հասարակության համախմբումն ու տվյալ դեպքում՝ հակահայկականությունը միշտ էլ ծառայել է որպես գործիք Ալիեւի վարչակարգի համար: Այս իրադարձությունները պետք է այս համատեքստում դիտարկել»:

Պատգամավորը հիշեցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին շրջանում  արած կոշտ  հայտարարությունները՝ կապված բանակցային գործընթացի հետ: Հիշեցնենք, Ալիեւը հայտարարել է. «Հակամարտության կարգավորման բանակցություններ փաստացի տեղի չեն ունենում, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջեւ տեսակոնֆերանսները նշանակություն չունեն։ Դա պարզապես նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործունեություն է ծավալում։ Լավ, բայց մինչեւ ե՞րբ։ Գործունեություն ծավալել չի նշանակում արդյունավետ լինել»: Ալիեւը նաեւ նշել է, որ  ինքը ցանկանում է շոշափելի բանակցություններ վարել, հակառակ դեպքում բանակցությունների անհրաժեշտություն չկա»:

Միքայել Զոլյանը նկատում է՝ այս նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նաեւ ադրեբեջանական կողմից սահմանային գործողությունները. «Սա մի խաղաքարտ է, որը Ալիեւի վարչակարգը տարիներով է օգտագործել, բայց  որքան հաճախ ու շատ ես օգտագործում, այնքան ավելի ռիսկային է դրա օգտագործումը, եւ հիմա մենք տեսնում եք, որ այս ամենը կարող է շուրջ գալ հենց Ալիեւի դեմ»:

Թե ինչպե՞ս կարող է Ալիեւի նախաձեռնածը շուրջ գալ իր դեմ, պատգամավորը պարզաբանում է՝  ակնհայտ է, որ ռազմական առումով, ադրբեջանական սադրանքը ձախողվել է, նրանք լուրջ կորուստներ են կրել,  ներքին անկայունություն գոյություն ունի այդ երկրում, նաեւ որոշակի կլանային հակասություններ կան հենց իշխանության ներսում. «ԱԳ նախարար Մամեդյարովի հրաժարականը դրա արտահայտությունն էր: Մինչդեռ  պարզ է, որ Մամեդյարովը  որպես դիվանագետ որեւէ կապ չուներ ռազմական գործողությունների հետ, եւ ընդհանրապես, սա դասական դեպք է, երբ քավության նոխազ են գտնում եւ նրան, այսպես ասած, մեղավոր են հռչակում պետության ղեկավարի տապալումների համար: Եվ իհարկե, դա չի նշանակում, որ Ալիեւի վարչակարգը հենց վաղը կտապալվի: Մենք չգիտենք ինչ կլինի, եւ իհարկե չի նշանակում, որ այս ամենը կարելի է անլուրջ ընկալել, որովհետեւ հենց պատմությունը ցույց է տալիս, որ  բռնապետական վարչակարգերը իրենց ճգնաժամի ժամանակ կարող են շատ վտանգավոր քայլեր ձեռնարկել, այնպես որ, մենք պետք է շատ զգոն լինենք եւ պատրաստ  լինենք ցանկացած  զարգացումներին»:

Ինչո՞ւ հենց ՀՀ-ի եւ հենց Տավուշի սահմանին սկսեցին ադրբեջանական ռազմական այս սադրիչ գործողությունները. պատգամավորի կարծիքով, դա կարող է կապված լինել նաեւ հանգամանքով, որ այդ շրջանում սահմանային տարանջատումը հստակ չէր. «Ամբողջ ժամանակ շարժ կար, մեկ մենք էինք առաջ գնում, մեկ նրանք էին առաջ գնում, դրա հետ է կապված, որ այդ շրջանում տեղի ունեցան գործողությունները: Գումարած նաեւ այն հանգամանքը, որ գուցե  Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է, հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծագումը՝ Հյուսիսային Հայաստանը, (Փաշինյանը ծագումով բուն Բերդի տարածաշրջանից չէ,  բայց Տավուշի մարզից է. Ն.Բ.) կարող է նրանց համար  դա էլ ինչ-որ նշանակություն ուներ եւ փորձում էին ինչ-որ մեսիջ ուղարկեին  անձամբ Նիկոլ Փաշինյանին եւ հայ հասարակությանը: Ամեն դեպքում, մենք պետք է զգոն լինենք  եւ պատարստ լինենք, որ ամբողջ սահմանի երկայնքով  կարող են նման բաներ տեղի ուենալ: Բայց նաեւ կարծում եմ, այն դասը, որ ադրբեջանական զինված ուժերը ստացան, հաշվի կառնեն, եւ այլ վայրերում զերծ կմնան հարձակումներից, եթե քաղաքական որոշում չլինի: Ցավոք սրտի, մենք տեսանք, որ Ադրբեջանի ղեկավարության համար  իրենց զինվորների կյանքերը մեծ նշանակություն չունեն, եւ նրանք պատրաստ են քաղաքական նպատակներով մարդկանց ուղարկել մահվան, նույնիսկ եթե ռազմական տեսանկյունից լրիվ անիմաստ են այդ գործողությունները»:

Ի՞նչ զարգացումներ սպասել, հետո ի՞նչ է լինելու, երբ ադրբեջանական կողմն անընդհատ հրետակոծում է, հարձակվում ու մեծ կորուստներով հետ մղվում: Այս հարցին ի պատասխան պատգամավորն ասում է՝ Ալիեւի վարչակարգը խնդիր ունի, որ պետք է այս իրավիճակից դուրս գա  դեմքը փրկելով, չի  կարող ընդունել, որ պարտություն է կրել, եւ դրանով նա փորձում է նորից ու նորից նոր հարձակումներ ձեռնարկել, քանի որ այդ տարածքում ռազմական իրավիճակն իրենց օգտին չէ, նոր կորուստներ են կրում, ինչ էլ անում են, որ իրավիճակը փրկեն, իրենց դեմ է աշխատում. «Ես կարծում եմ՝ այս իրավիճակում նրանք ավելի շատ շեշտը կդնեն քարոզչության վրա: Հիմա էլ տեսնում ենք, որ Ադրբեջանում քարոզչություն են տանում, որ իբրեւ թե  Հայաստանում հարյուրավոր զոհեր կան եւ այլն, փորձելու են քարոզչությամբ իրենց պարտությունը քողարկել եւ հայտարարել իբր թե փայլուն հաղթանակ են տարել եւ դրանով հարցը փակեն: Գումարած սրան միջազգային կառույցների միջամտությունը, որը կարող է հնարավորություն տա նրանց այս իրավիճակից  դուրս գալ, որպեսզի Ալիեւի վարչակարգը դեմքը փրկի եւ ասի դե, միջազգային հանրությունը խնդրեց, եւ մենք դրա համար համաձայնվեցինք դադարեցնել ռազմական գործողությունները: Եթե նրանք տրամաբանորեն շարժվեն, ռացիոնալ  գործեն, մոտավոր այսպիսի գործողությունների կարելի է սպասել, բայց մենք, իհարկե, տեսնում ենք, որ նրանց մոտ շատ խառը, անհասկանալի վիճակ է տիրում: Ամեն դեպքում, այս պահին լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը ես փոքր եմ համարում, բայց այսպիսի սադրանքները կարող են կրկնվել»:

Հիշեցնենք, հուլիսի 12-ին Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին, ըստ պաշտոնական հայտարարությունների, ադրբեջանական կողմը խախտելով հրադադարը, վերսկսել է ռազմական սադրիչ գործողությունները, հայկական կողմն ու չորս զոհ, իսկ ադրբեջանական կողմի զոհերը մեկ տասնյակից ավելի են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031